Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՈՒՄ»

Սեպտեմբեր 05,2008 00:00

\"\"Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը վարչապետին խորհուրդ է տալիս այնպես անել, որ Հայաստանը դառնա սովորող պետություն:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում երեկ կրթական շքերթ էր, որին մասնակցում էին «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով օտար լեզուներ, համակարգչային հմտություններ ուսումնասիրած վեց տարեկան 169 առաջին դասարանցի եւ նախապատրաստական ուսուցման հինգ տարեկան 114 երեխա:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ շքերթը կազմակերպվում է ոչ թե սեպտեմբերի 1-ին, այլ՝ 4-ին, այն պատճառով, որ այդ օրն իր ծննդյան տարեդարձն է: Շքերթի ընթացքում երեխաները երգեցին, պարեցին, հետո տեղի ունեցավ ծափահարությունների շքերթ: Ինչպես տեղեկացրեց Ա. Բլեյանը, այսօր իրենց սաները, ծնողները, ուսուցիչները ավտոբուսներով գնալու են ոչ թե նախընտրական քարոզարշավի, այլ՝ Ջրաշխարհ: Կրթահամալիրի տարբեր դպրոցներ երեկ միմյանց նվերներ մատուցեցին. ճագարներ, որպեսզի ստեղծվի կենդանաբանական այգու պես մի վայր, ձեռքի աշխատանքի գործիքներ, թվային ֆոտոխցիկներ եւ այլն: Իսկ ծնողներին Ա. Բլեյանը զգուշացրեց. «Մյուս տարի առաջին դասարան ենք ընդունելու միայն մեր նախապատրաստական խմբերում սովորող երեխաներին: Առաջին դասարան չենք ընդունելու այն երեխային, ում՝ Ձմեռ պապիկը համակարգիչ չի նվիրել»: Շքերթից հետո «Առավոտը» զրուցեց Ա. Բլեյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կգնահատի վարչապետի այն հայտարարությունը, որ բոլոր այն մանկավարժները, որոնք ուսումնական հաստատություններում կզբաղվեն քաղաքական գործունեությամբ՝ կազատվեն աշխատանքից: «Քաղաքականությունից դուրս հասարակական կյանքը գոյություն չունի՝ վարչապետը պահանջի դա, թե մեկ ուրիշը: Ապաքաղաքական լինել՝ նշանակում է լինել ժամանակավրեպ: Իսկ Սեւակն ասում էր, թե կարելի է ամեն ինչ լինել, բայց ո՛չ ժամանակավրեպ: Կրթական, տնտեսական քաղաքականությունը, մարդու իրավունքների քաղաքականությունը ուրիշ բան է, իսկ կուսակցականացումը՝ ուրիշ: Վերջինի դեպքում խտրություն է դրվում մարդկանց մեջ, իսկ քաղաքականը նշանակում է իմ ու ձեր քաղաքական, նաեւ քաղաքացիական իրավունքների իրականացում: Գաղափարների տարածումը, փնտրումը, գտնումը անօտարելի իրավունք է, իսկ կուսակցականացումը բերում է խտրության. մարդուն պաշտոնի են ընդունում, քանի որ հանրապետական է, կամ մարդուն, տնօրենին պատժում են, որովհետեւ ՀՀԿ-ի թեկնածուին չի պաշտպանել, նրա նախընտրական միտինգին ուսուցիչներին չի քշել: Ուսուցիչներին միտինգի քշող տնօրենը ապաքաղաքական է, նա հանցագործ է, քանի որ ոտնահարել է մարդու իրավունքները: Իսկ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը եւ խտրության բացառումը կրթական համակարգում՝ այսօր թիվ մեկ խնդիրն է: Դրա դեմն առնելու համար ոչ միայն հայտարարություն, այլեւ ամեն օր պայքարել է պետք»,- համոզված է Ա. Բլեյանը: Մեր զրուցակցից նաեւ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այն հիմնաքարը, որի վրա պիտի կառուցվի երեխայի դաստիարակությունը: «Երեխայի զարգացումն է ապահովում իմացումը, զարգացման արդյունքում կարող է լինել ճանաչում, յուրացում, ճանաչումը սոցիալական շփում է, մանկավարժությունը մեթոդն է… դա ի՛նչը չէ, ինչպե՛սն է: Այսինքն ՝մեթոդը երեխայի ներքին օրենքի հարցն է: Երեխան պիտի ազատ լինի գործունեության մեջ, որ իմանա ու հմտանա, որ անգիրի դպրոցը վերանա: Ախր բոլորս պիտի սովորենք, իսկ վարչապետը լավ կլինի նախ զբաղվի այն խնդրով, որ Հայաստանը դառնա սովորող պետություն»,- հնչեց պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել