Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

60 ԸՆՏԱՆԻՔ ԿՎՏԱՐՎԻ

Սեպտեմբեր 06,2008 00:00

Վթարային շենքի բնակիչները կհայտնվեն փողոցում

Օրերս մի խումբ ոստիկաններ, Նոր Նորքի թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ՝ միացյալ ուժերով, Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 հասցեից 60 ընտանիքի փորձում էին վտարել: Սակայն, քանի որ այդ ընտանիքների մի մասն իրենց նախկին բնակարաններից վտարվելու հարուստ փորձ ուներ, չինովնիկներին այս անգամ չհաջողվեց նրանց այդպես հեշտ ու հանգիստ բնակարաններից հանել: Ջուղայի թիվ 5 շենքը Երեւանի քաղաքապետարանի կողմից տարիներ առաջ համարվել է 4-րդ կարգի վթարային: Այդ պատճառով այս տարվա հունիսին շենքի հիմնական բնակիչները քաղաքապետարանի նախաձեռնությամբ այլ համայնքներում բնակարաններ են ստացել՝ վթարային շենքի բնակարանները թողնելով անտեր: Օգտվելով առիթից, որ շենքը դատարկ է, հանգամանքների բերումով անօթեւան մնացած տասնյակ ընտանիքներ տնավորվել են ու սեփական միջոցներով բնակարանները փոքր-ինչ կարգի բերել:

Շենքի նոր բնակիչ Սվետլանա Անանիկյանը Հյուսիսային պողոտայի «զոհերից» է: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, որ այդտեղ է հայտնվել, քանի որ պետության տված փոխհատուցումով չի կարողացել տուն գնել, եւ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում վարձով մնալուց հետո տեղափոխվել է այստեղ: Տիկին Սվետլանայի խոսքերով. «Ես լավ գիտեմ, թե քաղաքի որ մասում ինչ կարգի վթարային շենք կա: Դեռեւս 1964-ին այս շենքը համարվել է 4-րդ կարգի վթարային: Սակայն այն ժամանակ շենքը դատարկվել է կիսով չափ, հետո եկել են նոր բնակիչներ եւ այդպես էլ ոչ մի ամրացում չի կատարվել: Վերջին տարիներին շենքը դարձավ 3-րդ կարգի վթարային, բայց նշեմ, որ այս տարիների ընթացքում վերանորոգում կամ ամրացում չի եղել, հետո, չգիտեմ ինչու, դարձավ 4-րդ կարգի: Ասեմ նաեւ, որ կառավարության ոչ մի որոշում չկա այս շենքի ճակատագրի վերաբերյալ: Օրերս մենք նամակով դիմել ենք վարչապետ Տիգրան Սարգսյանին, սակայն դեռ ոչ մի պատասխան չենք ստացել»:

Սվետլանա Անանիկյանն արդեն մեկ ամսից ավելի է, որ այս շենքում է ապրում: Նրա պատմելով, երբ ինքն եկել է այդ շենքը՝ այն լցված է եղել աղբով. «Մենք մեր միջոցներով 20-30 մեքենա աղբ ենք հանել շենքի նկուղներից: Տարածքի բոլոր շենքերի բնակիչներն իրենց աղբն այստեղ էին թափում: Նախկին բնակիչներին քաղաքապետարանի եւ թաղապետարանի չինովնիկները հրահանգել են շենքը լքելիս ջրի ծորակները բաց թողնել, որպեսզի շենքը նստի, բայց եթե այդքանից հետո ոչ մի բան չի պատահել շենքին եւ այն չի վնասվել, ի՞նչ կարիք կա այն քանդելու եւ կրկին վերակառուցելու: Ամենայն հավանականությամբ, շենքի առջեւի եւ հետեւի տարածքներն էլ են ցանկանում վաճառել ու գումար աշխատել: Այդ չինովնիկները մեզ ոչ մի օրինական փաստաթուղթ կամ որոշում չեն ներկայացնում, ըստ որի՝ մենք պետք է լքենք այս շենքը, միայն հրահանգում են»: Ս. Անանիկյանի խոսքերով՝ թաղապետարանի պաշտոնյաները անհանգստացել են այն պահից, երբ իմացել են, որ շենքի նոր բնակիչները ծրագրել են հոսանք անցկացնել. «Նրանք եկան, եղած ջրագծերը ջարդեցին, էլեկտրաէներգիայի լարերը կտրեցին ու հեռացան: Եթե օրինական է իրենց գործողությունները, ինչո՞ւ են այդպես վարվում»:

Շենքի մեկ այլ բնակիչ՝ Նաիրա Կարապետյանը նույնպես անտուն է: Նա ամուսնալուծված է եւ իր նորածին երեխայի հետ գնալու տեղ չունի. «Երեխաս փոքր է՝ այդ պատճառով չեմ կարողանում աշխատել, որպեսզի տան վարձ տամ: Լավ կյանքից չենք այստեղ»:

Ասպրամ Պետրոսյանն էլ միայնակ մայր է: Նա խնամում է 22 տարեկան խուլ ու համր որդուն եւ անչափահաս դստերը. «Շուրջ 22 տարի ցանկանում եմ հերթագրվել ու տուն ստանալ, բայց ամեն անգամ մերժում են: Վերջին անգամ այս տարվա մայիսին քաղաքապետարանից ասացին, որ ինձ համար տարածք չկա: Ինչքա՞ն ենք դրսում ապրելու»:

Գավառի մանկատանը մեծացած միայնակ մայր Հասմիկ Բեգլարյանի ողնաշարը վնասված է. «Այս վիճակով չեմ կարող աշխատել, տեղ չունեմ ապրելու, ո՞ւր գնամ»:

«Առավոտի» հարցին, թե շենքի բնակիչներին վտարելուց հետո նրանց պետությունը ապահովելո՞ւ է գոնե ժամանակավոր կացարանով, քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատակից Մերուժան Ավդալյանը, որը վտարման գործընթացի պահին շենքի բակում բացատրական աշխատանք էր տանում, ասաց. «Եթե մենք հնարավորություն ունենայինք այս շենքն ամրացնելու, ապա եղած սուղ պայմաններում հիմնական բնակիչներին նոր բնակարաններ չէինք տա, այլ շենքը կվերանորոգեինք»:

Նոր Նորքի թաղապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ Վարդան Հարությունյանն ասաց, որ բազմաթիվ անգամ նախազգուշացրել են բնակիչներին, որ շենքը ենթակա է քանդման եւ նրանք պետք է դուրս գան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել