Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգի» չեն մանկավարժն ու գյուղատնտեսը

Սեպտեմբեր 06,2008 00:00

Արցախում հրապուրված են տնտեսագիտությամբ ու բանասիրությամբ

Վերջերս Լեռնային Ղարաբաղի վիճակագրական ծառայությունը Ստեփանակերտում եւ հանրապետության 6 այլ շրջաններում (ընդհանուր առմամբ՝ 62 համայնքում) հանրակրթական դպրոցների շրջանում իրականացրել է ընտրանքային հետազոտություն: Արցախում գործող 222 դպրոցից ընտրվել է 75-ը կամ 33,8%-ը: Հետազոտությունն անցկացվել է հանրապետության 2007-08 ուստարվա շրջանավարտների 89,4%-ի շրջանում: «Ո՞րն է դպրոց հաճախելու հիմնական նպատակը» հարցին հարցվածների 78,3%-ը տվել է «ընդհանուր գիտելիքների ձեռքբերման հնարավորությունը» պատասխանը: 11,5%-ը գտնում է, որ նպատակը ուսումը շարունակելն է, 1,6%-ը դպրոց է գնում ծնողների պարտադրանքով, իսկ 8,3%-ի համար դպրոց գնալը ընկերներին հանդիպելու լավ առիթ է: Հարցման մասնակիցները բավականին անկեղծացել են իրենց ինքնագնահատման հարցում՝ սեփական առաջադիմությունը «գերազանց» է գնահատել 5,7%-ը, «լավ»՝ 42,1%-ը, «բավարար»՝ 49,7%-ը, 2,5%-ն էլ իրեն «ծույլիկ» է համարել: «Հե՞շտ են արդյոք միասնական քննությունները» հարցին դրական է պատասխանել 24,8%-ը, բացասական՝ 67%-ը: Այնուհանդերձ, Ղարաբաղում կարծում են, որ միասնական քննությունները նպաստում են գիտելիքների օբյեկտիվ գնահատմանը՝ 47,1%-ը, 26,6%-ի կարծիքով էլ՝ չեն նպաստում: Նշենք, որ այս ուսումնական տարվանից բոլոր առարկաներից քննությունները կանցկացվեն միասնական կարգով, իսկ Արցախի պետական համալսարանի առաջին կուրսի ուսանողները կանցնեն կրեդիտային համակարգի:

Հետազոտությանը մասնակցածների 53,4%-ը կրկնուսույցների ծառայություններից օգտվել է 2007թ., իսկ 2008-ից օգտվում է 63,2%-ը: Վերջին երկու տարում առաջնային տեղ է զբաղեցնում հայոց լեզու առարկան լրացուցիչ պարապողների թիվը՝ նախորդ տարի 29,9%, այս տարի՝ 30,9%: Երկրորդ եւ երրորդ տեղերը, ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի բաժին են հասել մաթեմատիկային եւ օտար լեզվին: 2007-08 ուստարում գերակշռել է կրկնուսույցների մոտ պարապելու ամսեկան մինչեւ 10 հազար դրամ վարձատրությունը: Մինչեւ 10 000 դրամ ամսավճարով դպրոցական առարկա պարապողների մոտ 32%-ը բաժին է ընկել հայոց լեզվին, 20%-ը՝ մաթեմատիկային: Ըստ առարկաների, 2007-08թթ. կրկնուսույցներին վճարված գումարները դասավորվել են այս հաջորդականությամբ՝ հայոց լեզու, օտար լեզու, մաթեմատիկա, հայոց պատմություն, կենսաբանություն, քիմիա:

Արցախում իրենց ծառայություններն ավելի թանկ են գնահատում հատկապես օտար լեզվի եւ հայոց պատմության մասնագետները: Իսկ մասնագիտության ընտրության առումով հարցվածներն այսպիսի կողմնորոշում ունեն՝ 15%-ը գերադասել է դառնալ տնտեսագետ, բանասեր՝ 10,6%-ը, իրավաբանի մասնագիտությունը հրապուրել է ընդամենը 8,2%-ին: Պարզվում է, ԼՂՀ-ում «հեղինակություն չվայելող» մասնագիտություններ են համարվում մանկավարժությունն ու գյուղատնտեսական կրթությունը՝ համապատասխանաբար 4,4 եւ 1,1%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել