Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպիադա»՝ ուսուցիչների համար

Սեպտեմբեր 05,2008 00:00

Երեկ ստուգվում էին ոչ թե աշակերտները, այլ նրանց դասավանդող մանկավարժները

Երեկ ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ Հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն եւ բնագիտական (ֆիզիկա, քիմիա եւ կենսաբանություն) առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթը, որը կազմակերպվում է 2003 թվից՝ Հայ առաքելական եկեղեցու եւ ԿԳՆ-ի կողմից:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ մարզային եւ հանրապետական: Մարզային փուլը կազմակերպվում է տեղերում՝ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովների կողմից: Երեկվա հանրապետական փուլին իրավունք էր ստացել մասնակցել յուրաքանչյուր առարկայից մարզում հաղթող ճանաչված մեկ ուսուցիչ: ԿԳՆ հանրակրթական վարչության առաջատար մասնագետ Նարինե Մնացականյանի փոխանցմամբ. «Յուրաքանչյուր առարկայից սահմանված է 1 առաջին, 2 երկրորդ եւ 3 երրորդ մրցանակ: Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա Մայր աթոռում: Իսկ ինչ վերաբերում է ուսուցիչների համար պատրաստված թեստերին, դրանք կազմվել են Կրթության ազգային ինստիտուտի առարկայական մասնագետների հանձնախմբի կողմից»: Ն. Մնացականյանի ձեւակերպմամբ, մրցույթը կարելի է համարել ուսուցիչների օլիմպիադա, որովհետեւ այն լուրջ աժիոտաժ է առաջացնում հատկապես մարզերում:

Մրցույթին մասնակցող ուսուցիչների խոսքերով, մթնոլորտը մրցակցային էր ու իրենք եկել էին հաղթելու: Մի քանիսն էլ համոզված էին, որ նմանատիպ մրցույթները մեր օրերում անհրաժեշտություն են, որովհետեւ ուսուցիչը գնում է ինքնագնահատման, ինչն էլ նրա աշխատանքում կարեւոր է: Կրթության ազգային ինստիտուտի հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Նաիրա Տողանյանը ուսուցիչներին ասաց, որ իրենք չեն հավաքվել ընդամենը ստուգելու ուսուցիչների գիտելիքները. «Մենք ուզում ենք տեսնել, թե դուք ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը որպես ուսուցիչ՝ մեթոդական առումով եւ թե ինչքանով եք պատրաստ նորը ընդունելուն եւ այն մարտահրավերներին, որոնք այսօր նետված են հասարակության եւ դպրոցի առաջ»:

Վայքի քաղաքային պետական հանրակրթական վարժարանի ֆիզիկայի ուսուցչուհի Նինել Մկրտչյանի խոսքերով՝ նմանատիպ մրցույթները պարտավորեցնող են. «Մրցույթն ուսուցիչներին ստիպում է մասնագիտական գործում լինել հմուտ: Իմ կարծիքով, սա բոլոր ուսուցիչներին կկրթի: Ինչ վերաբերում է ուսուցիչների մրցակցությանը, ապա ես նրանց մեջ տեսնում եմ ոչ թե մրցակիցների, այլ կոլեգաների»:

Օրինակ, հայոց լեզու եւ գրականություն առարկայից ուսուցիչների համար նախատեսված թեստը ներառում էր չորս թեմա, երկուսը՝ հայոց լեզվից, մյուս երկուսը՝ գրականությունից: Ուսուցիչները 15-20 րոպեի ընթացքում մեկ էջի սահմաններում պետք է կազմեին դասի պլան, որտեղ էլ պետք է լիներ համագործակցային մեթոդներով կառուցված դասի արձանագրությունը: Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հետ կապված՝ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանն ասաց. «Մեզ համար արմատական նշանակություն ունի ուսուցչի պատրաստությունը: Կարեւորում ենք հավատքի, նկարագրի եւ հոգու առկայությունը, որովհետեւ նման հատկանիշներով մարդը պետք է կերտի աշակերտի ինքնությունը: Մեզ համար կարեւոր է, որ աշակերտը, ծանոթանալով եկեղեցու պատմությանը, դասեր քաղի նաեւ իր այսօրվա կյանքի մեջ ու անսխալ կերտի ապագան: Մեզ համար շատ կարեւոր է հայ եկեղեցու պատմություն առարկայի առկայությունը դպրոցի մեջ ու ուսուցչի հայեցի, կրոնական, ազգային ամբողջական հայի կերպարի ներկայությունը, իբրեւ հայ անձ, իբրեւ կրողը հոգեւորի, ազգության, հայության եւ այս բաղադրիչներն իր մեջ ունենալով՝ կարողանա բարձրացնել եկեղեցու եւ մեր ազգի վարկը»: Կազմակերպիչները հայտնեցին, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել