Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կեցցե Սերժ Սարգսյանը»

Սեպտեմբեր 10,2008 00:00

Այսպես կարելի է բնութագրել «Ազգային միաբանություն» կուսակցության ակտիվի երեկ կայացած հավաքի բովանդակությունը:

Դրական գնահատելով նախագահության չորս ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի կատարած բոլոր քայլերը՝ երեկ կուսակցության ակտիվի հավաքում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը թնդանոթն ուղղեց ՀՀ կառավարության, մասնավորապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության դեմ: «Ողջունելի է, որ վարչապետը հարցադրումներ անելիս, խնդիրներ դնելիս նախարարների առաջ՝ ուղղակիորեն կրկնում է Էլվին Տոֆֆլերի՝ ժամանակակից աշխարհին, աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումներին տված մեկնաբանությունները: Իհարկե, կառավարության անդամների ուղեղները չծանրաբեռնելու համար, պարոն վարչապետն այս դեպքում հղումներ չի անում հեղինակի վրա: Ընդհանուր առմամբ ոգեւորիչ էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից 2008 թ. ապրիլի 29-ին Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի դրույթները, կառավարության կողմից հռչակած իր գործունեության համազգային հինգ նախագծերը եւ 5 գերակայությունները»,- ասում է Գեղամյանը եւ, ի տարբերություն լեւոնականների, ովքեր, իր բնութագրմամբ՝ կառավարության կողմից հռչակած բարեշրջումները համեմատում են Օստապ Իբրահիմովիչի երազած Նյու Վասյուկիի հետ, երկար է մտածել՝ թերությունների մասին խոսե՞լ, թե՝ ոչ, քանի որ «մտավախություն կար, որ եթե բոլոր թերությունները ցցուն կերպով մենք վեր հանենք, ապա, անտարակույս, դա կարող է լեւոնականների կողմից օգտագործվել որպես քարոզչական զենք՝ ուղղված ոչ թե կառավարության աշխատանքների համակողմանի գնահատմանը, այլ մեր ժողովրդի մեջ հուսահատություն, հոռետեսություն սերմանելու նպատակով»: Այդուհանդերձ, իր 17 էջանոց տնտեսական վերլուծությունով պարոն Գեղամյանն ուղղակի լափ թափեց կառավարության գլխին՝ մեջբերելով մի առակ: Անտառում գայլերն անխնա հոշոտում էին նապաստակներին: Նրանք էլ պատվիրակություն են ուղարկում անտառում ապրող ամենաիմաստուն բվեճի մոտ: Բվեճը լսում է նապաստակներին եւ խորհուրդ է տալիս, որ կերպարանափոխվեն ու դառնան ոզնիներ: Կապիկները միաձայն տալիս են իրենց համաձայնությունը, միաժամանակ տարակուսելով, թե ինչպե՞ս պետք է դառնան ոզնի: Նապաստակների պատվիրակները կրկին վերադառնում են բվեճի մոտ: Վերջինս լսում է հարցը եւ պատասխանում, որ ինքը ստրատեգ է, ռազմագետ եւ տեխնոլոգիաներով չի զբաղվում: Արդյունքում, Գեղամյանը կարծում է, որ Տիգրան Սարգսյանը վտանգում է Սերժ Սարգսյանի «իրատեսական նախընտրական ծրագիրը»:

Գեղամյանն այս անգամ էլ զերծ չմնաց առաջին նախագահին եւ նրա թիմակիցներին ուղղված «հաճոյախոսություններից»՝ գերազանցելով ինքն իրեն, քանի որ հենց նրանց մեղադրեց տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվող հեռուստասերիալների համար, որոնք բթացնում են հայ հասարակությանը: Վերջում կուսակցության ղեկավար մարմնի անդամներն իրենց ելույթներում հերթով ընդգծեցին, որ իրենք եղել եւ մնում են Սերժ Սարգսյանի կողքին, մինչդեռ կոալիցիոն ուժերը կամ ցույցեր են անում, կամ «բերանները ջուր առած նստել են», այն դեպքում, երբ «լեւոնականները շարունակում են քայքայել մեր պետականության հիմքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել