Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿԱՄՈՒՐՋ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ»

Սեպտեմբեր 10,2008 00:00

\"\"«Թըրքիշ դեյլի նյուզի» պոլսահայ լրագրողուհի Վերջիհան Զիֆլիօղլուն այս կարծիքին է պոլսահայության մասին

Թուրքիայից Հայաստան ժամանած մի խումբ լրագրողներ, որոնք մեր երկրում էին գտնվում Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը լուսաբանելու համար, այսօր կվերադառնան Թուրքիա: Նրանց թվում է նաեւ «Թըրքիշ դեյլի նյուզ» թուրքական լրատվամիջոցի հայազգի աշխատակցուհի Վերջիհան Զիֆլիօղլուն: Նա հյուրընկալվել էր «Առավոտի» խմբագրությունում: Վերջիհանը իր մասին պատմեց. «1975-ին ծնվել եմ Ստամբուլում: Հայերեն գրքեր եմ հրատարակել: 1995-ից մինչեւ 1998-ը թղթակցել եմ հայկական «Մարմարա», «Ժամանակ», «Ակոս» թերթերին: Կապերս չկտրելով հայկական մամուլից՝ ընդգրկվել եմ Թուրքիայի հայկական պատմական գրական թերթի՝ «Նոր սանի» խմբագրական կազմում: 1998-ին աշխատանքի անցա «Հյուրիեթ» թուրքական թերթի մշակութային էջերում: Այստեղ աշխատել եմ 10 տարի եւ արդեն 2 տարի է, ինչ նույն հաստատությանը պատկանող «Թըրքիշ դեյլի նյուզի» աշխատակիցն եմ: Այստեղ հիմնականում զբաղվում եմ հայերին վերաբերող նյութերով: Դրա համար այս տարի Շվեդիայի ակադեմիայի կողմից ստացել եմ լրագրողական մրցանակ, որն ինձ հանձնվեց Աթենքում»:

Խոսելով «Ակոս» թերթի մասին՝ Վերջիհանը նշեց. «Մինչ «Ակոսի» հրատարակվելը՝ տեղեկատվության մեծ պակաս կար պոլսահայության մեջ. նրանց մեծամասնությունը հայերեն չգիտեր: Ուստի պետք էր թուրքերեն թերթ հրատարակել: Չնայած թուրքերի հետ միասին էինք ապրում, սակայն նրանք մեզնից լուր չունեին, ինչպես նաեւ Հայաստանում ապրող հայերից, քանի որ մեր միջեւ վարագույր էր քաշված: Այդ ժամանակ հայոց պատրիարքը հանձնարարեց «Ակոսը» ստեղծել, որը ստանձնեց Հրանտ Դինքը»: «Առավոտը» թուրքահայ գործընկերոջից հետաքրքրվեց, թե հե՞շտ է թուրքերի հետ նույն խմբագրությունում աշխատելը: «Երբ 1998-ին առաջին անգամ «Հյուրիեթ» մտա, այնտեղ մի քանի հայ աղջիկներ էին աշխատում, որոնք թաքցնում էին իրենց ինքնությունը: Սակայն ես չնախընտրեցի այդպիսի պահվածք դրսեւորել, եւ առաջին իսկ օրվանից սկսեցի խմբագրությունում հայկական երգեր լսել, հայկական գրքեր կարդալ, թուրքերին փորձեցի ծանոթացնել մեր մշակույթին: Սկզբում դա նրանց համար անսովոր էր, բայց հետզհետե մի կարեւոր դեմք դարձա, եւ այժմ այնպիսի սերտ հարաբերությունների մեջ եմ թուրք գործընկերներիս հետ, որ անընդհատ ասում են, թե երբ եմ Երեւանից վերադառնալու Թուրքիա»,- պատասխանեց զրուցակիցս:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում թուրքական լրագրողական դաշտում: «10 տարի առաջ դժվարություններ կային, բայց այսօր կարող եմ գրել՝ ինչ ուզում եմ եւ տպագրել ցանկացած թուրքական թերթում: Սակայն լրագրության մեջ կա գրելու ձեւ, ինչը նշանակում է, որ լրագրողը պիտի տարբերակի ինչը գրել, ինչը՝ ոչ»,- հնչեց պատասխանը: Վերջիհանից նաեւ հարցրինք, թե հայերի եւ թուրքերի միջեւ վեճեր ծագո՞ւմ են. «Փոքր ժամանակ այդպիսի հարցերի մասին շատ էի խորհում: Պոլսահայության վրա վատ էր անդրադառնում հայ լինելը: Օրինակ՝ «հայի որդի» ասելը հայհոյանքի պես մի բան էր: «Ակոսը» փորձեց մի փոքր բացահայտել հայ ազգին՝ պոլսահայությանը, թերթը բարձրաձայնեց պոլսահայության խնդիրների մասին: Իհարկե, հայերի եւ թուրքերի միջեւ երբեմն դժվարություններ լինում են, բայց երկու կողմն էլ փորձում է իրար հասկանալ»: Այս առիթով Վ. Զիֆլիօղլուն վրդովված նկատեց. «Ոչ թե թուրքերն են մեզ վնաս հասցնում, այլ մենք՝ հայերս, իրար ատելով: Օրինակ՝ երեկ մի պաշտոնատար անձի հարցրի, թե պոլսահայությունը ի՞նչ արժեք ունի իր համար, պատասխանեց, թե պոլսահայությունը իրեն կորցրել է, հայ կոչվելու իրավունք չունի… Ես հայերեն գրքեր եմ գրել, կյանքս հայերենով եմ անցկացրել, բայց Հայաստանում ինձ ասում են, թե ո՞վ ես եւ ինչո՞ւ ես հայերեն խոսում: Ախր պոլսահայությունը Թուրքիայում հայոց կալվածքներին է տեր կանգնում, ինչպե՞ս են ասում, որ հայ չենք: Այո, ես թուրքահայ եմ, թուրքական ուսում եմ ստացել, բայց ոչ ոք ինձ չի ստիպել ինքնությունս մոռանալ»: Վերջիհանը հիշեց նաեւ, թե ինչպես 15 տարի առաջ իր հորեղբորը թույլ չեն տվել հայկական սահմանն անցնել՝ պատճառաբանելով, որ թուրք է: «Միշտ ուզում էի Հայաստան գալ, բայց մեծ վախ էր ինձ համար երազիս՝ Հայաստանի հետ դեմ դիմաց հայտնվելը: Սակայն փետրվարին հանձնարարություն ստացա գալ Հայաստան եւ լուրեր պատրաստել ընտրությունների մասին: Առանց հոգեբանորեն պատրաստվելու՝ եկա: Միշտ մտածել եմ, որ օդանավից պիտի աչքերս փակ իջնեմ, քանի որ դրանք արցունքներով կլցվեն: Սակայն այդպիսի բան չեղավ, Հայաստան հասնելով՝ կեսգիշերին սառած հյուրանոց հասա: Բայց երբ հաջորդ առավոտյան փողոց դուրս եկա, կյանքումս առաջին անգամ ասացի, որ միակ տեղն է աշխարհի վրա, որտեղ կարող եմ գոյատեւել եւ հանգիստ շունչ առնել: Իհարկե, երբեմն բարկանում եմ՝ ասելով, թե Հայաստան չպիտի գամ, բայց…»,- հուզվեց Վերջիհանը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրներ ունեն պոլսահայերը: «Պոլսահայերի թիվը 30 հազար է: Լեզվական մեծ դժվարություններ կան, քանի որ դպրոցներում դասավանդողները հայերեն չգիտեն, իսկ համալսարաններում հայերեն չի դասավանդվում: Ուսուցիչները ընտանիքներում սովորած հայերենով են ուսուցանում, դասագրքերն էլ հին են: Եթե անգամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կապեր ստեղծվեն, արեւելահայերենի եւ արեւմտահայերենի առումով լուրջ դժվարություններ կառաջանան: Լեզվի խնդիր կա նաեւ այն պատճառով, որ հայկական եկեղեցիներում նույնիսկ քարոզչությունը թուրքերեն է կատարվում»,- պատասխանեց Վ. Զիֆլիօղլուն: Հետաքրքրվեցինք՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ստեղծումը ի՞նչ կտա պոլսահայերին: Վերջիհանը պատասխանեց. «Պոլսահայության համար դա շատ կարեւոր է, քանի որ նրանք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել