Եթե «Մարտի 1-ի» հանձնաժողովն իրոք քննարկի կալանավոր Ֆելիքս Գեւորգյանի դիմումը՝ կարող են պարզվել շատ ուշագրավ մանրամասներ:
Մինչ այժմ հատուկ քննչական ծառայությունը որեւէ մեկին չէր մեղադրել մարտի 1-ին հրազեն գործադրելու համար: Սակայն սեպտեմբերի 2-ին դատախազությունն ազդարարեց նման գործի ավարտի եւ այն Երեւանի քրեական դատարան ուղարկելու մասին: Այն է՝ Զովունի գյուղի բնակիչ Ֆելիքս Գեւորգյանը մարտի 1-ին, տեղեկանալով, որ Երեւանում «ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, որոշել է անձամբ գնալ Երեւան եւ մասնակցել դրանց»: Ժամը 21-ի սահմաններում գնացել է Երեւան՝ իր հետ վերցնելով ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգը եւ մի քանի փամփուշտ, եւ ժամը 23:30-ի սահմաններում Պարոնյան փողոցում մասնավորապես «զանգվածային անկարգությունների մասնակիցներին ոգեշնչելու նպատակով»՝ ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:
Սեպտեմբերի 4-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի քննարկմանն է ուղարկել Ֆելիքս Գեւորգյանի դիմումը՝ «ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կողմից իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու վերաբերյալ»: Այս դիմումում Ֆելիքս Գեւորգյանը պատմում է, որ սեպտեմբերի 4-ի առավոտյան իր մոտ է եկել Արմեն Մարտիրոսյանը, հետաքրքրվել, թե ո՞ւմ հետ է նստած խցում, իրեն ճնշում կամ ծեծե՞լ են, թե՞ ոչ, նաեւ համոզել, որ փաստաբան վերցնի: Ինքն էլ հրաժարվել է ամեն ինչից, պնդել, թե իր գործը սարքած չէ, ինքը քաղբանտարկյալ չէ, ու որ նա հեռանա: Գլխավոր դատախազին էլ խնդրել է արգելել. «Սրանից հետո՝ ծնողներից բացի, իմ մոտ ոչ ոք չգա, չխառնվի իմ գործերին ու մուտիլովկաներ չանի: Միաժամանակ խնդրում եմ իմ նկատմամբ ինչքան հնարավոր է մեղմ վարվել»:
Արմեն Մարտիրոսյանն, անդրադառնալով այս դիմումին, «Առավոտին» պատմեց. «Ես այցելել էի նրան, քանի որ ահազանգ էի ստացել Ֆելիքս Գեւորգյանի հորից, թե որդու նկատմամբ կիրառվել է բռնություն՝ մինչեւ մեկուսարան բերելը: Եվ ես այնտեղ իմ առջեւ տեսա շատ վախեցած, ահաբեկված մի անձնավորության: Կարծում եմ, այս ամենը դրա շարունակությունն է: Ինչ վերաբերում է նրա ասածներին՝ այո՛, ես նրան հարցրել եմ, թե արդյոք իրեն ճնշե՞լ, ահաբեկե՞լ են, արդյոք նրա նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառվե՞լ է, արդյոք ինքը փաստաբան ունի՞, իրեն անհրաժե՞շտ է իրավաբանական օգնություն: Եվ այդ կապակցությամբ նրան ասել եմ, որ երբ ինքս էլ գնում եմ հարցաքննության՝ անպայման ինձ հետ փաստաբան է գալիս, քանի որ իրավական գրագիտությունն, այնուամենայնիվ, նման դեպքերում անհրաժեշտ է: Հիմա թող դատախազությունը հստակեցնի, թե այսպիսով ես ինչպե՞ս եմ գործադրել «հոգեբանական ճնշում»: Ես ընդամենը նրա հետ զրուցել եմ, ընդ որում՝ շատ կարճ»:
Ֆելիքս Գեւորգյանի հայրը, որը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Պետրոս Գեւորգյանն է, երեկ օրվա վերջում հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է, թե իր որդին ձերբակալվել է հունիսի 26-ին՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով. «Խուզարկությունից հետո տղայիս ներկայացրած զենքը իրավապահները մեր տանը ներկայացրել են որպես կամովին հանձնած զենք, ինչն ազատում է պատասխանատվությունից: Սակայն հետո արդեն մեզ պարզ դարձավ, որ տղայիս մեղադրանք է առաջադրվել ինչպես խուզարկությամբ հայտնաբերված ապօրինի զենք կրելու, այնպես էլ մարտի 1-2-ի դեպքերին մասնակցություն ունենալու համար: 2 ամիս կալանքի ընթացքում տղաս զարմանալիորեն հրաժարվում էր փաստաբանի ծառայությունից. որպես ծնող զգում էի որոշակի տարօրինակ պահվածք, ինչը, ենթադրեցի, որ ծեծի կամ այլ ճնշումների արդյունք է: Եվ քանի որ ես չէի կարող անձամբ պարզել այդ հարցերը, դիմել եմ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին՝ խնդրանքով, այցելել որդուս եւ պարզել, թե որքանով են հիմնավոր իմ կասկածները եւ ինչն է պատճառը, որ նա հրաժարվում է փաստաբանի օգնությունից:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱԺ պատգամավորին, ով միանգամից ընդունեց իմ խնդրանքը եւ այցելեց տղայիս եւ ինչ-որ մասով փարատեց կասկածներս: Արմեն Մարտիրոսյանը գործել է իմ խնդրանքով եւ խոսակցության առարկան, որքան ինձ հայտնի է, եղել է տղայիս առողջական վիճակի, կալանքի ընթացքում նրա նկատմամբ վերաբերմունքի եւ փաստաբանական ծառայությունից օգտվելու մասին»:
Ի դեպ, տեղեկություններ կան, թե Ֆելիքս Գեւորգյանը հրաժարվել է փաստաբան ունենալուց՝ այն պատճառաբանությամբ, որ իրեն ասել են՝ «եթե փաստաբան ներգրավվի, իր համար շատ վատ կլինի»: