Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահներն ազատ չեն իրենց անելիքներում»

Սեպտեմբեր 06,2008 00:00

 \"\"Այս կարծիքին է Թուրքիայի «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատեճյանը

Պոլսահայությունը ոգեւորված է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Հայաստան այցով: Այդպես է կարծում Թուրքիայում հրատարակվող հայալեզու «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատեճյանը: Նա կիսում է Հայաստանի նախագահի կարծիքը, որ Գյուլի այցը Երեւան՝ կդառնա «նոր սիմվոլիկ մեկնարկ մեր հարաբերություններում»:

Թուրքիայի նախագահի այցի պատրվակը հայտնի է արդեն, որ ֆուտբոլն է լինելու. սեպտեմբերի 6-ին Երեւանում ֆուտբոլային հայ-թուրքական թիմերը կմրցեն երկու նախագահների երկրպագությամբ կամ առանց դրա: Քաղաքական առումով դա, ըստ «Մարմարայի» խմբագրապետի, թերեւս ոչինչ չի տա, բայց հոգեբանական առումով նպաստավոր կլինի երկու կողմի համար էլ, իսկ պոլսահայերի համար, Հատեճյանի համոզմամբ, դա պարզապես հոգեբանական աջակցություն է: «Մեզ համար շատ հաճելի է, որ մեր ապրած երկրի նախագահը մեր հայրենիքի նախագահի հրավերը ընդունել է»,- ասաց Ռոպեր Հատեճյանը՝ ավելացնելով, որ արգելք կարող է լինել թուրքական քաղաքական դաշտի ընդդիմությունը, որը կարող է պարզապես շահարկել այդ այցը: «Բացի այդ շատ լավ գիտենք, գաղտնիք չէ, որ նախագահները երբեմն ազատ չեն իրենց անելիքներում, որովհետեւ նրանց հետեւում լինում են այնպիսի ուժեր, որոնք նրանց «փեշերն են քաշում» եւ նրանց բարի դիտավորություններին արգելք լինում: Ինչպես շատ երկրներում, Թուրքիայում էլ կգտնվեն այդպիսի ուժեր, որոնք այս առիթն ի շահ իրենց կօգտագործեն»,- ասաց «Մարմարայի» խմբագիրը:

Գյուլի՝ Հայաստան գալու դեպքում Հատեճյանը չի բացառում, որ այստեղ հայերը կարող են բողոքի ակցիաներ կազմակերպելով՝ ըմբոստանալ. սա շատ է անհանգստացնում խմբագրապետին, նա մտահոգ է ու ասում է, թե իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի թուրք նախագահի հնարավոր այցը Հայաստան՝ հանգիստ անցնի: Նկատելով, որ հայ-թուրքական հանդիպումը ճակատ-ճակատի, ֆուտբոլային մրցույթում արդեն որոշակի անհանգստություն ենթադրում է, Հատեճյանը գտնում է. «Պետք է գիտակցենք, որ այդ հանդիպումը երկկողմ շահավետ է»: Իսկ ով կհաղթի՝ հայե՞րը, թե՝ թուրքերը. Պոլսո հայության մտավորական ներկայացուցիչը, չշտապելով կանխատեսել, ասում է՝ «թող շահի լավ խաղացողը, թուրքական խումբը վերջին մեկ տարում անակնկալ հաջողություններ արձանագրեց Եվրոպայի մարզադաշտերում, շատ զորացած մի խումբ է»:

Թուրք-հայկական պատմաբանների խմբի ստեղծման հետ կապված «Մարմարայի» խմբագիրը կարծում է, որ դրական ելք այդ նախաձեռնությունը չի ունենա: Սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ հանձնաժողովը ստեղծելու նախապայմանն է. պոլսահայ մտավորականն ասում է, թե որքան էլ հայերս պնդում ենք, որ պատրաստ ենք հայ-թուրքական համագործակցության՝ առանց նախապայմանների, այդուհանդերձ, այս դեպքում հստակ նախապայման կա՝ հանձնաժողովը ստեղծելուց առաջ բացել սահմանները: Այդպես չի լինի, ասում է Հատեճյանը, ավելացնելով, որ Թուրքիան սահմանները չի բացի, քանի որ դա ոչ միայն իր կամքի հարցն է, այլեւ՝ Ադրբեջանի եւ այլ երկրների, ասել է, թե՝ հանձնաժողովն էլ չի ստեղծվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել