Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ ՓՈՂԵՐԸ»

Սեպտեմբեր 06,2008 00:00

Մոսկվաբնակ երգչուհի, երգահան, պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը՝ հայկական շոու-բիզնեսի մասին

– Այսօր ավելի շատ կազմակերպչական հարցերով եք զբաղված, արդյո՞ք շոու-բիզնեսում երգչուհու Ձեր կարիերան արդեն ավարտվել է…

– Ինձ միշտ համարել եմ ավելի շատ հեղինակ-կատարող, քան՝ երգչուհի: Այդ պատճառով իմ երգացանկը, որոշ բացառություններով, հիմնականում բաղկացած է հեղինակային երգերիցս: Այսօր, որպես հեղինակ, ավելի բուռն է իմ ստեղծագործական կյանքը, քան՝ որպես կատարող: Սակայն չի նշանակում, որ երգչուհու կարիերան ավարտել եմ, պարզապես իմ ստեղծագործական ինքնարտահայտումն այժմ ավելի լայն ասպարեզ ունի: Ստեղծագործական ճանապարհի յուրաքանչյուր փուլում հնարավորություն է ընձեռվում իմ մեջ նոր կողմեր բացահայտել: Այսօր ինձ համար ավելի հետաքրքիր է գրել երաժշտություն կինոֆիլմերի եւ նոր ծրագրերի համար, որտեղ ես հանդիսանում եմ նաեւ որպես երաժշտական պրոդյուսեր եւ կարող եմ զրոյից ստեղծել բացառապես նոր, հետաքրքիր ու մասնագիտական տեսակետից շատ բարձր որակի երաժշտական նյութ: Իմ ամենասիրած ծրագրերից է «Երեւան-Մոսկվա-Տրանզիտը», որն իրականացել է «Շարմ» ընկերության հետ համատեղ, եւ այդ ծրագրի երաժշտական պրոդյուսերն եմ:

– Հետեւո՞ւմ եք հայաստանյան շոու-բիզնեսին: Նույնիսկ այսօրվա փոփ երաժշտության կնքահայր Արթուր Գրիգորյանը քննադատում է մեր օրերի էստրադան՝ բազմաթիվ «մուղամային» երգեր որակելով «կիրովաբադ», այն դեպքում, երբ այդ «կիրովաբադները» կատարում են իր պատրաստած երգիչ-երգչուհիները…

– Իհարկե, հետեւում եմ… Ներող կլինեք իմ անկեղծ խոսքերի համար, բայց այն, ինչ կա Հայաստանում, դժվար է անվանել շոու-բիզնես: Կան տաղանդավոր երգիչներ, երգահաններ, երաժիշտներ, սակայն չկա որակյալ վերջնական նյութ, որի բոլոր բաղկացուցիչ մասերը լինեն բարձր որակով: Ցավոք, Հայաստանում ձայնային ռեժիսորը, երաժշտական ձեւավորողը, բանաստեղծ-երգահանը հիմնականում ինքնուս են, ի տարբերություն ողջ աշխարհի: Եվ եթե նույնիսկ միջոցներ են ներդրվում հայաստանյան շոու-բիզնեսում, ապա դրանք ծախսվում են ոչ ճիշտ եւ անգրագետ, ու «արտադրանքի» վերջնական արդյունքն էլ վատ է լինում: Բացի այդ, Հայաստանում թիմային աշխատանքի ունակություն ոչ բոլորն ունեն:

– Անցումային տարիներին շատ արվեստագետներ ու երգարվեստի ներկայացուցիչներ հեռացան հայրենիքից, որոշներն էլ վերադարձան եւ ներկայումս ստեղծագործում են Հայաստանում: Հնարավո՞ր է մի օր վերադառնաք՝ այստեղ ծավալեք գործունեություն:

– Ես Մոսկվա վաղուց եմ մեկնել, եւ ոչ այն պատճառով, որ ինձ համար Հայաստանում լավ չէր: Կարծում եմ, որ ստեղծագործող մարդու համար բացարձակապես կարեւոր չէ, թե որտեղ է գտնվում: Եթե ունի ասելիք, ապա դա կարտահայտի աշխարհի ցանկացած ծայրից: Ինչ վերաբերում է Մոսկվայում հաստատվելուն, այստեղ ավելի հետաքրքիր է ստեղծագործական առումով: Միաժամանակ՝ սերտ կապեր ունեմ Հայաստանի հետ: Կարելի է ապրել Հայաստանում եւ մուղամներ երգել, սակայն ավելի լավ է ապրել Մոսկվայում եւ տարածել հայկական երաժշտությունը:

– Անդրադառնանք նաեւ ռուսաստանյան շոու-բիզնեսում՝ հայերին: Հայ երգիչներն, ի հակադրություն վրացիների, կարծում եմ, ռուսական շոու-բիզնեսում չունեն ծանրակշիռ տեղ: Միայն չասեք՝ Իրինա Ալեգրովան եւ Ֆիլիպ Կիրկորովն ազգությամբ հայեր են: Խոսքը վերաբերում է Հայաստանում ծնված ու կրթություն ստացած երգիչներին, ինչո՞ւ չէ՝ այդ թվում նաեւ Ձեզ:

–  Հայերը միշտ եղել են եւ, հուսով եմ, կլինեն ռուսական շոու-բիզնեսում: Նրանք, ում նշեցիք, եթե չեմ սխալվում, երբեք իրենց չեն համարել հայկական երաժշտության ներկայացուցիչներ: Թերեւս կարելի է նշել Իրինա Օտիեւային, Իգոր Սարուխանովին, Սոնային եւ այլ շատ տաղանդավոր երգիչների: Որպեսզի արվեստագետը ներկայացնի որեւէ երկիր, այդ երկիրը պետք է ունենա հստակ դիրք՝ իր մշակույթի զարգացման եւ արվեստագետների խրախուսման ուղղությամբ, այն գիտակցմամբ, որ երբեմն արվեստը կարող է անել ավելին, քան քաղաքականությունը: Մարդիկ ըմբռնում են այս կամ այն երկիրը՝ նրա մշակույթի միջոցով: Շոու-բիզնեսն իր խաղի կանոններն ունի: Թե ինչ տեղ է գրավում արվեստագետը՝ որոշում են նրանք, ովքեր այդ բիզնեսում ներդրումներ են անում: Այս հարցի լուծումն ամենավերջինն է կախված երգիչներից: Շոու-բիզնեսը չի հիմնվում միայն երգիչների վրա, որոնք, ըստ էության, միայն շոու-բիզնեսային սառցաժայռի տեսանելի գագաթն են: Բազմաթիվ երգահաններ, բանաստեղծներ, ռեժիսորներ եւ այլք այդ բիզնեսի անբաժանելի մասն են: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա հիշեցնեմ, որ սովետական էստրադայի մեծագույն մասը գրվել է հայ տաղանդաշատ երգահանների՝ Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հեքիմյանի, Կոնստանտին Օրբելյանի, Միքայել Թարիվերդիեւի կողմից: Իսկ ես հաստատուն դիրքորոշում ունեմ՝ զբաղվել շոու-բիզնեսով, բայց լինել ազատ արվեստագետ, հաշվի նստել ներկայիս խաղի կանոնների հետ, միեւնույն ժամանակ՝ ապրել իմ օրենքներով: Ընդ որում, «Երեւան-Մոսկվա-Տրանզիտ» ծրագիրը իմ՝ որպես հայուհու, դիրքորոշման արտացոլումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել