Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Սեպտեմբեր 05,2008 00:00

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը այսօր Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ՝ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները խորապես մտահոգված են Հարավային Օսիայում վրացական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում, ռուսաստանցի խաղաղապահների զոհվելուն եւ ծանր հումանիտար աղետի: Ողբերգությունը Հարավային Օսիայում ցույց տվեց կովկասյան տարածաշրջանում ռազմական ներուժի ծավալման եւ հակամարտությունների ուժային լուծման փորձերի ամբողջ վտանգավորությունը»: Ըստ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների՝ «իրադարձությունները Հարավային Օսիայի շուրջ ցույց տվեցին նաեւ միջազգային հարաբերություններում երկակի ստանդարտների քաղաքականության վտանգավորությունը»:

«Նախարարները սատարում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ դերը Կովկասում խաղաղությանը եւ համագործակցությանը նպաստելու հարցում եւ հանդես են գալիս Հարավային Օսիայում եւ Աբխազիայում կայուն անվտանգության ապահովման օգտին՝ ՄԱԿ-ի Կանոնադրության, 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի, 1966 թվականի միջազգային պայմանագրերի եւ միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերի հիման վրա»,- ասված է հայտարարությունում:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, հակամարտության ուժային լուծման նոր փորձեր թույլ չտալու, տարածաշրջանում խաղաղության ապահովման նպատակով՝ արտգործնախարարները «հանդես են գալիս Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ֆրանսիայի նախագահի կողմից մշակված կարգավորման սկզբունքների անվերապահ կատարման օգտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել