Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 06,2008 00:00

Մեկօրյա հայկական վարժարանները բավական չեն ազգային ինքնությունը պահպանելու համար

Վերջերս Հայաստանում էր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ժամանած մտավորական եւ գործարար Նշան Բասմաճյանը, ով մասնակցում էր Համահայկական կրթական համաժողովին: Նա «Առավոտին» ներկայացրեց իր մտահոգությունները՝ Շարժայի հայերի կրթական խնդիրների ու տպավորությունները՝ համահայկական համաժողովի մասին:

Տեղեկացնենք, որ Ն. Բասմաճյանը ծնվել է Սիրիայում՝ մտավորականների ընտանիքում: Հայրը՝ Ժոսեֆ Բասմաճյանը, որին որդին բնութագրում է իբրեւ հայ կրթական մշակի կարողություններով օժտված մեկը, երկար տարիներ եղել է Քեսաբի ազգային ուսումնասիրաց միացյալ վարժարանի տնօրեն: Ն. Բասմաճյանը 1973-76թթ. վարել է Համազգային կրթամշակութային միության գրատան տնօրինությունը: Հետագայում, պատերազմի պատճառով, տեղափոխվել է Շարժա, եւ ներկայումս տեղի INTERMETAL ընկերության տնօրենն է: Մեր զրուցակիցն ասում է, որ իրեն հենց սկզբից «դարբնել» են Համազգայինի գրատունն ու ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը: Ն. Բասմաճյանը 1980-ին մասնակցել է Շարժայում հայկական վարժարանի հիմնադրմանը, որտեղ 14 տարի աշխատել է հայերենի ու հայոց պատմության ուսուցիչ: Տարիներ շարունակ ծառայել է որպես վարժարանի հոգաբարձու, Ազգային վարչության անդամ եւ ատենադպիր, թեմական ժողովի անդամ: Ներկայումս վարում է տեղի Օհաննիսյան վարժարանի հոգաբարձության եւ Հայ դատի հանձնախմբի Էմիրությունների մասնաճյուղի ատենապետությունը: Նա նաեւ մասնակցություն է ունեցել է Շարժայի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադրմանը: Խոսելով Էմիրություններում հայկական համայնքի մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ հայերն այս երկրում հաստատվել են հիմնադրման օրվանից: Հայությունն այստեղ համախմբված է հայկական վարժարանի ու եկեղեցու շուրջ: Անդրադառնալով Շարժայի՝ Օհաննիսյան հայկական վարժարանի եւ Աբու Դաբիում մեկ այլ վարժարանի մասին, Ն. Բասմաճյանը ափսոսանքով փաստում է, որ դրանք մեկօրյա են, սահմանափակ եւ բավարար չեն հայ մանուկին հայ պահելու համար: «Ուրախ պիտի լինեմ, եթե ՀՀ կրթական նախարարությունը այս հարցը քննի համայնքի պատկան մարմինների հետ: Մի մոռացեք, որ այնտեղ հազարավոր հայաստանցիներ են ապրում, որոնց զավակները հաճախում են օտար վարժարաններ: ԱՄԷ-ն հսկա կարողությունների տեր երկիր է, որտեղ բազմաթիվ կրթօջախներ են բացված՝ ամերիկացի եւ արաբական երկրների երիտասարդների ու աշակերտների համար: Եվ եթե ՀՀ կառավարությունն ապավինում է հայկական ներուժին, իսկ նման միտք վարչապետի կողմից հնչեց Համահայկական կրթական համաժողովի ժամանակ, ուրեմն պետք է մտածի Հայաստանից դուրս ապրողների մասին եւս: Հայեցի կրթությունն ու դաստիարակությունը, ցավոք, զանազան պատճառներով ու հանգամանքների բերումով վնասված են Սփյուռքում: Իր ինքնության պահպանման համար արտերկրի հայությունը ճիգեր է գործադրում, եւ նրան սատար կանգնելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն»,- ասում է Ն. Բասմաճյանը: Նա նաեւ հավելում է, որ մշտապես մասնակցել է հայաստանյան համաժողովներին, եւ այս տարվանը շահեկանորեն տարբերվում էր նախորդներից. «Սա գործնական արդյունքներ հետապնդող ժողով էր: Ոչ թե խանդավառ ճառեր, ինքնագովություն եւ շքանշաններ եղան, այլ գրքեր, նյութեր բաժանվեցին: Այս համաժողովին առաջին անգամ ինձ տանտիրոջ նման զգացի հայրենիքում: Հասկացա, որ Հայաստանի կրթական նախարարությունը նաեւ իմ նախարարությունն է, որին կարող եմ դիմել իմ կարիքներով, միաժամանակ կարող եմ իմ ծառայությունները բերել այդ գերատեսչությանը՝ իմ կամ որեւէ հայկական կրթական հաստատության միջոցով»: Խորհրդաժողովը պարոն Բասմաճյանին նաեւ մտահոգությունների տեղիք է տվել. «Ո՞վ պիտի համակարգ ստեղծի, ինչպես դասական, այնպես էլ նոր Սփյուռքի կրթական խնդիրներին լուծում տալու համար, եթե ոչ՝ ՀՀ ԿԳՆ-ն: Խորհրդաժողովը դե ֆակտո վերջինս հռչակեց Ամենայն հայոց կրթական նախարարություն, ուրեմն՝ ի գործ…»: ԱՄԷ-ում ապրող մեր հայրենակիցը փաստում է, որ հայկական կրթական հաստատությունների մեծամասնությունը գտնվում է Հայաստանում, որտեղ հայերենը պետական լեզուն է, այլ է վիճակը Սփյուռքում: «Այսօր հայաստանցի «սփյուռքահայերից» կազմված նոր Սփյուռքը նույնքան մեծ է եւ բարգավաճ, որքան եւ դասական Սփյուռքը: Հայության մեծամասնությունը գրում, խոսում, մտածում է արեւելահայերեն՝ ներառյալ պարսկահայությունը: Դասական Սփյուռքում ապրող հայության մեծ տոկոսը դժվարանում է հայաստանյան ուղղագրությամբ արտահայտվել եւ արեւելահայերեն խոսել: Բնավ հույս չունեմ, թե ՀՀ կառավարությունը դասական ուղղագրությունը կընդունի որպես պետական ուղղագրություն, որովհետեւ այս հարցը շատերի համոզմամբ նաեւ քաղաքական է: Եվ եթե այդպես է, թող «քաղաքագետներն» ու լեզվաբանները նստեն մի սեղանի շուրջ եւ հարցը քննարկեն՝ ինչքան կուզեն, բայց մեզ եւ սերունդներին մտահոգող այս իրականությունից գոնե դուրս բերեն: Կրթական եւ Սփյուռքի նախարարությունները երեւի պիտի մեկտեղեն մասնագետներին ու նախաձեռնեն երկխոսության անհրաժեշտ գործընթաց: Այսօր Սփյուռքում ապրող մեր զավակներն ինչ լեզվով ասես չեն խոսում, որովհետեւ արեւմտահայ ուսուցիչներ պատրաստող կենտրոններ դեռ չկան, ու մնում է Հայաստանը ուսուցիչ մատակարարի: Անձամբ ես համաձայն եմ, որ երեխաս որակյալ ուսուցչի ձեռքի տակ արեւելահայերեն խոսի ու գրի, քան օտար լեզվով՝ հայկական վարժարանի ներսում»,- նշում է Ն. Բասմաճյանը: Խոսելով Սփյուռքի կոմիտեի մասին, որը շուտով վերաճելու է նախարարության, Ն. Բասմաճյանը կոմիտեի նախագահ եւ ապագա նախարար Հրանուշ Հակոբյանին է դիմում. «Սփյուռքը դյուրին պատառ չէ: Նրա «տերերը» շատ են, բարդությունները՝ ավելի շատ: Պետք է սիրել Սփյուռքն՝ իր տերերով ու բարդություններով: Տիկին Հակոբյան, կարծում եմ՝ պիտի շատ ճամփորդեք եւ հանդիպեք հատկապես սփյուռքահայ երիտասարդների հետ, բնականաբար՝ հստակ ծրագրերով»:

Կրկին դառնալով Օհաննիսյան վարժարանին, որը մեր զրուցակիցը ներկայացնում էր հայաստանյան խորհրդաժողովին, ասաց, որ այն 2007-08 ուստարում 150 աշակերտ է ունեցել: Վարժարանն ունի նաեւ օտարախոսների դասարան: Կրթօջախն առաջնորդվում է «Կարգապահություն բոլոր մակարդակներում (ուսուցչական, աշակերտական, ծնողական) եւ հայեցի դաստիարակություն» կարգախոսով: Ուսուցիչ-ուսուցչուհիներն այստեղ իրենց պարտքն են համարում անվճար ծառայել մատաղ սերնդին:

Մեր խնդրանքով պարոն Բասմաճյանն անդրադարձավ նաեւ հայ մարմնավաճառների խնդրին՝ Միացյալ Էմիրություններում: Ցավով փաստեց, որ չկա ազգ, որ իր ներկայացուցիչները չունենա մարմնավաճառության շուկայում. «Մոտ 10 տարի առաջ, երբ Ազգային վարչության ատենապետությունն էի վարում, մեր գրասենյակ մտավ մի հայ կին՝ օգնության աղերսով: Կարողացել էր մի կերպ փախչել իրեն աշխատեցնողներից: Ազգային վարչությունն իր պարտքը համարեց նրան եւ մի քանի այլ կանանց հավուր պատշաճի իրենց հարազատներին վերադարձնել: Այդ խաբված ու անիրավված կնոջը հարցրի, թե այն հարկաբաժնում, որտեղ ինքն էր աշխատում, իրենից բացի ի՞նչ ազգի կանայք կան, պարզվեց՝ ռուսներ, ուզբեկներ, Սիրիայի եւ Լիբանանի քաղաքացիներ… Հայության անունն այնտեղ բնավ էլ չի ասոցացվում մարմնավաճառության հետ: Հայկական համայնքը հարգված է այս երկրում: ԱՄԷ-ում ՀՀ-ի ներկայիս եւ նախկին դեսպանները մեծ հարգանք են վայելում երկրի ամենաբարձր շրջանակներում: Հայ անունն ասոցացվում է պարկեշտության, ժրաջանության, աշխատասիրության հետ: Ինչ վերաբերում է զազրելի թրաֆիքինգին, այն իրոք դատապարտելի երեւույթ է: Եվ Հայաստանի պատկան մարմինները լավ գիտեն, թե օդանավ նստող աղջիկն ինչու եւ ուր է գնում, հարկ եղած դեպքում՝ կարող են չարտոնել: Մյուս կողմից էլ, Հայաստանը սոցիալական խնդիրներ ունի, որոնք պիտի լուծվեն, որպեսզի հայ կինը այլ երկիր չմեկնի աշխատելու»: Նշան Բասմաճյանը խնդրեց, որ բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները միշտ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում պահեն Սփյուռքում հայ մանուկների հայեցի կրթության եւ դաստիարակության թեման, որպեսզի, նրա խոսքով. «Հայ մանուկը երբ մեծանա՝ դյուրությամբ կարողանա կարդալ «Առավոտը» կամ որեւէ այլ հայատառ թերթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել