Կառավարության արածը գնահատվում է իբրեւ դավադրություն ու խարդախություն
Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի զեկուցողը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էր: Ի դեպ, վարչապետը հենց նրան էլ նշանակել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որի հիմնավորում-տեղեկանքի մեջ նշված է, թե դրա «ընդունումը հրատապ է, քանի որ հոկտեմբերին լրանում է մի շարք հեռուստաընկերությունների հեռարձակման լիցենզիաների ժամկետները: Առաջարկվում է օրենքի նախագծին տալ հավանություն եւ համարել անհետաձգելի»: Կասկած չունենք, որ կառավարության նախագծերի դակիչ մեր խորհրդարանն առաջիկա քառօրյայում այդպես էլ կվարվի՝ փորձ անգամ չանելով խորամուխ լինել, թե ինչ է թաքնված այս ընդամենը մեկ պարբերանոց նախաձեռնության ետեւում:
Բայց մինչ այն ներկայացնելը՝ նախ պետք է նշենք, որ միայն սեպտեմբերի 3-ին ԱԺ ուղարկված այս նախագիծը մինչ այժմ հրապարակված չէ: Այն չտեղադրվեց ո՛չ կառավարության կայքէջում՝ օգոստոսի 28-ին, ո՛չ էլ հետո ԱԺ կայքէջում: Երեւանի մամուլի ակումբն իր ամենշաբաթյա բյուլետենի վերջին համարում այս կապակցությամբ նշել է. «Կառավարությունը կասկածվում է դավադրության մեջ»: Եվ մանրամասնել է, թե այս նախաձեռնությունն անակնկալ դարձավ լրագրողական հանրության համար՝ մինչեւ կառավարությունում հաստատվելն այն չի անցել փորձագիտական քննարկում, եւ զարմանալի չէ, որ «տվյալ օրենսդրական նախաձեռնությունը շատերը վաղօրոք դիտարկում են իբրեւ ԶԼՄ-ների ազատության դեմ հերթական դավադրությունը»:
Այդպես էլ կա. քանզի այս նախաձեռնությամբ առաջարկվում է. «Մինչեւ 2010-ի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ չեն հայտարարվում: Այն հեռուստաընկերությունները, որոնց լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011-ի հունվարի 21-ը՝ կարող են լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել Ազգային հանձնաժողով: Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է հայցվող ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2011-ի հունվարի 21-ը»:
Վերոհիշյալ տեղեկանքի մեջ նշված է, թե Հայաստանը անցում է կատարելու հեռարձակման թվային համակարգին, որն անխուսափելի է եւ հրատապ, քանի որ Հայաստանը 2006-ին միացել է Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրին, որի համաձայն՝ հեռարձակման թվայնացման վերջնաժամկետը 2015-ն է. «Հայաստանը կարող է միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներից հետ մնալ»: Միջանկյալ հիշեցնենք, որ դեռ 2006-ի աշնանից շրջանառվում է Հայաստանում ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման թվային համակարգի ներդրման ծրագիրը, որը, որքան մեզ հայտնի է, դեռ չի էլ ընդունվել: Այս ծրագրով նախատեսվում էր դեռ 2006-ին՝ «անցումային շրջանը սկսվելուն զուգընթաց», դադարեցնել արտոնագրերի տրամադրումը: Իսկ այժմ օրենքի այս նախագծի հիմնավորման մեջ նշված է, թե թվայնացման գործընթացը «Հայաստանում կարող է սկսվել 2010-ից»: Ընդգծում ենք «կարող է սկսվել» արտահայտությունը: Այսինքն՝ կարող է եւ չսկսվե՞լ: Բայց արտոնագրեր պետք է չտրամադրվեն հենց այսօրվանից: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Պատասխանն ակնհայտ է՝ հոկտեմբերին վերջապես պիտի կայանային մրցույթներ, եւ 2002-ից եթերից զրկված «Ա1+»-ին հեռարձակման հնարավորություն տալու պահանջներին ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունը չէր կարող այլեւս պատճառաբանել, թե չկան ազատ կապուղիներ: Այս օրինագծով մրցույթներ անցկացնելու հնարավորությունը հետաձգվում է եւս 2-3 տարով: «Սա հերթական խարդախությունն է ՀՌԱՀ-ի կողմից՝ կառավարության օգնությամբ, որով ցույց են տալիս հարցի ոչ դրական լուծման ուղիներ որոնելու իրենց ջանքերը,- այս նախաձեռնությունն այսպես գնահատեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:- Կառավարությունը երեւի ընդհանրապես գաղափար չունի, թե ինչ է նշանակում թվայնացում: Թվայնացման խնդիրը, որը ողջ աշխարհում լուծվում է մեծ դժվարությամբ, մեր «զարգացող» Հայաստանում կլուծվի մի 25 տարում: Այնպես որ՝ ակնհայտ պարզ է նրանց բլեֆը: Սակայն այս խարդախությունը ոչ մի կապ չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ մեր գործով կայացրած որոշման հետ, որտեղ հստակ գրված է՝ վերականգնել իրավունքները: Դա կանեն մրցույթով, թե առանց մրցույթի՝ իրենց գործն է, բայց մրցույթ անցկացնել պահանջում է օրենքը: Եվ իրենք չեն կարողանա նման ձեւերով հետաձգել հարցի լուծումը»:
Հ. Գ. Հիշեցնենք, որ երբ այս տարվա հունիսին «Ա1+»-ը հաղթեց ՄԻԵԴ-ում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը թերեւս շուտով գլխավորի այն հանձնաժողովը, որը գլխադասային է նշանակվել այս նախաձեռնության համար, հայտարարեց. «Ափսոսում եմ, որ նոր իշխանությունները չհասցրեցին այդ խնդիրը լուծել, թեպետ վստահ եմ, որ նրանք ունեին քաղաքական համապատասխան կամք»: Օրենքի այս նախագիծը նման կամքի բացակայության լավագույն ապացույցն է: