Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ

Սեպտեմբեր 06,2008 00:00

\"\"Նաեւ՝ Ցեղասպանության մասին

2003 թվականի հունվարի 27-ն էր: Աբդուլլա Գյուլը ելույթ էր ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ իբրեւ Թուրքիայի նորանշանակ վարչապետ: Ստրասբուրգում նրան շատ ջերմ ընդունեցին: Նորընտիրության հանգամանքից բացի, ջերմությունն ուներ օժանդակ պատճառ: Ընդմիջումներով, մոտ 10 տարի Աբդուլլա Գյուլը եղել էր ԵԽԽՎ պատգամավոր եւ ծանոթ էր այդ ֆորումի բազմաթիվ անդամների հետ: Պատճառներից մեկն էլ դա էր, որ Գյուլին լսելու շատերն էին եկել եւ ԵԽ «Հեմիսայքլ» կոչվող դահլիճը համարյա լեցուն էր: Ավելի ջերմ հետո միայն Սահակաշվիլուն են ընդունել՝ իբրեւ նախագահ ստրասբուրգյան իր առաջին այցի ժամանակ, իսկ երկրորդ այցին Սահակաշվիլին էլ առաջվա ջերմությամբ չընդունվեց:

Ինչեւիցե, Գյուլի բեմելը Ստրասբուրգում՝ իբրեւ վարչապետ, ուներ նաեւ ինտրիգային բաղադրիչ: Դա դեռ այն ընթացքն էր, երբ Էրդողանը, իբրեւ օրենքի հետ խնդիրներ ունեցող անձնավորություն, չէր կարող վարչապետի պաշտոնը զբաղեցնել (այդ ժամանակ դեռ պարզ էլ չէր՝ հետո կկարողանա՞, թե՞ ոչ), ուստի իսլամիստները, որ հաղթել էին պառլամենտական ընտրություններում, որոշել էին Գյուլին վարչապետ կարգել: Եվ Գյուլը, թեպետ ծանոթ, բայց էկզոտիկ երեւույթ, Ստրասբուրգում էր՝ իբրեւ իշխանավոր, իբրեւ ԵԽ անդամ երկրի վարչապետ, որը միաժամանակ նաեւ իսլամիստական գաղափարական հոսանքի առաջնորդ է: Սակայն գաղափարական մոտեցումներից անկախ, թուրքական իշխանությունները ԵԽ-ին մշտապես ամենայն լրջությամբ են վերաբերվում եւ ամեն անգամ, երբ որեւէ թուրք առաջնորդ է հրավիրվում Ստրասբուրգ, դա վերածում են իրադարձության: Հասկանալի է նրանց գործողությունների մոտիվացիան: Թուրքիան Եվրամիության անդամ չէ, եւ, ըստ էության, Եվրոպայի խորհուրդն է քաղաքական այն բազմամարդ ու գրավիչ միջավայրը, որտեղ Անկարան կարող է ըստ ամենայնի դրսեւորվել՝ գտնելով հարգի ամբիոն ու ներկայանալի ասպարեզ: Ավելի ուշ, երբ արդեն Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր վարչապետը, թուրքերն ավելի հավակնոտ գաղափարներով ներկայացան Ստրասբուրգ: Էրդողանը մի հայտարարություն արեց, որն ըստ ամենայնի արտացոլում է թուրքական արտաքին քաղաքականության գաղափարախոսության կարեւոր մեկ շտրիխը՝ թե Թուրքիան կամուրջ է Եվրոպայի ու Ասիայի միջեւ, եւ դա ոչ միայն աշխարհագրորեն, այլեւ մշակութային, մշակութաբանական դրսեւորմամբ: Հետեւաբար, ըստ Էրդողանի, Թուրքիան առաքելություն ունի երկու աշխարհամասում էլ: Հենց այդպես:

Դա ավելի ուշ էր, իսկ 2003թ. հունվարի 27-ին Գյուլն էր պատասխանում ԵԽ ԽՎ պատգամավորների հարցերին: Հնարավոր չէ ասել, թե նա հմուտ ու բանիմաց գործչի տպավորություն թողեց: Այդպես չէր բոլորովին: Նրա խոսքը շատ մակերեսային էր: Այդ օրը բազմաթիվ հարցերի պատասխանեց Աբդուլլա Գյուլը, որոնցից մեկն էլ Ցեղասպանության ճանաչման մասին էր: Հարցը հնչեցնողը ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն էր՝ եվրոպական ազգ համարվելու հավակնություն ունեցող Թուրքիան պատրա՞ստ է, արդյոք, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իբրեւ Գյուլի պատասխան, ԵԽԽՎ-ի կայքէջում այսօր զետեղված է հետեւյալը. «Դուք կարող եք այս հարցին մոտենալ տարբեր տեսանկյուններից: Այդ ժամանակ եղել է պատերազմ եւ թուրքերի կողմից մարդկանց կոտորելու փորձ չի եղել: Կարծում եմ, որ Հայաստանն իր սահմանակից երկրների հետ լավ հարաբերություններ պիտի ունենա: Վերջապես, այն պիտի ճանաչի սահմանները: Մենք օգնում ենք նրանց: Մենք դա կշարունակենք: Այլեւս դեպի անցյալը գնալու կարիք չկա: Եկեք նայենք դեպի ապագան՝ հանուն լավ հարաբերությունների»:

Դրանից առաջ էլ, հետո էլ, մոտավորապես նմանօրինակ ձեւակերպումներ շատ են հնչել: Թուրքիայի թե նախագահները, թե վարչապետները եւ թե արտգործնախարարներն ասել են գրեթե նույնը, միայն թե երբեք էլ հաշտության ու համագործակցության սիրուն ասված խոսքերին գործողություններ չեն հետեւել: Կասկածելու կարիք չկա, որ նույնն էլի կարող է ասվել, գուցե ավելի շատ, քան ասվել է մինչ հիմա: Թուրքիայում վաղուց արդեն մշակված Է այն բանաձեւը, որ պետք է հնչեցվի հայերի հետ հարաբերությունների մասին ցանկացած հարցադրման դեպքում: Չեմ կամենում ոչ լավատեսների եւ ոչ էլ հոռետեսների կրակին յուղ լցնել: Պարզապես՝ Թուրքիան այնպիսին է, ինչպիսին որ է: Ուստի Գյուլի այցելությունը, առաջինը լինելու եւ էլի որոշ հանգամանքներով պայմանավորված, անշուշտ, կարող է իրադարձություն համարվել, բայց մեզ ոչ ոգեւորվել է հարկավոր եւ ոչ էլ, առավել եւս, դրանից հետո բարկանալ կամ հիասթափվել, եթե սահմանն էլի երկար ժամանակով փակ մնա, եւ եթե առհասարակ ոչինչ չփոխվի գործնականում: Նա Հայաստան է գալիս միայն ու միայն մի պատճառով՝ դա բխում է իր երկրի շահերից, անկախ նրանից, թե Հայաստանում ինչ չափով է գիտակցվում իր այցի՝ ապագայում ունենալիք պրոպագանդիստական նշանակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել