Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՄՈՌՈՅ ԵՎ ԼՈՒԾ

Սեպտեմբեր 11,2008 00:00

Նաեւ այսպես են պատճառաբանել ԱԺ պատգամավորները նիստերին մասնակցելու օրենքով պահանջվող իրենց պարտականությունը չկատարելը:

Հայաստանի խորհրդարանի պատմության մեջ միակ պատգամավորը, որը զրկվել է մանդատից բացակայությունների պատճառով՝ եղել է Վանո Սիրադեղյանը: Իսկ ընդհանուր առմամբ, ԱԺ կանոնակարգի այն դրույթը, ըստ որի՝ պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում՝ մնացել է միայն թղթի վրա եւ ենթադրում է զուտ ձեւական գործընթաց: Ասենք, ԱԺ պատգամավոր ընտրվելուց ի վեր՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խիստ հազվադեպ է լինում խորհրդարանում: Սակայն նստաշրջանի ավարտից հետո նա մի գրություն է հղում ԱԺ նախագահին, որով խնդրում է հարգելի համարել քվեարկություններից իր բացակայությունը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդպես էլ վարվում էր: Սակայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի որեւէ մակագրություն չկա պրն Ծառուկյանի այն դիմումի վրա, որով նա տեղեկացրել է, թե ինչու է բացակայել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 268-ից: Պատճառաբանությունն արտերկրում նրա գործուղումներն են, սակայն ԲՀԿ ղեկավարը չի ներկայացրել դրանց որեւէ փաստաթղթային հիմնավորում: Թեեւ գործուղումների մեկնած այլ պատգամավորների դեպքում կան քաղվածքներ ԱԺ նախագահի հրամաններից, դիմումներ, որոնցով տեղեկացնում են գործուղման մասին եւ այլն: Շատ են, օրինակ, նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունները, որն անցած նստաշրջանում չի քվեարկել 227 անգամ, բայց դրանցից 103-ը համարվել է հարգելի, քանի որ կան փաստաթղթեր, թե նա գործողումների մեջ է եղել որպես Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի պատվիրակության անդամ, նաեւ դիտորդ՝ ՌԴ նախագահական ընտրություններում:

Բացի այդ՝ Գագիկ Ծառուկյանն իր այս գրությունն ԱԺ նախագահին ուղարկել է միայն 2008-ի հունիսի 20-ին: Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 99 հոդվածի համաձայն՝ պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե «քվեարկությունից հետո՝ չորսօրյա ժամկետում, իր բացակայության պատճառի մասին նա պաշտոնապես տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, եւ այն վերջինիս կողմից համարվում է հարգելի»: Ըստ այդմ՝ խախտվել են նաեւ ժամկետները:

Եվ այնուամենայնիվ՝ սեպտեմբերի 5-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հարգելի համարեց այս բացակայությունը: Ավելի՛ն՝ հարգելի համարվեցին անգամ այն պատգամավորների բացակայությունները, որոնք որեւէ կերպ չեն հիմնավորել իրենց պարտականությունները չկատարելը: Այդպես է վարվել անցած նստաշրջանի 292 քվեարկություններից 214-ից բացակայած ԲՀԿ խմբակցության անդամ Մուրադ Գուլոյանը, նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Սարգսյանը, որը բացակայել է 178 անգամ եւ Արմեն Մխիթարյանը, որը բացակայել է 155 անգամ:

Առանձին անդրադարձի նյութ են բացակայությունների վերաբերյալ ներկայացված բժշկական տեղեկանքները: Մեկը պոլիկլինիկայից գրություն է ներկայացրել, ըստ որի՝ ԱԺ դահլիճում պատգամավորի չնստելու պատճառը նրա հեմոռոյն է: Մեկ ուրիշը բժշկական կենտրոնից տեղեկանք է բերել, ըստ որի՝ մարտի 1-ից սկսյալ մինչեւ այդ ամսվա վերջը պատգամավորի մոտ ախտորոշված է եղել «աղիների դիսբակտերիոզ», այսինքն՝ փորլուծություն:

ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աշոտ Ափոյանի (170 բացակայություն) ու Միքայել Վարդանյանի (163 բացակայություն), նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանի (169 բացակայություն) անաշխատունակության թերթիկների համաձայն՝ նրանց չքվեարկելու պատճառը սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդությունն է, այլ կերպ ասած՝ գրիպը: 158 անգամ բացակայած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ նա չի քվեարկել, քանի որ 5 օր բուժել է ատամները:

Այս պատկերն այնուամենայնիվ ամբողջական չէ, քանի որ շատ են պատգամավորները, որոնց քվեարկության կոճակներն իրենց փոխարեն պարբերաբար սեղմում են, եւ նրանք չեն հայտնվում բացակայողների ցուցակում: Ասենք, եթե լիովին հավատարժան լիներ քվեարկություններին պատգամավորների մասնակցության վերաբերյալ տեղեկանքը՝ պիտի ճշմարիտ համարեինք, թե ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանն անցած նստաշրջանում չի քվեարկել ընդամենը մեկ անգամ, Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ միայն 2 անգամ, իսկ Գագիկ Աբրահամյանը, որն իրականում հազվադեպ է լինում դահլիճում՝ բացակայել է հազիվ 5 անգամ:

Իրականում ամենապարտաճանաչ պատգամավոր կարող է համարվել ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, որը չի քվեարկել միայն մեկ անգամ (իր պնդմամբ՝ ուղղակի չէր հասցրել): Իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը բացակայել է 9 անգամ եւ 9-ն էլ հարգելի են՝ մեկնել էր գործուղումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել