Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՃՆՇՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

Սեպտեմբեր 05,2008 00:00

\"\"Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողներին ազգային հավաքականի թեկնածուների հետ «Հրազդան» ստադիոնում

մարզումներից առաջ հանդիպելու հնարավորություն էր ընձեռել, որին հաջորդեց գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ասուլիսը:

«Մենք աշխատում ենք այս խաղին հնարավորին չափ լավ նախապատրաստվել,- ասաց Յան Պոուլսենը:- Որպես գլխավոր մարզիչ, իմ խնդիրը թիմում լավ մթնոլորտ ստեղծելն է, կազմակերպչական եւ տակտիկական խնդիրներ լուծելը: Այս պահի դրությամբ լավ վիճակում ենք, տրամադրված ենք խաղալու եւ կաշխատենք անել հնարավորինը: Մենք իրատեսորեն ենք նայում խաղին, գիտենք, թե ով է մեր մրցակիցը: Թեեւ Թուրքիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 10-րդն է, մենք՝ 98-րդը, այդուհանդերձ, այս պահին Թուրքիայի հավաքականը հոգեբանորեն ավելի ճնշված վիճակում է: Տեսականորեն նրանք պետք է հեշտությամբ հաղթեն: Բայց մենք աշխատելու ենք անակնկալ մատուցել, ցույց տալ, որ կարող ենք ուժեղների դեմ լավ խաղալ: Ու դրան պատրաստ ենք:

Դատելով Եվրոպայի առաջնությունում Թուրքիայի խաղերից, ֆավորիտը նրանք են: Եվ եթե ուզում են պայքարել խմբում բարձր տեղի համար, պետք է ձգտեն անպայման հաջողության հասնել: Եվ դա էլ հոգեբանորեն ճնշելու է նրանց: Ես հասկանում եմ, որ այս խաղի հետ կապված զգացմունքներն ավելի մեծ են: Բայց նաեւ համոզված եմ, որ մեր տղաները հանդիպմանը վերաբերվում են այնպես, ինչպես խաղացել են Լեհաստանի, Պորտուգալիայի հավաքականների հետ, այսինքն՝ գիտեն, թե ինչպես պետք է խաղալ:

Ես անչափ կարեւորում եմ 12-րդ խաղացողի՝ ֆուտբոլասերի դերը: Համոզված եմ, որ նրանք այդ օրը կաջակցեն մեր տղաներին, իսկ մրցակից ֆուտբոլիստների հանդեպ քաղաքակիրթ կլինեն»:

Յան Պոուլսենը դիմեց նաեւ լրագրողներին: «Ձեր դերը շատ կարեւոր է: Հայաստանում ֆուտբոլը վերջին տարիներին վերելք է ապրել: Բայց հաճախ սպասելիքներն ավելի մեծ են լինում, քան հնարավորությունները: Լրագրողները պետք է իրատես լինեն եւ մարզասերներին էլ այդ հարցում օգնեն: Պետք է հասկանանք, թե ում դեմ ենք խաղալու. ՖԻՖԱ-ի դասակարգմամբ 10-րդ տեղը զբաղեցնող Թուրքիայի, այնուհետեւ՝ ցուցակը գլխավորող Իսպանիայի: Մեր ֆուտբոլիստներին շատ դժվար աշխատանք է սպասվում: Բայց, միեւնույն ժամանակ, ընդգծում եմ, որ մենք չենք վախենում եւ խաղադաշտ մտնելով՝ ամեն բան անելու ենք լավ արդյունքի հասնելու համար»,- եզրափակեց գլխավոր մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել