Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿԳԲ-ԱԿԱՆ» ԵՎ «ՍՏԱԼԻՆԱԿԱՆ» ՄԵԹՈԴ

Սեպտեմբեր 10,2008 00:00

\"\"Իր հեռախոսը գաղտնալսելն ու ամուսնու հետ իրենց հեռախոսային խոսակցությունը մերձիշխանական թերթերում հրապարակելն այսպես որակեց Մելիսա Բրաունը:

Անցյալ եւ այս շաբաթ հայաստանյան մերձիշխանական միանգամից երկու թերթեր որոշեցին հրապարակել «Մարտի 1»-ի գործով կալանավորված ՀՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի՝ ԱԱԾ կողմից գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների առանձին պատառիկներ: Այդ հրապարակումները, որոնք, ենթադրաբար, պետք է որ ստացված լինեն ՀՀ գլխավոր դատախազության «պասով», թվում է, թե նպատակ ունեին լույս սփռել «Մարտի 1»-ի իրադարձությունների վրա եւ ապացուցելի համարել այն, որ այդ օրը կեսօրից հետո մինչեւ ուշ գիշեր ծավալված իրադարձությունները կազմակերպվել եւ վերահսկվել են «մեկ կենտրոնից»՝ Համաժողովրդական շարժման կողմից: Բայց քանի որ հե՛նց հրապարակված «գաղտնալսումից» ստացված տպավորությունն այնքան էլ բարենպաստ չէ «Մարտի 1»-ը ընդդիմության վրա ջարդելու տեսանկյունից (բանն այն է, որ Շարժման ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հրապարակված զրույցից պարզ է դառնում, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ ինքնաբուխ կերպով հավաքված ժողովրդին, ինչպես Ալ. Արզումանյանն է ասում՝ «չենք կարա պահենք», ասել է թե՝ նրանք անվերահսկելի են-Ն.Մ.), հիշյալ թերթերը որոշել են դրանից զատ նաեւ ընդդիմադիր գործիչներին, իբր, «մխտռելու» եւ «նրանց բարոյական նկարագիրն ու էությունը» «բացահայտելու» համար հրապարակել մասնավորապես Ալ. Արզումանյանի եւ նրա տիկնոջ՝ Մելիսա Բրաունի միջեւ զուտ անձնական եւ ներընտանեկան խոսակցությունը: Կասկածից վեր է, կարծում ենք, որ այլախոհներին գաղտնալսելը, պարզվում է, ԱԱԾ-ի համար ոչ այնքան «պետության կայունության» խնդիր է, այլ նրանց դեմ, այդ թվում՝ անձնական կյանքին վերաբերող, կոմպրոմատներ հավաքելն ու դրանք «ուտեչկա» տալը: Նպատակը, իհարկե, անբարո է, գործելակերպը՝ զուտ «ԿԳԲ-ական» եւ «ստալինական», ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց ինքը՝ տիկին Բրաունը:

Մեր հարցին, թե արդյո՞ք ինքը մտադիր է դատի տալ սույն հրապարակումներն արած թերթերին, Մելիսա Բրաունն ասաց՝ «բացարձակապես»: Նրա ասելով, այն, որ դատավորը կարող է թույլտվություն տալ ոչ թե իր ամուսնու, այլ հենց իր, իր անունով գրանցված հեռախոսը գաղտնալսել, հետո իր անձնական կյանքի մասին գրել, «ցույց է տալիս, թե իշխանություններն ինչ մեթոդներով են աշխատում: Ի՞նչ արդարադատության մասին է խոսքը: Սա ուղղակի շոու է»: Այդ շոուն Մ. Բրաունը պայմանավորեց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Համերբերգի՝ սեպտեմբերի 11-ին ԵԽ-ում Հայաստանի վերաբերյալ զեկույցի ներկայացման հետ: Փոխանակ կատարելու ԵԽ ԽՎ ՝ «Մարտի 1»-ի իրադարձությունների փաստահավաք եւ իսկապես անկախ հետաքննություն անցկացնելու պահանջը, կալանավորվածի անձնական խոսակցություններն են հրապարակում, «7»-ին ուզում են միանգամից դատել: «Ոչ մի ապացույց նրանց մեղադրանքը հաստատելու համար՝ չկա: Նրանց ունեցած «ապացույցները» զրո են,- ասաց տիկին Բրաունը՝ հավելելով,- այդ «գաղտնալսումները» հրապարակելով՝ ոմանք հույս ունեն, որ մենք կսկսենք իրար չվստահել, կասկածել՝ ես ու Ալիկը, Ալիկն ու Նիկոլը, Ալիկն ու Փափազյանը: Նրանք չեն հասկանում, որ մենք բոլորս ամուր ենք, մենք բոլորս իրար շատ հավատում եւ վստահում ենք, ուզում են դա կոտրել: Չի՛ ստացվի»:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ դատավոր Ժորա Վարդանյանի՝ Ալ. Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու թույլտվություն տալու մասին կայացրած արդեն հայտնի որոշման մեջ մատնանշված է ոչ թե Ալ. Արզումանյանի, այլ՝ ԱՄՆ քաղաքացի Մելիսա Բրաունի հեռախոսը, ինչն ակնհայտ ապօրինություն է, ապա տիկին Բրաունն ասաց, որ, իհարկե, այդ փաստը դատարանում վիճարկել «պետք է, բայց ո՛չ այս պահին: Չեմ ուզում դա եւ առաջիկայում սկսվող դատական պրոցեսն իրար հետ խառնել»:

Ինչ վերաբերում է սույն թերթերից մեկի՝ Ալ. Արզումանյանի եւ նրա տիկնոջ անձնական խոսակցությունը հրապարակելու արդարացմանը, թե՝ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի իմաստով քաղաքակիրթ աշխարհում ընդունված վերապահում կա. հասարակական, քաղաքական գործիչները «պետք է հասարակությանը տեսանելի լինեն նաեւ իրենց անձնական կյանքի որոշ կողմերով, բարոյական նկարագրով, որպեսզի նույն հասարակությունը կողմնորոշվելու հնարավորություն ունենա», ապա սրան Մ. Բրաունն այսպես հակադարձեց. «Գիտեք, ես չեմ ուզում խորանալ հրապարակված այդ զրույցի մեջ, չնայած՝ ես դա շատ լավ եմ հիշում: Ո՛չ մեր այդ զրույցի մեջ, ո՛չ մեր անձնական կյանքում անբարոյական ոչ մի բան չեմ գտնում: Եթե ուզում են անբարոյական բաներ գտնել, թո՛ղ խոսեն իրենց մասին եւ մտածե՛ն իրենց մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել