Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ»

Սեպտեմբեր 06,2008 00:00

Այս կարծիքին է այդ երկրում կարիերա անող իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն

\"\"«Առավոտը» տեղեկացրել էր սեպտեմբերի 2-24-ը «Ա. Խաչատրյան» համերգասրահում անցկացվող Երեւանյան երկրորդ միջազգային փառատոնի մասին: Այսօր փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) առաջին անգամ կղեկավարի իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն, որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարուհի Տամակի Կավակուբոն (ԱՄՆ) եւ դաշնակահար Ալեքսանդր Գինդինը (Ռուսաստան):

Նախընտրեցինք զրուցել Ֆ. Մաստրանջելոյի հետ, քանի որ, արվեստագետներից ստացած տեղեկությունների համաձայն, դիրիժորը, հայաստանցի իր երաժիշտ կոլեգաներից շատերի նման, թողնելով հայրենիքը, սիրով ծառայում է ռուսական մշակույթին, հաստատվելով այդ երկրում, իսկ նրա երկացանկը ընդգրկում է սիմֆոնիկ եւ օրատորիալ ստեղծագործություններ, օպերաներ ու օպերետներ: «Ես Նովոսիբիրսկի, Թաթարստանի, Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի, Եկատերինբուրգի եւ Մարիինյան թատրոնի դիրիժոր եմ, ընդ որում՝ վերջինիս դեպքում հանդիսանում եմ աշխարհահռչակ Գերգիեւի օգնականը: Հայրենիքումս էլ՝ BARI օպերային թատրոնի գլխավոր դիրիժորն եմ: Պետք է նշեմ, որ ավելի հայտնի եմ Ռուսաստանում: Իմ կարիերայի համար ընտրեցի հենց այդ երկիրը, որովհետեւ այնտեղ կա աշխատանքային կարգապահություն, ինչը չեմ կարող ասել Իտալիայի մշակութային օջախների մասին: Նշեմ նաեւ, որ Ռուսաստանում, ի տարբերություն իմ հայրենիքի, բարձրակարգ երաժիշտը գնահատվում է բոլոր առումներով, այդ թվում՝ ֆինանսական»,- ասաց դիրիժորը: Ինչքան էլ տարօրինակ է, նա հավաստիացրեց, որ Իտալիայում ընդամենը 2-3 բարձրակարգ սիմֆոնիկ նվագախումբ կա, մինչդեռ ՌԴ-ում դրանք շատ են: Հարցին, թե՝ նման զբաղվածությամբ հնարավո՞ր է բարձրակարգ արվեստ ներկայացնել, Ֆ. Մաստրանջելոն նախ նշեց, որ ինքը նաեւ դաշնակահար է, Օսիմոյի եւ Հռոմի հեղինակավոր մրցույթների առաջին մրցանակակիր ու ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս այդ դերում եւս: Առանց մտաբերելու հայ հեղինակներին, հիշեց դաշնամուրային այն մանրանվագները, որոնք կատարել է դպրոցական տարիներին: Հետո հայտնեց. «Իհարկե, աշխատանքային գրաֆիկս ծանրաբեռնված է, պարզապես քնելու ժամանակ չունեմ: Եթե ասեմ նաեւ, որ գեղեցկուհի կնոջս, որը ֆլեյտահար է Տեմիրկանովի ղեկավարած հայտնի նվագախմբում, ամսվա ընթացքում հանդիպում եմ մի տասն օր, ոչ ավելի, առաջին հայացքից վիճակս աննախանձելի կթվա: Բայց ամուսիններով նվիրված ենք արվեստին ու ծանրաբեռնված գրաֆիկը մեզ համար սովորական, բայցեւայնպես՝ հաճելի բան է»:

Մեր զրուցակիցը համամիտ չէ տարածված կարծիքին, որ օպերային թատրոնի դիրիժորը պետք է մոռանա սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակը: Ըստ Ֆ. Մաստրանջելոյի, մեկը մյուսին նույնիսկ օգնում է: Օրինակ, 2008-2009թթ. համերգային թատերաշրջաններում երաժիշտը հրավեր է ստացել ՌԴ-ի, Իտալիայի, Գերմանիայի, Լիտվայի սիմֆոնիկ նվագախմբերի եւ օպերային թատրոնների կողմից: Նվագախմբերի բազմափորձ դիրիժորից հետաքրքրվեցինք նաեւ ՀՊՖՆ-ի մասին: «Առաջինն ինձ հիացրեց նվագախմբի կարգապահությունը: Ռուսաստանի նվագախմբերում բազմիցս հանդիպել եմ բարձրակարգ հայ երաժիշտների, այնպես որ, ինձ համար նորություն չէ Հայաստանի ֆիլհարմոնիկում լավ երաժիշտներ տեսնելը»,- հայտնեց դիրիժորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել