Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքները զարգանում են անհավասարաչափ

Սեպտեմբեր 06,2008 00:00

Պետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիայի գումարը հաշվարկելու ժամանակ շատ կարեւոր կետեր անտեսվում են:

Համայնքների ֆինանսավորման համար ամեն տարի պետությունը ծախսում է պետբյուջեի եկամուտների 4%-ը: Մինչ այսօր ՀՀ համայնքների միջեւ պետության ֆինանսական միջոցները բաշխվել են խիստ անհավասարաչափ. անկախ համայնքի կարիքավորության աստիճանից՝ դոտացիա են ստացել բոլոր համայնքներն առանց բացառության: Բացի այդ, ավելի շատ խնդիրներ ունեցող համայնքներին պետությունը տրամադրում է այնքան դոտացիա, որքան անհամեմատ լավ վիճակում գտնվող համայնքներին: Արդյունքում, ֆինանսական միջոցների ոչ համաչափ բաշխման հետեւանքով, դրանք սկսել են զարգանալ անհավասարաչափ: Օրինակ, 300 եւ պակաս բնակչություն ունեցող համայնքները, որոնցից 36-ն ունեն մինչեւ 100 բնակիչ, 60-ը՝ մինչեւ 200 բնակիչ, 97-ը՝ մինչեւ 300 բնակիչ, այսօր դոտացիա են ստանում հավասարաչափ՝ 2 միլիոն դրամ, մինչդեռ 300-ից ընդամենը մի քանի հոգի ավելի բնակիչ ունեցող 78 համայնքներ ստանում են դրանից անհամեմատ քիչ գումար: Օրինակ, մայրաքաղաք Երեւանը, որն անհամեմատ ավելի քիչ խնդիրներ ունի, քան, ասենք, հանրապետության մյուս բոլոր քաղաքները, ստանում է 4,9 մլրդ դրամ դոտացիա, որն ընդհանուր գումարի շուրջ 31 %-ն է: Դոտացիայի տրամադրման այս մեթոդը, ըստ մասնագետների, չի նպաստում, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները շահագրգռված լինեն բարձրացնելու սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը: Այս ոլորտում առկա բազմաթիվ բացերն ու թերությունները շտկելու եւ հարկերից գոյացող բյուջետային միջոցները համայնքներին նպատակային բաշխելու համար, տարածքային կառավարման նախարարությունը մշակել է «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրինագիծ, որն արդեն արժանացել է կառավարության հավանությանը:

Երեկ նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ նոր օրինագծում հաշվի են առնվել նախկինում անտեսված մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Հայաստանում կան շատ փոքրաթիվ բնակչությամբ համայնքներ, որոնք անգամ իրենց պարտադիր լիազորությունների համար չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Նախատեսվում է այդ համայնքներին դոտացիաների կազմում տրամադրել լրացուցիչ գումարներ: Ըստ նոր օրինագծի, համայնքներին հասանելիք գումարները պետք է հատկացվեն ամիսը մեկ անգամ՝ հավասար չափաբաժիններով, իսկ համահարթեցման սկզբունքով տրամադրվող միջոցների հաշվարկը պետք է իրականացվի օրենքով սահմանված բանաձեւի միջոցով, եւ դրանց արդյունքները պետք է պարտադիր հրապարակվեն: Վ. Տերտերյանի ներկայացմամբ, նոր օրինագծում հաշվի են առնվել նաեւ մի շարք կարեւոր ցուցանիշներ, օրինակ, համայնքի բարձրադիրությունը, հեռավորությունը մայրաքաղաքից կամ մարզկենտրոնից, կարեւորվում է նաեւ համայնքի բնակչության թիվը, տարիքային կառուցվածքը ու այն, թե քանիսն են աշխատող եւ քանիսը՝ անաշխատունակ: Ըստ Վ. Տերտերյանի, այս չափանիշները հաշվի առնելու դեպքում հնարավոր կլինի հասնել այն բանին, որ համայնքները զարգանան հավասարաչափ:

Փոխնախարարի ներկայացմամբ, «Համահարթեցման նոր օրենքը հնարավորություն է տալիս գտնել այն համայնքները, որոնց խնդիրները շատ են ու ավելի վատ վիճակում են գտնվում: Արդյունքում լինելու է այնպես, որ առաջին տարիներին ավելի ինտենսիվ կզարգացնենք ներքեւում հայտնված համայնքները, հետո այդ ցուցանիշը կփոխենք եւ տակի համայնքները վերեւ կհանենք: Այսինքն, ուղղորդված ու մեծ ռեսուրս կտանք ավելի պրոբլեմատիկ համայնքներին՝ շանս տալով արագ վեր գնալու»:

Ըստ Վ. Տերտերյանի, այսօր հանրապետության գրեթե բոլոր մարզերում կան խնդիրներ ունեցող համայնքներ, սակայն դրանք հիմնականում Սյունիքի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Արագածոտնի մարզերում են: Հարցին, թե պետության կողմից տրամադրվող դոտացիան չի՞ նպաստի, որ համայնքները թերանան իրենց եկամուտների հավաքագրման գործում, «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանի հավաստմամբ, դա տեղի չի ունենա, քանի որ ավելի շատ եկամուտ հավաքագրելու դեպքում պետության կողմից նրանց տրամադրվող դոտացիան չի պակասելու: Անդրադառնալով մինչ օրս գործող «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքին, փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք ի սկզբանե էլ տեղյակ են եղել օրենքի թերություններին, սակայն այդ օրենքի ստեղծման ժամանակ ունեին ավելի շատ դեկլարատիվ բնույթ կրող տեղական ինքնակառավարում, որը ձեւավորման փուլում էր գտնվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել