Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղը կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համակարգող Մանուել Գասպարյանը երեկ առավոտյան իր նախընտրական կենտրոնական շտաբը գտել է կիսահրկիզված, շտաբի ապակիները ջարդված եւ ներսում բենզինի շիշ նետված վիճակում: Բարեբախտաբար, շտաբում հրդեհ չի բռնկել, այրվել են քարոզչական պաստառները, ցուցանակը, վնասվել է նաեւ շտաբի տարածքը: «Սա մի խումբ տկարամիտ մարդկանց ձեռքի գործն է, որոնք տեսնում են, թե ինչքան մարդիկ են հավաքվում իմ հանդիպումների ժամանակ»,- երեկ հայտարարել է Մ. Գասպարյանը: Նա ասել է, թե կատարվածը կապված է առաջիկա ընտրությունների հետ եւ չի բացառել, որ դրա հեղինակը իր մրցակից թեկնածուներից մեկի կողմնակիցներն են՝ վկայակոչելով այդ թեկնածուի կողմնակիցներից մեկի կողմից երկու օր առաջ իր հանդիպման ժամանակ կատարված սադրանքի փորձը: Երեկ տեղի ունեցածը դատապարտել են ինչպես Մ. Գասպարյանի թեկնածությունը պաշտպանող Հայ ազգային կոնգրեսը, այնպես էլ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: