Լիբանանի հայկական համայնքի «Ֆայհա» երգչախմբի ղեկավար Պարգեւ Թասլաքյանը մտահոգված է, որ Լիբանանում ապրող հայ երիտասարդները քիչ են կարդում:
Լիբանանում այժմ բնակվում է շուրջ 500 000 հայ: Հայկական համայնքն ունի 5 պատգամավոր եւ 2 նախարար: Օրերս Հայաստանում էին լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները՝ նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: «Առավոտը» զրուցեց նրանց հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ն է կյանքը Լիբանանում, ի՞նչ դժվարություններ կան այնտեղ: Գեղանկարիչ Րաֆֆի Անտոնյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Շատ դժվար է օտար հողի վրա ստեղծագործելը, այլ բան է ապրել եւ ստեղծագործել Հայաստանում՝ մեր հայրենիքում: Լիբանանի արաբ գեղանկարիչների արվեստի հետ համեմատած՝ հայ արվեստագետների գործերն ավելի խոսուն եւ ճկուն են»: «Առավոտը» Ր. Անտոնյանից հետաքրքրվեց, թե Լիբանանում արվեստագետները կախում ունե՞ն իշխանություններից, այս կամ այն գործարարից, կամ որեւէ այլ բանից: Նա այս կապակցությամբ նշեց. «Այդպիսի երեւույթներ կային խորհրդային ժամանակներում: Մի՞թե Հայաստանում հիմա էլ կան նման բաներ…… Լիբանանում, բարեբախտաբար, այդպես չէ: Ոչ ոք արվեստագետին չի կարող խանգարել»: Ր. Անտոնյանը Համազգայինի «Թորոս Ռոսլին» կերպարվեստի դպրոցի հայաբնակ Այնճար գյուղաքաղաքի մասնաճյուղում այժմ կերպարվեստ է դասավանդում: Նրա փոխանցմամբ, հայ աշակերտներն այնքան էլ շատ չեն: Նրանից հետաքրքրվեցինք, թե Լիբանանում արվեստագետներն ի՞նչ ժանրում են ստեղծագործում եւ ո՞ր թեմատիկան է գերակշռում նրանց գործերում: «Կան այնպիսի արվեստագետներ, որոնք վերացական բաներ են պատկերում, իսկ իմ նկարները մուսալեռցիների ավանդույթներից են բխում: Որոշ ավանդական պատկերներ այժմ աստիճանաբար վերանում են: Ուստի իմ նկարների միջոցով ցանկանում եմ պահպանել դրանք եւ ցույց տալ ապագա սերունդներին, թե ինչ կյանքով էին ապրում մեր նախնիները»,- պատասխանեց պարոն Անտոնյանը: Գեղանկարիչը ծնվել եւ մեծացել է Լիբանանում: Նա 1979-ից Հայաստանում ուսանող մեծ եղբոր ուղարկած գրքերի միջոցով ծանոթացել է Սարյանի, Կոջոյանի, Խանջյանի եւ այլ արվեստագետների ստեղծագործություններին: «Երբ 2001-ին առաջին անգամ եղա Երեւանում եւ շրջեցի թանգարաններով, գրքերում տեսած այդ նկարների բնօրինակները տեսնելուն պես՝ ապշեցի: Քանի որ համարյա թե կապ չունենք հայաստանցի արվեստագետների հետ, այժմ ուզում եմ նոր կապեր հաստատել»,- տեղեկացրեց նա: «Առավոտը» հետաքրքրվեց, թե Լիբանանում տեղի ունեցող պատերազմն ի՞նչ ազդեցություն է ունեցել լիբանանահայ համայնքի վրա. «Պատերազմը շատ է խանգարում, ուղղակի քանդվում ես: Թափ առած սկսում ես աշխատել, մեկ էլ հանկարծ՝ պայթում է պատերազմը… Լիբանանահայ համայնքը անցյալ տարվա պատերազմից մեծ վնասներ չկրեց, ինչը չես ասի 1979-ի պատերազմի մասին: Հիմա իրավիճակը համեմատաբար հանդարտ է, բայց դեռ կա քաղաքական լարվածություն»:
Հիմնականում արաբներից կազմված «Ֆայհա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Պարգեւ Թասլաքյանն էլ մտահոգված էր. «Դժբախտաբար՝ հայ երիտասարդները լավ չեն ճանաչում հայ մեծերին, արվեստագետներին: Պատճառը տնտեսական ճգնաժամն է եւ ինտերնետը, ինչը թույլ չի տալիս նրանց շատ կարդալ: Բայց հայոց լեզուն լավ է պահպանվում: Լիբանանի կառավարությունը մեզ արտոնություն է տվել՝ հայկական դպրոցներում հայոց լեզու ուսուցանել: Իսկ քանի որ հայկական երգչախմբեր այնտեղ համարյա թե չկան, ավելի հեշտ է հայկական մշակույթը արաբների միջոցով աշխարհում տարածելը»: «Առավոտը» զրուցեց նաեւ արաբ երիտասարդների հետ, որոնք «Ֆայհա» երգչախմբի անդամներ էին: Ահլամ Աբու Բակերը ասաց. «Չնայած այժմ ունենք քաղաքական խնդիրներ եւ մեր կյանքը շատ դժվար ու վտանգավոր է դարձել, բայց, միեւնույն է, հպարտանում ենք մեր երկրով եւ կառավարությամբ: Սիրում ենք խաղաղությունը եւ ուզում, որ այն երկար տեւի»: Հետաքրքրվեցինք, թե երիտասարդների վրա պատերազմը ի՞նչ ազդեցություն է ունեցել: Արաբուհին պատասխանեց. «Այն մեզ ավելի աշխատասեր է դարձրել, մեր մեջ ներարկել է այն, որ ողջ աշխարհին ապացուցենք՝ մենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժողովուրդ ենք»: