Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՈԲԻՆԵՐԸ ԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ

Սեպտեմբեր 06,2008 00:00

Սպարտակ Սեյրանյանը սիրում է լավ գրականություն, ռոք, խելացի կանանց ու կենդանիներ

Նախարարը նաեւ երաժիշտ է

Հանրությանը հետաքրքրում է, թե այս կամ այն պաշտոնյան ինչպիսին է ընտանիքում, ընկերական շրջապատում եւ ինչ նախասիրություններ ունի: ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն, օրինակ, լայն երաժշտական նախասիրություններ ունի եւ դրանք պայմանավորված են իր ստացած երաժշտական կրթությամբ: «Սովորել եմ ձայնապահպանման թեքումով թիվ 17 երաժշտական դպրոցում: Մեր տնօրեն Դավիթ Զալյանը, որ այժմ էլ տնօրեն է, մի լավ նախադասություն էր ասում՝ պարտադիր չէ հետագայում դառնանք լավ երաժիշտներ, բայց որ լավ ունկնդիր կդառնանք, դա հաստատ է: Երբ ես ընդունվեցի երաժշտական դպրոց, քրոջս՝ Արմենուհուն էլ ընդունեցինք Ալ. Սպենդիարյանի անվան դպրոցի դաշնամուրի բաժինը, որպեսզի տանը մենակ չմնա: Հետաքրքիրն այն է, որ ինքը դաշնամուրի բաժինն ավատելուց հետո հետագայում դարձավ օպերային երգչուհի, այժմ էլ դասավանդում է կոնսերվատորիայում, իսկ ես ձայնի պահպանման թեքումով կրթությամբ դարձա նախարար (ժպտում է- Գ. Հ.): Սիրում եմ աշխարհի ժողովուրդների հոգեւոր երգեր, բնականաբար՝ առաջին հերթին հայկական շարականներ, Կոմիտաս, Խաչատրյան, Տերտերյան, Ռախմանինով, Շոստակովիչ, Չայկովսկի, Բախ, Բեթհովեն, Մոցարտ, Գրիգ… Հատկապես ռոք երաժշտությունն իմ տարերքն է, սիրում եմ Deep Purple, Led Zeppelin, Pink Floyd……այսինքն՝ այն, ինչով դաստիարակվել է 60-ականների երիտասարդությունը Երեւանում: Մոդաներ են փոխվել, բայց ռոք լսողները չեն դավաճանել իրենց նախասիրություններին, որովհետեւ ռոքը միայն երաժշտություն չէ, վերաբերմունք է կյանքի նկատմամբ, չեմ ուզում ճոռոմ բառեր ասել՝ նաեւ կենսափիլիսոփայություն է»,- ասում է նախարարը: Հետաքրքրվեցինք՝ այժմ հաճախո՞ւմ է երեւանյան ռոք համերգներ:«Ինչքան որ ժամանակս թույլ է տալիս՝ փորձում եմ հետեւել վերջին ռոք իրադարձություններին: Երեւանյան ռոք համերգների տղաներս են գնում, նրանք ավելի շատ են ռոք լսում, քան ես, բնականաբար, ստացած դաստիարակությունն ինչ-որ իմաստով ազդել է: Երեւանյան ռոք այնքան էլ չեմ գնում, որովհետեւ ակնկալում եմ մի լավ բան լսել ու չեմ սիրում, երբ ֆալշ են նվագում: Հետո ինքս նվագում եմ ռոք խմբին բնորոշ բոլոր գործիքներով եւ տանել չեմ կարողանում, երբ ռոք երաժիշտները Հայաստանում կայանալու համար փորձում են հայտնի ռոք խմբերի ռեպերտուարից հիթեր նվագել: Երբ մարդիկ սեփական գործերն են նվագում, հետաքրքիր է, բայց երբ փորձում են կապկել՝ լավ չէ»,- հնչեց պատասխանը:

Չի սիրում «փոշիացնել» իր գրադարանն ու ձայնադարանը

Ասում են՝ Սպարտակ Սեյրանյանն իր չափազանց հարուստ գրադարանի մասին երբեմն կատակում է. «Եթե ոմանք թեկուզ իմ գրքերի միայն վերնագրերը նայեն, իրենց ինտելեկտուալ մակարդակը կտրուկ կբարձրանա»: «Առավոտի» հետ զրույցում նախարարը հաստատեց, որ լավ գրադարան ու ձայնադարան ունի ու բառացիորեն «դողում» է դրանց վրա. «Ես շատ լավ հավաքածու ունեմ: Քանի որ կրթությամբ ազգագրագետ եմ ու ժամանակին հետաքրքրվում էի աշխարհի ժողովուրդների հոգեւոր մշակույթով, ռոքից եւ դասականից բացի, նաեւ աշխարհի ժողովուրդների հոգեւոր երաժշտության հարուստ հավաքածու ունեմ, որով հպարտանում եմ: Գրադարանս ավելի հարուստ է, քան ձայնադարանս: Այն ավելի մասնագիտական է՝ պատմություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, մշակութաբանություն, կրոն, էզոթերիկա, միստիցիզմ……Չկայացած էթնոսոցիոլոգ եմ, ասպիրանտուրան ավարտեցի ու չպաշտպանեցի, թեեւ դասախոսներս ասում էին, որ հավանականություն կար լավ մասնագետ դառնալու: Ամեն դեպքում, այն կրթությունը, որ ժամանակին ստացել եմ, հետագայում շատ պետք եկավ: Վերջին 15 տարում էլ հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, քաղաքական եւ PR տեխնոլոգիաներով…»: Հարցրինք՝ գրքեր նվիրո՞ւմ է: «Շատ հազվադեպ, մի ժամանակ նույնիսկ գրություն ունեի՝ «չխնդրե՛ք, չե՛մ տա»: Հիմա էլ, երբ ուզում են գիրք խնդրել, դեմքի այնպիսի արտահայտությամբ եմ ասում՝ այո, որ հասկանում են, թե այնքան էլ սրտովս չէ: Ձայնադարանի սկավառակներս էլ առանձնապես մեծ հաճույքով չեմ տրամադրում, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ եթե տրամադրում ես, ապա վերջում հավաքածու չես ունենում»,- հայտնեց Ս. Սեյրանյանը:

Ընտանիքում

\"\"Նախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է դրել զավակների դաստիարակության հիմքում: Ասաց՝ հայրենասիրություն: «Չեմ հավակնում ինձ Սուխոմլինսկու տեղ դնել եւ դաստիարակչական «դեղատոմսեր» առաջարկել, բայց կարծում եմ, որ տղայի դաստիարակությունն ունի որոշակի նրբերանգներ. որքան շուտ է ծնողը նրան դաստիարակում հասուն կյանքով ապրելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, սեփական խնդիրները թեկուզ սխալների եւ քիթն արնոտելու ճանապարհով լուծելուն, այնքան դա ավելի օգտակար է լինում թե՛ այդ մարդու, թե՛ դաստիարակողի համար: Մասնագիտության ընտրության հարցում էլ որդիներս լրիվ անկախ են եղել: Երկու եղբայր, պայմանականորեն ասած, կիսել են իմ հետաքրքրություններն իրենց մասնագիտությունն ընտրելիս: Ավագ որդիս՝ Արմենը, Սլավոնական համալսարանի 4-րդ կուրսում քաղաքագիտություն է ուսումնասիրում, կրտսերը՝ Արամը, Մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսում է սովորում»,- պատմեց նախկին պատգամավորն ու լրագրողը (հիշեցնենք, որ պարոն Սեյրանյանը եղել է «Երկիր» թերթի խմբագիր եւ ԱԺ պատգամավոր): Հարցին՝ տղաները չե՞ն օգտվում առիթից, որ հայրը նախարար է, Ս. Սեյրանյանը պատասխանեց. «Ընդհակառակը, ինձ թվում է՝ իրենք որոշակի դիսկոմֆորտ են ապրում, կարծես լրացուցիչ լարվածություն, ձգվածություն են զգում»: Նախարարն անդրադարձավ նաեւ իր սիրելի շանը՝ Ջեքին. «Գերմանական հովվաշուն է, ութ տարի մեր տանն է եւ կարելի է ասել՝ մեր ընտանիքի անդամ է: Համենայնդեպս, տան անդամների, տան հյուրերի վերաբերմունքը նրա նկատմամբ՝ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում: Կարծում եմ՝ կենդանու հետ շփման ընթացքում մարդը սովորում է ավելի հավասարակշիռ, բարի, բնությանը մոտ լինել: Քաղաքային կենցաղով ապրող մարդկանց պարագայում կենդանիների հետ շփումն անհրաժեշտ է նաեւ ինչ-ինչ ներքին սթրեսներ հանելու իմաստով: Մի բան էլ ասեմ, բջջայինիս մեջ տղաներիս ու շանս նկարներն են»: Հարցրինք՝ լա՞վ ընկեր է նախարարը: «Չգիտեմ, լավ ընկեր եմ, թե ոչ, բայց սիրում եմ ընկերություն անել, սիրում եմ մանկության ընկերներիս, ուսանողական տարիների ընկերներիս, գործընկերներիս… Եթե որեւէ մեկի հետ ընկերություն անելիս ինչ-որ քայլեր եմ անում, նույնը դիմացինից չեմ ակնկալում, բայց շատ պահանջկոտ եմ իմ արած քայլերի նկատմամբ՝ իրենց գնահատականի առումով»: Ինչ վերաբերում է կանանց, ապա, ըստ նախարարի. «Ինչ-որ իմաստով մինչեւ վերջ չհասկացվող երեւույթ են նրանք, ու երեւի դրա մեջ է կանանց գրավչության գաղտնիքը: Կինը պետք է հետաքրքիր լինի, միայն արտաքինը նկատի չունեմ… Կինը պիտի լինի կանացի, գուցե \"\"տավտալոգիական արտահայտություն եմ անում՝ կինը պիտի Կին լինի: Ցանկալի է, որ խելացի էլ լինի: Խելոք կանանց հետ, բնականաբար, դժվար է շփվելը, բայց եթե տղամարդը ինքնավստահ է, խելացի, ռիսկով, ուրեմն շատ ավելի մեծ հաճույք է ունենում նման կանանց հետ շփվելիս»: Նախարար դառնալուց հետո «Առավոտին» տված առաջին հարցազրույցում Ս. Սեյրանյանն ասել էր, որ պաշտոններն անցողիկ են, մասնագիտությունները՝ մնայուն: Նա «բացեց» փակագծերը. «Մարդ կյանքի ընթացքում կարող է հանգամանքների բերումով, դեպքերի, իրադարձությունների զարգացման արդյունքում տարբեր պաշտոններ զբաղեցնել, նույնիսկ այնպիսի, որ գուցե այդ պաշտոնին նշանակվելուց մեկ շաբաթ առաջ իր կյանքի օրակարգում նախատեսված չի էլ եղել: Կարծում եմ՝ պաշտոնն ընդամենը հնարավորություն է գիտելիքների ու կարողությունների դրսեւորման համար: Պաշտոնները նաեւ հարստացնում են քո գիտելքիները եւ անցողիկ են, կենսափո՛րձն է մնայուն, որը դու պիտի օգտագործես կյանքում՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն ես զբաղեցնում»: Նախարարին հարցրինք՝ ինչպիսի՞ խաղալիքներ է նախընտրել մանուկ հասակում, ի՞նչ է երազել դառնալ: «Ինչ ասես երազել եմ դառնալ, ու չասեք դաշնակցական է, զենքի վրա երդվել է, դրա համար է ասում, բայց փոքր ժամանակ իմ խաղալիքները, որպես կանոն, եղել են զինվորիկներ, ֆուտբոլ եմ սիրել, հիմա էլ եմ խաղում, եթե ժամանակ է լինում: Խաղալիք ավտոմեքենաներ չեմ սիրել, հիմա էլ մեքենաների մոդելները չեմ տարբերում, մեքենաներից չեմ հասկանում, չեմ էլ ուզում հասկանալ: Առաջին գիտակցված ցանկությունս հնագետ դառնալն էր, ինչին նպաստեց 7-րդ դասարանում կարդացածս հայտնի գիրքը՝ «Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ»: Ընդունվեցի պատմության ֆակուլտետ, հետո հետաքրքրվեցի ազգագրությամբ՝ դրանից բխող հետեւանքներով»:

Պարզվում է, որ Սպարտակ Սեյրանյանն էլ, իր նախորդի՝ Լեւոն Մկրտչյանի նման համադամասեր (գուրման) չի: Եթե ԿԳ նախկին նախարարը նրբերշիկ է սիրում, ինչպես ասել էր հարցազրույցներից մեկում, ապա ներկայիս նախարարը նախընտրում է հնդկաձավար:

100 օր՝ ԿԳ նախարարի աթոռին

Շուտով լրանում է Ս. Սեյրանյանի պաշտոնավարման 100 օրը, ուստի հետաքրքիր էր տեղեկանալ, թե ի՞նչ հետեւություններ է արել՝ ոլորտի հետ կապված, ի՞նչ միտումներ է նկատել: «Շատ արագ անցավ 100 օրը: Եթե որեւէ մեկն ասի, որ ինքը ոչ թե 100, այլ 1000 կամ 10000 օրում ոլորտի բոլոր նրբերանգները կնկատի՝ մեծ գլուխգովություն արած կլինի: Կրթական համակարգը երկու կարեւոր առանձնահատկություն ունի: Մի կողմից պահանջում է ակտիվ ստեղծագործական մոտեցում բոլոր հարցերում, միաժամանակ էլ ենթադրում է իներցիոն գործընթաց, որովհետեւ նաեւ ահագին պահպանողական տարրեր ունի: Այստեղ արկածախնդրություն, արագ էֆեկտներ ենթադրող քայլեր անելու գայթակղությունը հղի է բացասական հետեւանքներով, մյուս կողմից էլ, եթե շփվում ես կենդանի մարդկանց հետ, ուրեմն պիտի ստեղծագործական մոտեցում ցուցաբերես: Համակարգը պիտի առողջ պահել իր կայունության մեջ եւ միեւնույն ժամանակ բաց՝ համաշխարհային նորույթների, նոր գաղափարների, մեթոդների փորձարկման համար: Կրթական համակարգի զարգացման օրակարգը համահունչ պիտի լինի համաշխարհային զարգացման օրակարգին, հակառակ դեպքում՝ կդատապարտվի պրովինցիալիզմի»,- պատասխանեց նախարարը: Նաեւ տեղեկացրեց, որ նախարարի պաշտոնն իրեն չի փոխել, ընդամենը ժամանակը չի հերիքում սիրելի հոբիների ու հետաքրքրությունների համար. «Մարդ չպետք է իր բնական կենցաղից, ապրելակերպից հրաժարվի միայն նրա համար, ինչ է թե՝ պաշտոն է ստացել: Երբ ապրելակերպդ փոխում ես՝ հետո դժվար է լինում նորից նույն «կաշվիդ» մեջ մտնելը, դառնում ես պաշտոնից կառչող: Իրականում պաշտոնը փոխում է միայն պատասխանատվությանդ աստիճանը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930