Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականները՝ Գյուլի այցի մասին

Սեպտեմբեր 06,2008 00:00

Նրանք արդարացնում են եւ ՀՀ նախագահի, եւ Դաշնակցության քայլերը

Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ռաֆիկ Հովհաննիսյանը: Ջիվան Գասպարյանը խոսեց իր վերջին հաջողությունների եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Հայաստան այցի մասին: «Լոնդոնում ձայնագրություն եմ ունեցել Մայքլ Բրուկի, Ամերիկայում՝ ֆրանսիացիների հետ: Հուլիսի 29-ին Նելսոն Մանդելայի 90-ամյակի լոնդոնյան տոնակատարության բացման արարողությունը վստահվեց ինձ: Օգոստոսի 30-ին Իտալիայում «Ֆրանցիսկո» միջազգային մրցույթում արժանացա սահմանված միակ մրցանակին: Օգոստոսի 31-ին թուրք երգիչ Բինգյոլի հետ Ստամբուլում մասնակցեցի Հայաստան- Թուրքիա ֆուտբոլային խաղի խաղաղությանը նվիրված համերգին»,- պատմեց Ջ. Գասպարյանը եւ տեղեկացրեց. «Նոյեմբերի 11-ին Երեւանում 80-ամյակիս նվիրված մեծ համերգ կլինի: Հիմա հիմնական նպատակս այն է, որ լուծեմ դպրոցիս հարցը, որտեղ երեխաներին առանց վարձատրության կսովորեցնեմ երգել եւ նվագել»: Լրագրողներին հետաքրքրեց, թե մաեստրոն մասնակցելո՞ւ է այսօրվա ֆուտբոլային խաղին: «Ընդհանրապես ֆուտբոլի դաշտ չեմ գնում, չնայած այս անգամ հրավիրված եմ եւ երեւի գնամ: Կառավարական միջոցառումներում ֆուտբոլը մեծ դեր չի խաղում, այն պարզապես հանդիպման առիթ է: Պատերազմով ոչինչ չի լուծվի, առանց այն էլ ժողովրդի կեսը ղարաբաղյան պատերազմում զոհվեց, կեսը երկրից հեռացավ, ուստի ճիշտն այն է, որ խաղաղության ճանապահները բացվեն»,- հնչեց պատասխանը: Ակումբի մյուս հյուրերն էլ խոսեցին ՀՀ մշակութային քաղաքականությունից: Այդ առիթով Ռ. Հովհաննիսյանն ասաց. «Պետությունը չպիտի խանգարի մշակութային գործչին՝ ստեղծագործել, չպիտի միջամտի մշակութային քաղաքականությանը եւ հնարավորինս պիտի նպաստի, որ մշակութային օջախները գործեն»: Դանիել Երաժիշտը նկատեց. «Պետությունը եթե չի խանգարում՝ չպիտի օգնի խանգարողներին… Պետության գործն է հականեխել հասարակության հոգեւոր դաշտը, ինչպես մտածում ենք մարմնական սննդի թունավոր չլինելու մասին, այնպես էլ պիտի մտածել հոգեւոր սննդի մասին: Փող կեղծողներին պատժում են, իսկ հոգի կեղծողներին ինչո՞ւ չեն պատժում»: Ն. Աղաբաբյանն էլ կարծում է. «Ինքնիշխան լինելուց սկսած, մեր երկրում գոյություն ունի մշակութային քաղաքականություն: Շատ կուզենայի, որ իրական քաղաքականության մեջ ընդգրկեին լուրջ մտավորականությանը, քանի որ դա մեր երկրի պետական անվտանգության եւ վաղվա օրը ապահովելուն կնպաստի»:

«Առավոտը» հյուրերից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերվում Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցին եւ ինչպե՞ս են գնահատում այդ կապակցությամբ ՀՅԴ պահվածքը: Ն. Աղաբաբյանը պատասխանեց. «Հրավերը շատ տեղին եւ ճիշտ էր. ի վերջո, դա մի օր պիտի կայանար: Մշակույթն ու սպորտը միշտ քաղաքական քայլեր կատարելու առաջնորդողն են եղել: Դաշնակցության պահվածքը նմանապես ճիշտ է, քանի որ, այնուամենայնիվ, վերաբերմունք պիտի դրսեւորվեր, եւ դա ոչ պետական դրսեւորում պիտի լիներ»: Ռ. Հովհաննիսյանը Գյուլի՝ ՀՀ այցի մասին այսպես արտահայտվեց. «Պիտի սառը եւ զուսպ վերաբերվենք Թուրքիայի նախագահին, քանի որ նա մեր բարեկամ երկրի նախագահ չէ, եթե թշնամի երկիր չհամարենք: Առանց վայրագությունների, խուլիգանական դրսեւորումների պիտի դիմավորենք նախագահին, բայց հասկացնելով, որ դու մեր աչքի լույսը չես, քանի որ դու դեռ պիտի այդ իրավունքը վաստակես, որ մենք քեզ ջերմորեն ընդունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել