Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Թուրքիայի նախագահի այցից հետո գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել:
«Հայաստանը պետք է փորձի ինչ-որ կերպ դիմակայել ընթացող աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական զարգացումներին, քանի որ մեր երկիրը ոչ թե գործոն է, այլ այդ զարգացումների հիմնական մասնակիցներից մեկը»,- ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ այս երկարատեւ եւ հեռուն գնացող գործընթացում մեր երկրին օդի եւ ջրի նման անհրաժեշտ են լեգիտիմ իշխանություններ եւ կայուն հասարակարգ՝ «որպեսզի կարողանանք փոքր կամ մեծ գործոն լինել, եւ, եթե չասեմ՝ շահեկան դուրս գանք այս իրավիճակից, ապա գոնե հնարավորինս քիչ կորուստներ ունենանք»: Այս համատեքստում Հ. Հովհաննիսյանը ոչ միայն համակարծիք է այն կանխատեսումներին, որ մինչեւ հունվար Հայաստանում կհասունանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այլ պահանջում է նաեւ նոր նախագահական ընտրություններ. «Մեզ հիմա պետք է մի փոքր դադար եւ լեգիտիմ ընտրություններ»: Միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր զրուցակիցը չի համարում ընդդիմության հաղթանակ, քանի որ արմատականների պայքարը կեղծված նախագահական ընտրությունների դեմ է, բայց դեմ չէ պայմանականորեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակել իբրեւ հաղթանակի առաջին փուլ:
Այսօր կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին ԱԺ նախկին պատգամավորը հետուստաէկրանից կհետեւի: «Առավոտի» դիտարկմանը՝ մեր հավաքականին չե՞ք վստահում, թե՞ պատճառն այն է, որ նույն մարզադաշտում են լինելու Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը, Հ. Հովհաննիսյանն արձագանքեց. «Նման խնդիր չկա, մեր երկրի հավաքականն է, մեր տղաներն են: Ես նման կոմպլեքս չունեմ եւ իմ քաղաքական տեսակետները սպորտի վրա չեմ տարածում, պարզապես Երեւանում շատ վաղուց ֆուտբոլ չեմ գնացել: Ընդհանրապես, վերջին մի տարին նման մասսայական տեղեր՝ համերգներ, թատրոններ, օպերա չեմ գնում, քանի որ իմ ընկերներից շատերը բանտում են, կան զոհված մարդիկ, այնպես որ, կարծում եմ՝ հիմա նման տեղեր գնալու ժամանակը չէ»: Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս չտարվել պատրանքներով, թե Թուրքիայի նախագահի այցը կարող է երկու երկրների հարաբերություններում շրջադարձ լինել. «Եթե Գյուլը ՀՀ գար իրականում Հայաստանի հրավերով՝ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների արդյունքում կարող էր ինչ-որ տեղաշարժ լինել: Բայց իրականում Գյուլի այցը պայմանավորված է ինչ-որ երրորդ երկրի՝ չասեմ ճնշմամբ՝ միջնորդությամբ, ուստի լուրջ տնտեսական համագործակցություն սպասելը միամտություն է: Դեռ տա Աստված, որ այդ այցից հետո հակառակ պրոցես չգնա եւ հակասությունները շատ ավելի չխորանան»: Ի՞նչն է մեր զրուցակցին նման մտահոգության առիթ տալիս: «Իրավիճակը սրվում է, եւ Թուրքիան էլ այն պետությունը չէ, որ իր շահերից կամ իր բարեկամ երկրների շահերից վերեւ կկանգնի, կփորձի Հայաստանի հետ բարեկամություն անել, քաղաքական կամ տնտեսական հարաբերություններ ձեւավորել: Այս այցից հետո նաեւ Թուրքիայի ներսում լուրջ գործընթացներ կգնան: Դրանք հիմա էլ կան՝ Թուրքիայի ընդդիմություն, տարբեր քաղաքական ուժեր, այցից հետո կարող է Թուրքիայում ներքին ճնշումներն այնքան մեծ լինեն, որ չեղած հարաբերությունները մնան էլի չեղած»,- ասում է ԱԺ նախկին պատգամավորը:
Քանի որ պարոն Հովհաննիսյանը նույնպես կողմնակից է, որ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումներում կտրուկ եւ լուրջ փոփոխություններ լինեն՝ խնդրեցինք նշել մի քանի հիմնական թեզեր, որոնք պետք է որդեգրի Հայաստանը. «Հայաստանը նախեւառաջ իր ներքին հարցերը պիտի լուծի, ներքին կայունություն ապահովի, դրա համար Հայաստանում պիտի համապետական ընտրություններ անցնեն: Ձեւավորվի լեգիտիմ, կայուն, հասարակության ճնշող մեծամասնության վստահությունը վայելող իշխանություն, որը կմշակի նոր արտաքին քաղաքական դոկտրինա: Առանց լեգիտիմ իշխանության՝ նոր քաղաքական ուղեգիծը կամ նոր ակցենտները սին խոսակցություններ են»: