Լրահոս
Օրվա լրահոսը

Եկել եմ Հայաստան՝ մերոնց սատարելու

Սեպտեմբեր 05,2008 00:00

\"\"Արգենտինահայ Արմեն Սիրույանը ծնվել է Բուենոս Այրեսում, իսկ 16 տարի առաջ տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոն

Մասնագիտությամբ ճարտարապետ է, ունի իր նախագծային ֆիրման: Ֆուտբոլի մեծ սիրահար է եւ Հայաստանի հավաքականի անմնացորդ երկրպագուն: Բուենոս Այրեսի հայկական ֆուտբոլային թիմերի կազմում մասնակցում է Համահայկական խաղերին: Որպես կանոն, Իսպանիայի եւ Անդորրայի ֆուտբոլային ֆեդերացիաները Հայաստանի հավաքականների հետ հանդիպումների ժամանակ նրան հրավիրում են աշխատելու որպես իսպաներենի թարգմանիչ:

Արմեն Սիրույանի հետ ծանոթացել ենք 2003 թվականի ապրիլի 3-ին՝ «Եվրո 2004»-ի ընտրական մրցաշարի Իսպանիա-Հայաստան մեր արտագնա խաղի օրերին: Այսօր նա Երեւանում է: Եկել է հարազատ հավաքականին երկրպագելու:

– Անձնակա՞ն նախաձեռնությամբ ես ժամանել Երեւան:

– Այո: Լինելով առաջինը՝ սա պատմական հանդիպում է: Չէի կարող այն բաց թողնել:

– Ի՞նչ արդյունք ես ակնկալում:

– Կարծում եմ, խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Ճիշտ է, շատ կցանկանայի, որ Հայաստանը հաղթեր, այն էլ՝ խոշոր հաշվով: Բայց, անկեղծ ասած, ինձ համար հաշիվն այնքան էլ էական չէ: Ավելի կարեւորում եմ, որ ֆուտբոլի օգնությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շփման, երկխոսության եզրեր կարող են գտնվել:

– Մեր հավաքականը սեպտեմբերի 10-ին Իսպանիայում հանդիպելու է այդ երկրի ընտրանու հետ: Ապագա մրցակցի խաղը դիտելու համար Իսպանիայից մասնագետներ եկե՞լ են:

– Պաշտոնապես ոչինչ ասել չեմ կարող: Տեղյակ չեմ: Բայց գրեթե վստահ եմ, որ անպայման մարզիչ կգա:

– Դու հաճախ ես դիտում Հայաստանի հավաքականի խաղը: 2003 թ. համեմատությամբ առաջընթաց տեսնո՞ւմ ես:

– Ես մասնագետ չեմ: Բայց իմ համեստ կարծիքով՝ այն ժամանակ մեր ֆուտբոլիստներին պակասում էր փորձը, ինքնավստահությունը: Օրինակ, Լեոնում մեր հավաքականը չնայած պարտվեց 0:3 հաշվով, բայց լավ խաղաց: Հատկապես առաջին երեսուն րոպեներին հաշիվը բացելու շատ լավ հնարավորություններ ունեցավ, որոնք, ափսոս, չօգտագործեց: Հիմա, կարծում եմ, թիմն առաջադիմել է ու այդ թերությունները մնացել են անցյալում: Հուսով ու վստահ եմ, որ արդյունքներն աստիճանաբար արդեն կտեսնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել