Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ հյուրին ծեծել»

Սեպտեմբեր 06,2008 00:00

Երիտասարդներն առաջարկում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը դառնա խաղաղության աղավնի:

Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ առաջարկելով, որպեսզի ՀՀ-ն վրաց-ռուսական հակամարտության մեջ ավելի որոշիչ դեր խաղա եւ օգտակար լինի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մասնավորաբար, երիտասարդներն առաջարկում են, որպեսզի Վրաստանում Հայաստանի դեսպանատունը զբաղվի Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիների տեղաշարժերի հարցերով: Նրանք գտնում են, որ այսպիսով Հայաստանը համաչափ կզարգացնի իր հարաբերությունները թե՛ ՌԴ-ի, թե՛ Վրաստանի հետ՝ միաժամանակ բարձրացնելով սեփական միջազգային վարկը: «Երեւանը կդառնա տարածաշրջանային դիվանագիտական, քաղաքական կենտրոն, ինչպես նաեւ ավելի լուրջ մոտեցում է ցուցաբերվում այդ կոնֆլիկտում Հայաստանի դերի առումով, որը որպես երրորդ պետություն՝ իր դիվանագիտական ծառայությունները կառաջարկի բարեկամ եւ ռազմավարական գործընկեր երկրներին: Այսպիսով, Հայաստանն աշխարհում ավելի լուրջ եւ ընկալելի կդառնա»,- համոզմունք է հայտնում կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Կուսակցությունում համոզված են, որ ռուս-վրացական հարաբերություններում ճգնաժամը շուտով կհաղթահարվի՝ «Սահակաշվիլու վարչախումբը շուտով կտապալվի, եւ Վրաստանի հետ մենք ունենալու ենք նույն բնականոն հարաբերությունները, ուստի տարածաշրջանային իրավիճակը մեղմելու համար՝ թեկուզ այս իշխանության հետ պետք է աշխատենք: Սա Հայաստանի շահերից է բխում»: Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում, ըստ ՀԵԿ-ի, Հայաստանը պետք է հետեւյալ քաղաքականությունը որդեգրի՝ «Հայաստանը պետք է ճանաչի Աբխազիայի եւ Օսեթիայի, ինչպես նաեւ ԼՂՀ-ի անկախությունը՝ միաժամանակ ակտիվորեն աշխատելով Կոսովոյի անկախության ճանաչման ուղղությամբ: Մենք չպետք է գործենք երկակի ստանդարտներով, նույնիսկ կառաջարկենք, որ չորս պետությունների անկախությունն էլ ԱԺ-ն մեկ փաթեթով ճանաչի՝ դրանով պատասխան տալով բոլոր գերտերություններին, որ մենք կողմ ենք ազգերի ինքնորոշմանը՝ անկախ քաղաքական ենթատեքստերից»:

Ի հեճուկս ստաժավոր քաղաքական գործիչների, Երիտասարդական կուսակցությունում գտնում են, որ Թուրքիայի նախագահի Հայաստան կատարելիք այցը նոր փուլ է հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար, որը բերելու է հարաբերություններում լարվածության թուլացմանը, անգամ երկխոսության, չեն բացառում, որ մոտ ապագայում բացվի նաեւ հայ-թուրքական սահմանը: «Պատահական չէ, որ Թուրքիան ՌԴ-ի հետ Աբխազիայի եւ Օսեթիայի հարցերով որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեց, ինչպես պատահական չէ այդ ամենի համընկնումը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ: Դա նշանակում է, որ մեր շուրջ պտտվում է շատ լուրջ պատմական պահ եւ հնարավորություն, որից Հայաստանը պետք է օգտվի իր դիվանագիտական բոլոր լծակները կիրառելով ու տարածաշրջանում դառնա լուրջ պետություն: Գյուլի այցելությունը նպաստելու է նաեւ մեր երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի ու գործիչների կոնսոլիդացիային»,- գտնում է Վ. Բաբայանը: Ի դեպ, վերջինս ողջունում է արմատական ընդդիմության կեցվածքը՝ Գյուլի Հայաստան այցելության շրջանում հանրահավաքների կազմակերպումն ու անցկացումը վերաբերյալ. «Ոչ ընդդիմության, ոչ էլ իշխանության ներկայացուցիչները չեն կարող մոռանալ Ցեղասպանության փաստը, բայց դա չի նշանակում, որ չպետք է հարեւանի հետ բանակցել կամ առեւտուր անել, որն, ի դեպ, այսպես թե այնպես՝ գոյություն ունի: Իրականում Սերժ Սարգսյանի քայլը պատմական անհրաժեշտություն էր, որը շատ լավ իրականացավ եւ հուսով ենք, որ առանց էքսցեսների կավարտվի»: Այնուամենայնիվ, որոշ դրսեւորումներ երիտասարդները կանխատեսում են՝ «թեկուզ երկրպագուների միջեւ բախումներ», եւ կոչ են անում իրավապահներին՝ զգոն եւ զգուշավոր լինել, քանզի՝ «Այդտեղ ՀՀ-ի հեղինակության հարցն է: Եթե մեկին քո տուն ես հրավիրում, պետք չէ հյուրիդ ընկերներին ծեծել: Հայն իր հյուրասիրությամբ պիտի ընդունի Հայաստան այցելած թուրքերին եւ ճանապարհի»: Երիտասարդների համար նույնպես անհասկանալի եւ անընդունելի է կոալիցիոն ՀՅԴ-ի ընդդիմանալը Թուրքիայի նախագահի այցին, մանավանդ որ՝ «ցույցերով չէ, որ Գյուլին պետք է ապացուցենք Ցեղասպանության փաստը», թեեւ գտնում են, որ այդ հանրահավաքները կարող են որոշակի «դրական շտրիխներ ունենալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել