Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ

Սեպտեմբեր 06,2008 00:00

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, սկսեց Դավիթ Եղինյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Այս տարվա հունիսի 3-ին Հրազդան քաղաքում գտնվող ՀՀ հյուսիսային քրեական դատարանում Դ. Եղինյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը աշխատել է պաշտպանության նախարարության N զորամասում՝ որպես երրորդ դասակի հրամանատար: Նա մեղադրվել է առանց զորամասի հրամանատարության թույլտվության՝ զորամասը լքելու, ծառայության վայր չներկայանալու համար:

Երեկ Դ. Եղինյանը տեղեկացրեց, որ 1992 թ. մարտի 30-ից ծառայել է զինված ուժերում, մասնակցել է մարտական գործողությունների, եղել է դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետի տեղակալ: Նա 1994-ից կատարել էր գումարտակի շտաբի պետի, գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները: Ուներ կապիտանի կոչում: Դ. Եղինյանը տեղեկացրեց, որ զորամասի հրամանատարության փոփոխության պատճառով իրեն պաշտոնից իջեցրել են դասակի հրամանատարի եւ բողոքներից հետո, 1996-ի դեկտեմբերին հեռացրել են՝ աստիճանազրկելով մինչեւ շարքայինի: «1997-ից դիմումներ եմ հղել պաշտպանության նախարարության վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովին, որը հետաքննությունից հետո պարզեց, որ ինձ ապօրինի են հեռացրել եւ միջնորդությամբ դիմեց ՀՀ պաշտպանության նախարարին: Ըստ էության, ես պետք է վերականգնվեի եւ անցնեի ծառայության, սակայն պաշտպանության նախարարը միջնորդագրի վերջում նշել էր՝ «Կարիք չկա: Օգտագործեք ՀՀ-ում» եւ ստորագրել էր: 2003-ին Սպառազինության վարչության թիվ N զորամասից միջնորդեցին ինձ ընդունել ծառայության: Հարցազրույցի հրավիրվեցի գեներալ, փոխնախարար Խաչատուրովի մոտ»,- հայտնեց Դ. Եղինյանը: Ըստ նրա, փոխնախարարը հետաքրքրվել է, թե ինչու են իրեն հեռացրել բանակից, այնուհետեւ տվել հրաման՝ երրորդ դասակի հրամանատար աշխատելու համար: Նրանք կարգադրել էին շարքայինին դուրս գալ ծառայության՝ կապիտանի համազգեստով:

«Շուրջ 14 ամիս ծառայելու ընթացքում դիմել եմ իմ հրամանատարությանը՝ հիշեցնելով կոչումիս մասին: Ի վերջո, 2004թ. ապրիլին ինձ ներկայացրին կադրերի վարչության պետ Մ. Կարապետյանին, գեներալ-լեյտենանտ Ա. Աղաբեկյանին, որը, տեսնելով ինձ կապիտանի ուսադիրներով, անմիջապես դուրս վռնդեց: Ընդունարանում սպասեցի Մ. Կարապետյանին, որպեսզի ճշտեմ, թե այդ ամենը ինչ էր նշանակում: Վերջինս ինձ բացատրեց, որ ես ծառայությունից այլեւս հեռացված եմ»,- վերաքննիչ բողոքում նշել է Դ. Եղինյանը: Վերջինս վերադարձել է զորամաս, այդ ամենը պատմել հրամանատարին եւ զգուշացրել, որ այլեւս ծառայության չի ներկայանա: Այդպես էլ վարվել է: 2004 թ. հեռացել է Հայաստանից, բնակվել Նովոռոսիյսկ քաղաքում: 2007-ի նոյեմբերին, երբ մեկնել է որդու մոտ՝ Դոնի Ռոստով, երկաթուղային կայարանում ոստիկանության աշխատակիցները նրան իջեցրել են գնացքից՝ ասելով, որ հետախուզման մեջ է ՀՀ-ի կողմից: 5 ամիս պահվել է Ռոստովի թիվ 1 մեկուսարանում, 2008-ի ապրիլի 22-ին Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից բերվել է Հայաստան: Եթե Դ. Եղինյանը իրեն մեղավոր ճանաչեր, ապա նա պատիժն ամբողջությամբ կրել է եւ կարող էր լինել ազատության մեջ, սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչում: «Առավոտի» հետ հեռակա զրույցի ժամանակ նշեց, որ խուզարկության ժամանակ Դոնի Ռոստովի թիվ 1 մեկուսարանում իրենից վերցված իրերը եւ գումարը չեն վերադարձվել: Զինվորականի անձնական գործում գրված է, որ նա ունի բարձրագույն կրթություն, սակայն հայտնեց, որ չունի բարձրագույն կրթություն: Գործի նյութերում գրված էր, որ ամուրի է, սակայն պարզվեց, որ ամուսնալուծված է եւ նրա խնամքին են գտնվում 70-ամյա մայրը, քույրը եւ դուստրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել