Լրահոս
Օրվա լրահոսը

Կդատակոչվի տուժողը

Սեպտեմբեր 05,2008 00:00

Երեկ Երեւանի քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ եւ արդեն Երեւանի քրեական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանի դատավարությունը: Լեփ-լեցուն դահլիճը նրան դիմավորեց «Ա՜-րամ» վանկարկումներով: Դատավարությանը ներկա գտնվողները «ա-մոթ» վանկարկեցին այն ժամանակ, երբ ուղեկցող խմբի անդամները ամբաստանյալի ոտքերին շղթաներ ամրացրին:

Հիշեցնենք, որ Ա. Բարեղամյանին մեղսագրված է Քրօրի երկու հոդված. 112-ը՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել» եւ 316 հոդվածը՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել»: Նախապես մեղսագրված 225 հոդվածը՝ «Զանգվածային անկարգություններ հրահրելը», կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ա. Բարեղամյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը, դատը սկսվելուն պես, հանդես եկավ իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման միջոցները դադարեցնելուն վերաբերող միջնորդությամբ. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների համաձայն, դա արգելվում է: Միջնորդում եմ իմ պաշտպանյալի ոտնաշղթաները հանել եւ հնարավորություն տալ ինձ՝ նստել նրա կողքին»: Մեղադրողները՝ Զելիմ Թադեւոսյանը եւ Արմեն Բոշնաղյանը, չառարկեցին, սակայն ամբաստանյալին ուղեկցող խմբի ներկայացուցիչ Այվազյանն առարկեց, ասելով, որ միջնորդությունը պետք է մերժել. «Դատարանում ճաղավանդակ չկա եւ միջնորդությունը բավարարել հնարավոր չէ»: Նախագահող դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը պաշտպանի միջնորդությունը բավարարեց մասնակիորեն, միայն թույլ տալով նրան նստել Ա. Բարեղամյանի մոտ:

Այնուհետեւ մեղադրողները պարտադիր չհամարեցին տուժող Գարեգին Քալաշյանի ներկայությունը գործի քննությանը, իսկ Բարեղամյանի պաշտպանը ընդգծեց, որ տուժողի եւ ոստիկան վկայի՝ Սիրականյանի ներկայությունը խիստ կարեւոր է դատաքննության համար: Ըստ պաշտպանի, նրանց նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում կան հակասություններ: Դատարանը այս միջնորդությունը եւս մասնակիորեն բավարարեց. կդատակոչի միայն տուժողին: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 13-ը:

Հ. Գ. Նույն դատարանում երեկ պետք է կայանար նաեւ «Մարտի 1»-ի գործով պայմանական ազատազրկման դատապարտված Խաչիկ Գասպարյանի գործի քննությունը: Պաշտպանական կողմը ցանկանում է, որ վերաքննիչ դատարանը ազատամարտիկի նկատմամբ ընդհանրապես հրաժարվի մեղադրանքից: Սակայն դատը անորոշ ժամանակով հետաձգվեց՝ Խաչիկ Գասպարյանի չներկայանալու պատճառով: Հիշեցնենք, որ ոստիկանները մարտի 1-ի վաղ առավոտյան, Խ. Գասպարյանին նմանեցնելով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, բռնել են եւ դաժան ծեծի ենթարկել նրան: Միայն ոստիկանության բաժնում է պարզվել, որ նա արցախյան պատերազմում ներդրած վաստակի համար շուրջ 8 մեդալի եւ պատվոգրի արժանացած Խաչիկ Գասպարյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել