Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԵՐՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Սեպտեմբեր 06,2008 00:00

Երեկ ԿԳՆ-ում կայացավ «Լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ եւ լավագույն տնօրեն» հանրապետական մրցույթը:

Այս առիթով ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց. «Արդեն ավանդույթ է դարձել «Լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ եւ լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի անցկացումը: Այն ունի երկու փուլ, որից առաջինը անցկացվում է մարզերում եւ այդ փուլով էլ ներկայացված ուսուցիչները՝ յուրաքանչյուր մարզից մեկական, մասնակցում են հանրապետական փուլին: Այստեղ ներկա ուսուցիչներից, դաստիարակներից ու տնօրեններից յուրաքանչյուրն իրենց մարզի հաղթողն է»: Ն. Հովհաննիսյանի փոխանցմամբ. «Այս փուլում հարցազրույցի, թեստային առաջադրանքների միջոցով կկարողանանք որոշել լավագույն հանրապետական փուլի հաղթողներին: Կլինեն նաեւ տարբեր բնույթի նոմինացիաներ՝ «Լավագույն տնօրեն՝ ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքների գծով», «Լավագույն դաստիարակ, որը սիրում է երեխաներին» եւ այլն…»: Զարմանալի կլիներ, որ դաստիարակը կամ ուսուցիչը չսիրեր երեխաներին:

Հոկտեմբերի առաջին կիրակի օրը՝ ուսուցիչների տոնին, կամփոփվեն մրցութի արդյունքները: «Տարիներ շարունակ վարչապետի կողմից եղել են նվիրատվություններ, լավագույն դաստիարակն ու ուսուցիչը ստանում են մեքենաներ: Հիմնական չափորոշիչները ուսուցչի մասնագիտական հմտություններն են, որոնք որոշվում են մանկավարժական կոլեկտիվի, դպրոցի տնօրենի բնութագրով եւ ընթացիկ դասալսումներով»,- ասաց Ն. Հովհաննիսյանը, եւ հավելեց. «Ինչ վերաբերում է պարգեւատրումներին, ապա դրանք կլինեն կոմպյուտերի, հեռուստացույցի, ոսկե մեդալի եւ հուշագրերի տեսքով, իսկ լավագույն ուսուցչին ու դաստիարակին կտրվի ավտոմեքենա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել