Համաձայն քաղաքագետ Արմեն Այվազյանի, իշխանությունները հրաժարվում են համարժեք գնահատականներ տալ մեր
երկրի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, իսկ ոչ մասնագետները փորձում են հասարակությանը քաղաքագիտության դասեր տալ:
«Մենք այսօր հայ-թուրքական հարաբերություններում շատ հետաքրքիր զարգացումներ ունենք: Այդ հարաբերությունները համարում եմ հակամարտություն: Այդ հակամարտության մոտալուտ լուծման մասին խոսակցությունները հասել են հիստերիայի: Ամեն օր հեռուստատեսությամբ հանդես են գալիս գործիչներ, որոնք ասում են, թե այդ հարաբերությունները շուտով կլավանան: Նախագահ Գյուլի այցին տրվում է մի նշանակություն, որ բոլորովին այդ չունի: Արդյունքում մենք ունենալու ենք հիասթափված, ապակողմնորոշված մի զանգված, որն այդպես էլ չի հասկանալու, թե դա ի՞նչ էր նշանակում»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը: Հակադարձելով խոսակցություններին, թե շուտով հայ-թուրքական սահմանը բացվելու է, բանախոսը հավելեց. «Սահմանը չի բացվի առաջիկայում, դա հստակ է: Ընդամենը պետք է հասկանանք Թուրքիայի մոտիվները: Ինչո՞ւ է Թուրքիան փակել Հայաստանի սահմանը: Այս հարցը տալիս ենք մեզ: Սահմանը փակել են, որովհետեւ ցանկանում են առավելագույնս վնաս հասցնել Հայաստանին: Այս պահին, երբ ՀՀ տարանցիկ ճանապարհներն ավելի բարդ են, ինչո՞ւ պետք է Թուրքիան սահմանը բացի, եւ ճիշտ պահն է Հայաստանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար: Թուրքիան հարեւան պետություն է, բայց թշնամի հարեւան է: Այդ թշնամությունը չտեսնելը վտանգավոր է: Արդյո՞ք Թուրքիան թշնամական հարաբերություն չի վարում Հայաստանի նկատմամբ: Այսօր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մակարդակով առաջ են քաշում լոզունգներ՝ անցյալով չապրելու եւ ապագայով ապրելու մասին: ՀՖՖ նախագահը քաղաքագիտության դասեր է տալիս մեր հասարակությանը»:
«Առավոտի» հարցերին, թե այս շրջանում մեր իշխանությունների նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների սերտացմանն ուղղված քայլերը որեւէ ենթատե՞քստ են հետապնդում, եւ հետո՝ ֆուտբոլային խաղի օրը ՀՅԴ-ն հնարավոր է բողոքի ակցիաներ անի, միանալո՞ւ եք նրանց, առավել եւս, երբ թշնամի հարեւան եք համարում Թուրքիային, պարոն Այվազյանը, ըստ էության, հարցադրումը շրջանցեց եւ խոսեց հիմնականում Թուրքիայի կողմից սահմանների բացման հնարավոր ելքերի մասին. «Դաշնակցությունը քննադատում է Թուրքիայի քաղաքականությունը, ես քննադատում եմ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Սահմանը կբացեն միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի Թուրքիայի նախապայմանները՝ դադարեցնի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին աջակցությունը, Ադրբեջանի սցենարով լուծի Արցախի հիմնախնդիրը եւ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները: Այս երեք պայմանների ընդունումը հավասար կլինի կապիտուլյացիայի: Իրականում դրանք անհնար են: Արցախը հանձնել անհնար է: Դրա համար էլ Թուրքիան առաջ է քաշել այնպիսի պայմաններ, որոնք անհնար է ընդունելու համար եւ դրանք հնարավորություն կտան ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա: Մյուս դեպքում՝ սահմանը կբացվի այն ժամանակ, երբ Թուրքիան հաշվարկ անի եւ դրա արդյունքում տեսնի, որ դրա բացումը Հայաստանին ավելի մեծ վնաս կբերի, քան փակ լինելը…»:
Ա. Այվազյանը վտանգավոր համարեց նաեւ հետեւյալը. «Փոխվել է ՀՖՖ-ի լոգոն՝ մասիսները (նկատի ունի, որ լոգոյից հանվել է Արարատի նկարը- Գ. Մ.): Դեռեւս որեւէ զիջում չանելով՝ Թուրքիան արդեն շատ լուրջ զիջումներ է ստացել Հայաստանից: Այդ զիջումներն առկա են հայ քաղաքական իշխող վերնախավի բառապաշարում: Եթե կարդաք նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Wall Street Journal»-ում հունիսի 9-ին տպագրված հոդվածը, այնտեղ Ցեղասպանություն բառն առհասարակ չկա: «Ամենավիճահարույց» բառը անգլերեն տեքստում է արտահայտված, մինչդեռ հայերեն պաշտոնական թարգմանության մեջ, որը զետեղված է ՀՀ նախագահի կայքէջում, գրված է «ամենազգացական» բառը: Երկու դեպքում էլ գնահատականը սխալ է տրված, քանի որ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման ու ճանաչման գործընթացները ոչ վիճահարույց են, ոչ զգացական: Բայց արդեն այդ թարգմանությունը մտահոգիչ է»:
Ա. Այվազյանի ներկայացմամբ՝ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությանը որեւէ կերպ չի արձագանքում նաեւ միացյալ Հայաստանի մասին խոսող ՀՅԴ-ն. «Խոսում են միայն, որ իրենք բողոքելու են Գյուլի եւ Թուրքիայի քաղաքականության դեմ: Իսկ ո՞վ է բողոքելու ՀՀ իշխանությունների քաղաքականության դեմ: Այսօր ՀՅԴ-ն, լինելով կոալիցիայում, իրականում ավելի քիչ ազդեցություն ունի մեր երկրի արտաքին քաղաքական զարգացման վրա, որը մոտենում է զրոյի, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արմատական ընդդիմության ուժերը շատ ավելի մեծ ազդեցություն ունեն այդ հարցում»: