Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ

Սեպտեմբեր 06,2008 00:00

Ֆուտբոլի Հայ աստան-Թուրքիա ազգային հավաքականների հանդիպման շուրջ հետաքրքրությունը ժամ առ ժամ ավելի է բորբոքվում: Առավել եւս՝ մրցակից թիմի Երեւան ժամանելուց հետո: Երեկ՝ հանդիպումից մեկ օր առաջ, երկու հավաքականների գլխավոր մարզիչները «Հրազդան» ստադիոնում հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Յան Պոուլսեն. «Առաջնայինը միավորներն են»

Խոսափողն առաջինը տրամադրվեց Յան Պոուլսենին: Եվ, չնայած նա լրագրողներին (հիմնականում՝ հայաստանցի) հանդիպել էր նախօրեին ու թվում էր, թե բոլոր հարցերն արդեն տրվել էին, եղան նաեւ նորերը:

– Մեկնարկային կազմն արդեն որոշե՞լ եք:

– Այո: Եվ ոչ միայն պահանջվող 18-ին, այլեւ այն 11-ին, ովքեր կմտնեն խաղադաշտ: Բայց հիմա անուններ չեմ տա:

– Երեկ տեղեկացանք, որ Թուրքիայի հավաքականի հինգ հիմնական խաղացողներ հանդես չեն գալու:Մեկնարկային կազմի ձեր ընտրությունը դրա հետ կապվա՞ծ է:

– Ես ուշադրությունս լիովին սեւեռել եմ հիմնականում մեր թիմի վրա: Ճիշտ է, Թուրքիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից շատերը բացակայում են, բայց նրանք ունեն արժանի փոխարինողներ: Այնպես որ, խաղացողների իմ կատարած ընտրությունը դրա հետ ոչ մի կապ չունի:

– Մրցակից ֆուտբոլիստները հայտնի են ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ ու բազմիցս ապացուցել են, որ հաղթել կարողանում են անգամ վերջին րոպեներին: Մեր տղաների մասին ի՞նչ կասեք:

– Երեկ ասացի, որ ես որպես հավաքականի գլխավոր մարզիչ ֆուտբոլիստների ֆիզպատրասվածության առումով անելիք չունեմ: Բայց հավաքի այս մի քանի օրերի ընթացքում տեսել եմ, որ նրանք պատրաստ են:

– Թուրքիայի հավաքականի ո՞ր որակներն եք ուժեղ համարում:

– Բոլորս էլ տեսել ենք նրանց խաղը: Այն ֆիզիկապես ուժեղ, տեխնիկապես գրագետ ու պայքարող թիմ է: Նրանք ամբողջ խաղի ընթացքում կարողանում են մամլիչ պաշտպանություն կիրառել, իսկ եթե հաշվի մեջ զիջում են, չեն ընկճվում, պայքարում են ու դրա շնորհիվ հասնում հաջողության, անգամ այնպիսի դեպքերում, երբ պարտությունն անխուսափելի է թվում: Դա նրանց ամենաուժեղ կողմն է:

– Նախորդ ասուլիսում հորդորեցիք իրատես լինել՝ հաշվի առնելով նաեւ ՖԻՖԱ-ի դասակարգման վերջին աղյուսակում հավաքականների զբաղեցրած տեղերը: Հայաստան-Թուրքիա հանդիպումում ձեզ համար ո՞րն է ավելի նախընտրելի լինելու, հաշի՞վը, թե՞ ցուցադրվելիք խաղի որակը (հետաքրքրվեց «Առավոտը»):

– Առաջին հերթին՝ միավորը: Նախ, այն բանի համար, որ սա որակավորման, պաշտոնական հանդիպում է: Իսկ մյուս կողմից մենք աշխատում ենք յուրաքանչյուր խաղում դիտարժան ֆուտբոլ ցուցադրել: Սա ֆուտբոլ է, եւ կարող ենք նաեւ պարտվել: Բայց շատ ուրախ կլինեմ, եթե տղաներից յուրաքանչյուրն ու բոլորը ցուցադրեն իրենց ողջ կարողությունը: Իսկ այդ դեպքում, եթե անգամ պարվենք, կկարողանանք ասել, որ խաղում էինք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ ու բախտներս չբերեց: Բայց կրկնեմ, որ ինձ համար առաջին հերթին կարեւորը միավորն է:

Այնուհետեւ, Պոուլսենը տեղը զիջեց Ֆատիխ Թերիմին, որին հայաստանցի լրագրողներին մի քանի հարց տալու հնարավորություն ընձեռվեց:

Ֆատիխ Թերիմ. «Ձեր հավաքականը լուրջ մրցակից է»

Ողջունելով լրագրողներին, մարզիչը նշեց, որ այս տարի իրենց լիգան ուշ է սկսվել, եւ ֆուտբոլիստներն ընդամենը երկու խաղ են խաղացել: Եթե խնդրին այս տեսանկյունով ենք նայում, հնարավոր է՝ այնքան էլ պատրաստ լինելու տպավորություն չթողնենք: Սակայն երբ ֆուտբոլիստները գալիս են հավաքական, այդպիսի խնդիրներ չենք ունենում: Այնպես որ, եթե ձեզ թվում է, թե դա ձեր առավելությունն է, մեզ այդպես չի թվում:

– Այստեղ հնչեց, որ ձեր թիմի առաջատար խաղացողներից մի քանիսը չեն մասնակցելու հանդիպմանը: Այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա խաղի վրա:

– Այո, ոմանք վնասվածքներ ունեն, այդ պատճառով չհրավիրեցինք: Բայց մենք սովոր ենք այդպիսի վնասվածքների: Դա իրողություն է: Սակայն Թուրքիայի հավաքականը մի այնպիսի համակարգ ունի, որ ով ուզում է խաղալ, լավ խաղ է ցուցադրում: Հույս ունեմ, որ սա որոշ խաղացողների համար շանս կլինի, ու նրանք այն կօգտագործեն:

– Հայկական ֆուտբոլին որքանո՞վ եք ծանոթ, ինչպե՞ս եք պատրաստվել այս խաղին եւ Հայաստանից առաջին տպավորությունն ինչպիսի՞ն է:

– Մենք մեր մրցելույթներն սկսում ենք մի երկրում, որտեղ Թուրքիայի առաջին հավաքականը ոչ մի անգամ հանդես չի եկել: Մեր հարեւան Հայաստանի մայրաքաղաք Երեւանում իմ խաղացողների հետ միասին ուրախ ենք, որ սա մի սկիզբ է: Եվրոպայի առաջնությունում, երբ մենք կիսաեզրափակիչում էինք, մեզ ասում էին, որ ֆուտբոլը միջազգային հարաբերությունների եռակցման մի գործիք է… Վաղը Հայաստանի հավաքականի հետ խաղալու ենք հանուն ապագայի: Ստամբուլում իմ մամուլի ասուլիսում էլ եմ ասել, որ մենք այստեղ գալիս ենք պարզապես ֆուտբոլային հանդիպում անցկացնելու: Ինչպիսին էլ լինեն մեր երկու երկրների պատմական հարաբերությունները, մենք այդ 90 րոպեները փորձելու ենք խաղալ եւ լավ խաղալ: Գիտեմ, որ եվրոպական առաջատար թիմերին դիմակայող ձեր հավաքականը լուրջ մրցակից է: Բայց մենք ուզում ենք տուն վերադառնալ առանց միավոր կորցնելու, թեեւ դա հեշտ գործ չէ:

Ես առաջին անգամ եմ գալիս Հայաստան եւ շատ շնորհակալ եմ ձեր ցուցաբերած հոգատարության համար:

– Ֆուտբոլասերը 12-րդ խաղացողն է: Բայց Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է նրանց Հայաստան գալուն եւ ձեզ երկրպագելուն նպաստելուց: Դա հոգեբանորեն կարո՞ղ է ազդել ֆուտբոլիստների վրա: «Առավոտի» այս հարցին պարոն Թերիմը պատասխանեց մի փոքր դադար առնելուց հետո:

– Չեմ կարծում: Թեեւ Եվրոպայի շատ երկրներում ունենք մեր երկրպագուները, սակայն մենք սովոր ենք սակավաթիվ երկրպագուների ներկայությամբ խաղալուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել