Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՇԱ՜Տ ՀՈՒՄԱՆԻՍՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ TV-ՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 10,2008 00:00

\"\"Կառավարությունն անչափ մտահոգված է արտոնագրի վճարի համար հեռուստաընկերությունների ծախսելիք 300-400 հազար դրամով:

Երեկ սխալվել էինք՝ ենթադրելով, թե քանի որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը, որը գլխադասային է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ՝ եզրակացություն չի ներկայացրել այդ նախագիծն օրակարգում ընդգրկելու վերաբերյալ՝ այն չի քննարկվի այս քառօրյայում: Մինչդեռ երբ կառավարությունն օրենքի նախագիծը համարում է անհետաձգելի (ինչպես այս դեպքում է)՝ անկախ հանձնաժողովի եզրակացությունից, ԱԺ-ն պարտավոր է այն քննարկել: Ուստի, կառավարությունը կարող էր շատ էլ չմտահոգվել պատգամավորներին պատշաճ ձեւով եւ ժամանակին այս օրինագիծը ներկայացնելու վերաբերյալ:

Կառավարության այդ վերաբերմունքն ակնհայտ էր նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի առաջին ընթերցմամբ երեկվա քննարկման ժամանակ, երբ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը՝ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը որպես մինչեւ 2010-ի հուլիսը հեռարձակման արտոնագրման մրցույթներ չհայտարարելու հիմնավորում ներկայացրեց նաեւ հետեւյալը. «Աշխարհի տրամաբանությունն է, որ 7 տարուց պակաս՝ լիցենզիան անտրամաբանական է տալ, քանի որ նման ծառայության եւ բիզնեսի, այդ թվում՝ նաեւ մրցույթին պատրաստվելու ծախսերն այնքա՜ն մեծ են, որ պետք է երկար ժամկետով տրվի, որպեսզի արդարացվի իրենց կատարած ծախսերը»: Հուզիչ հոգատարություն է, եթե հաշվի առնենք, որ մրցույթի արտոնագրի վճարը կազմում է ընդամենը 300-400 հազար դրամ. մոտավորապես այսքան արժեր նախընտրական քարոզարշավի ընթացքում որոշ հեռուստաընկերություններում մի հաղորդման հյուրընկալվելը: Եվ ինչքան էլ պատգամավորները (ընդ որում՝ իշխող կոալիցիան ներկայացնող) նախարարին հորդորեցին թույլ տալ, որ հեռուստաընկերություններն իրենք որոշեն՝ նպատակահարմա՞ր է այդքան գումար ծախսել թեկուզ 2 տարով հեռարձակման արտոնագիր ձեռք բերելու համար, կառավարության ներկայացուցիչը մնաց անհողդողդ: Ասենք. ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն ուղղակի հեգնեց՝ հարց ուղղելով. «Հասկանում եմ կառավարության հումանիզմը, բայց գուցե թույլ տաք, որ հեռուստաընկերություններն իրե՞նք որոշեն»:

Ներսես Երիցյանն ասում էր. «Պետությունը պատասխանատու է, որ երկրի տեխնոլոգիական փոփոխությունն ապահովվի, որ միջազգային որոշակի հնարավորություններից չզրկվենք»: Նրա հիմնավորումներից մեկն այն էր, թե Հայաստանը միացել է 2006-ի հունիսին Ժնեւում ստորագրված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրին, որի համաձայն՝ հեռարձակման թվայնացման վերջնաժամկետը 2015-ն է. «Հակառակ դեպքում՝ պիտի գնանք էդ միջազգային համաձայնագրից դուրս գանք»: Զարմանալի կառավարություն ունենք. նրանք այսպես դողում են մի համաձայնագրի վրա, բայց անտեսում են, որ Եվրոպայի Խորհուրդը, որի առաջ եւս Հայաստանը ունի պարտավորություններ՝ արդեն քանի՜ բանաձեւով պահանջել է եթեր վերադարձնել «Ա1+»-ին, եւ ԵԽԽՎ 1620 բանաձեւի (որի չկատարման դեպքում մեր երկրին հաստատ սպառնում է «միջազգային որոշակի հնարավորություններից» զրկվելը) 6-րդ կետում եւս ասված է. «Վեհաժողովը վերահաստատում է, որ Հայաստանում կա բազմակարծ էլեկտրոնային լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի անհրաժեշտություն եւ, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Ա1+» հեռուստատեսությանը հեռարձակման արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ դատավճռին, կոչ է անում արտոնագրեր շնորհող մարմնին՝ այժմ ապահովել արտոնագրման բաց, արդար եւ թափանցիկ ընթացակարգ»: Մինչդեռ կառավարությունն այս նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ խոստացել է. «Առաջարկվող տարբերակով՝ 2010-ին բոլոր ցանկացողները կարող են հավասար պայմաններում մրցել բոլոր հասանելի հաճախականությունների համար: Ընդ որում՝ եթե հետեւենք միջազգային փորձին, ներկայիս մրցութային համակարգը կարող է փոխարինվել նոր՝ ավելի թափանցիկ եւ սուբյեկտիվիզմից զերծ համակարգով»: Ի դեպ, պարզվեց, որ կառավարության ներկայացուցչի պատկերացմամբ՝ «աշխարհում ամենաթափանցիկ համակարգն աճուրդներն են»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նախարարին խնդրեց որոշակիացնել այդ բազմիցս նշված «միջազգային փորձ» արտահայտությունը. «Կոնկրետ ո՞ր երկրներն են անալոգայինից թվային հեռարձակման անցման դեպքում երկարացրել գործող հեռուստաընկերությունների արտոնագրերի ժամկետները եւ չեն հայտարարել մրցույթ»: Նման երկրների անուններ պրն Երիցյանը չնշեց՝ նկատելով, թե որեւէ նախաձեռնության մեջ «միջազգային փորձը մեկին մեկ չեն ներդնում»:

Իսկ ընդհանրապես, ողջ քննարկման ընթացքում կառավարության ներկայացուցիչը փորձում էր բացատրել, թե ի՜նչ լավ բան է թվայնացումը. «Որեւէ տարբերություն հեռուստացույցի եւ կոմպյուտերի միջեւ չի լինելու»: Բայց հենց Ներսես Երիցյանն էլ խոստովանեց, թե այս ամենի իրագործման համար մի խնդիր կա. «Հնարավոր չէ այսօր, ոչ ոք չի կարողանում գնահատել՝ դրա գինն ինչքան է: Եվ մի տարուց ավելի բանավեճ է ընթանում»: Կատարվելիք ծախսերն ուրեմն պարզ չեն: Ինչպես պարզվեց նախարարի մեկ այլ պատասխանից՝ դեռ հստակ չեն ապագա օրենսդրական փոփոխությունները: Չեն եղել հանրային քննարկումներ: Բայց մրցույթներն արգելում են եւ կառավարության ներկայացուցիչն էլ վստահեցնում է, թե դա ոչ մի կապ չունի «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» եթեր վերադարձնելու հնարավորություն չընձեռելու հետ: Որքանո՞վ է այս ամենը համոզիչ պատգամավորների համար՝ պարզ կդառնա այսօր քվեարկության ժամանակ: Սակայն առանձնակի հույսեր չունենք՝ հաշվի առնելով, որ պատգամավորների մեծամասնությունը քվեարկում է ընդամենը հրահանգով: Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ դեռ առաջարկեց, որ օրենքն ուժի մեջ մտնի ոչ թե պաշտոնական հրապարակումից հետո 10-րդ օրն, այլ հաջորդ օրն իսկ, այլապես ժամկետների մեջ չեն տեղավորվի: Ըստ այդմ, չեն հասցնի 2 տարով հետաձգել առաջին մրցույթը, որը պետք է հայտարարվեր արդեն հոկտեմբերի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930