Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 06,2008 00:00

Որպես այդպիսին է համարվում «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների գործը մեկ փաթեթով դատարան ուղարկելը

«7»-ի գործը միասին կմտնի դատարան

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ավարտվել է «Մարտի 1»-ի քրգործով նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով նախաքննությունը: Ըստ այդ տեղեկատվության, «նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտությունից հետո Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը եւ մյուսները, համոզվելով, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով իշխանության գալ հնարավոր չէ, ՀՀ-ում պետական իշխանությունը յուրացնելու ուղղակի դիտավորությամբ եւ նպատակով, գալով համաձայնության? յուրաքանչյուրն ըստ իրեն վերապահված դերաբաշխման, կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են պետության ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, պետական համակարգը քայքայելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ»: Ավելին, «նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ Մ. Մալխասյանի, Ս. Միքայելյանի, Հ. Հակոբյանի, Ալ. Արզումանյանի, Շ. Հարությունյանի, Գ. Ոսկերչյանի եւ Ս. Սիրունյանի կողմից քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնց հիման վրա էլ նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին, նաեւ 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում», «պետական իշխանության յուրացում», «զենք-զինամթերք կրելը»: Նշված 7 մեղադրյալների վերաբերյալ գործի նյութերն անջատվել են առանձին վարույթ եւ արդեն սեպտեմբերի 4-ին նրանց հայտնվել է նախաքննության ավարտի մասին, սահմանվել է քրգործի նյութերին ծանոթանալու ժամկետ:

Մեկնաբանելով 7 կալանավորվածների գործերը մեկ փաթեթով դատարան ուղարկելու դատախազության մտադրությունը, կալանավորվածներից մի քանիսի պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, թե դրանում տրամաբանություն չի տեսնում: «Անհնարին է որեւէ տրամաբանություն փնտրել եւ ենթադրել, թե՝ ինչո՞ւ է հատկապես 7-ի նկատմամբ գործը փաթեթով ուղարկվում դատարան, երբ, օրինակ՝ «պետական իշխանությունը յուրացնելու» մեղադրանքը առաջադրված է նաեւ հետախուզման մեջ չգտնվող եւս 4 հոգու՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Կարապետ Ռուբինյանի, Գուրգեն Եղիազարյանի, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանի նկատմամբ: Գուցե դրանից պետք է հասկանալ, որ մնացած չորսը պահվում են որպես՝ պատա՞նդ»: Ըստ պաշտպանի, սույն մեղադրանքն անհեթեթ ու զավեշտալի է, որովհետեւ ներկայացվում է, թե այդ 7 հոգու միջեւ կոնկրետ դերաբաշխում է եղել, այն դեպքում, «երբ քրգործի 40 հատորում նույնիսկ մեկ տող չկա այն մասին, որ այդ անձինք երբեւէ, թեկուզ մեկ րոպեով, միասին որեւէ տեղ հավաքված լինեն»: Հ. Արսենյանը կարծում է, որ այդ որոշմամբ իշխանությունն ու իրավապահներն ուզում են քաղաքական խնդիր լուծել՝ սպառնալ, ճնշել հասարակությանն ու քաղբանտարկյալներին, շարժումը տեղայնացնել, ինչը, սակայն, նրա գնահատմամբ՝ ապարդյուն է լինելու:

Նա համաձայնեց մեր դիտարկմանը, թե յոթ մեղադրյալի՝ դատարանի նույն դահլիճում, նրանց հարազատների, մի քանի փաստաբանների մասնակցությամբ քննելը հակառակը՝ ավելի մեծ քաղաքական եւ հասարակական հնչողություն կհաղորդի գործին՝ սեւեռելով հայաստանցիների, նաեւ միջազգային հանրության ուշադրությունը դատավարության վրա: «Կարծում եմ, որոշ շրջանակներ հենց դա էլ ուզում են՝ հետապնդելով այլ նպատակներ: Նրանք փորձում են ցույց տալ, որ ՀՀ նախագահի պաշտոնն այս պահին ստանձնած մարդը չի տիրապետում իրավիճակին, որովհետեւ հասարակական ընդվզումներ առաջացնելը ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի դեմ»,- հայտարարեց պաշտպանը: Նրա դիտարկմամբ, դա արվում է պաշտոնատար որոշ անձանց կողմից՝ Ս. Սարգսյանի դեմ նոր ճակատ բացելու եւ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական թատերաբեմ վերադարձնելու համար:

Դատական սկանդալները շարունակվում են

Երեկ Երեւանի քրեական դատարանում ընթացել է ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի «Սիլ» կոնցեռնին պատկանող «Պիցցա դի Ռոմա»-ի մատուցողուհի Անուշ Ղավալյանի եւ տնօրեն Գեւորգ Սաֆարյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը մեղադրվում է խոշոր չափով հարկեր, տուրքեր չարամտորեն թաքցնելու, իսկ Ա. Ղավալյանը՝ դրան օժանդակելու մեջ: Մեղադրյալների երեք պաշտպանները, «Ա1+»-ի մատուցմամբ, երեկ իրենց պաշտպանյալների համաձայնությամբ լքել են դատարանի դահլիճը, անտեսելով դատավոր Եվա Դարբինյանի հորդորներն ու սպառնալիքները՝ դատարանի նկատմամբ նրանց դրսեւորած անհարգալից վերաբերմունքի համար Փաստաբանների պալատին առաջարկել նրանց նկատմամբ «կարգապահական վարույթ սկսել»: Նախորդ երեք դատական նիստերի ժամանակ համանման, նաեւ երեկվա իրենց քայլը պաշտպանները պատճառաբանել են նրանով, որ «դատավարությունը չի համապատասխանում միջազգային նորմերի պահանջներին ու հակաօրինական է, որ այս դատավորությունը դուրս է խաղի բոլոր կանոններից. պաշտպանական կողմի բոլոր իրավունքներն այստեղ բացահայտ ոտնահարվում են»:

Հերթը հասավ վկային

Նույն աղբյուրի փոխանցմամբ, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը 1.5 տարվա ազատազրկման է դատապարտել «իշխանության ներկայացուցչի կյանքի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու» մեջ մեղադրվող Արման Շահինյանին: Վերջինս Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի բարեկամն է: Հիշեցնենք, որ այս գործով տուժող ոստիկան չկար, իսկ վկան՝ ժամկետային զինծառայող Կարեն Հայրապետյանն էլ մի քանի անգամ դատարանում հայտարարել է, թե իր անունից Ա. Շահինյանի դեմ գրված ցուցմունքների հեղինակն ինքը չէ: Ա. Շահինյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը մտադիր է դիմել Վերաքննիչ դատարան: Ի դեպ, դատավորը երեկ միջնորդություն է ներկայացրել, իր ասելով՝ «սուտ ցուցմունք տալու համար», քրեական պատասխանատվության ենթարկել գործով վկա Կ. Հայրապետյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել