Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասաններին ծեծել են

Սեպտեմբեր 05,2008 00:00

Պաշտոնատար անձի գնահատմամբ՝ «կատարվածը հաջողված բեմադրություն էր»

«Օգոստոսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ես՝ Անի Միքայելյանս, չորս զավակների մայր, 58 տարեկան, իմ տանը (Ֆրունզեի փողոց 18 շենք, 3 բն.) 4-ամյա թոռնիկիս քնեցնելուց հետո, որը մայր չունի եւ 4 տարի է՝ ինչ իմ խնամքի տակ է, զբաղված էի տնային գործերով: Ամուսինս՝ Աշոտ Միքայելյանը, պատրաստվում էր այդ պահին տնից դուրս գալ, երբ մեր դուռը թակեցին: Մի երիտասարդ էր, որը ներկայացավ ԴԱՀԿ աշխատակից եւ քաղաքավարությամբ խնդրեց՝ ներս մտնել: Նա տուն մտավ, իսկ նրա հետեւից չգիտեմ որտեղից հայտնված մոտ 30 անձինք շրջապատեցին ինձ: Սենյակում հայտնվեցին արդարադատության նախարարության պաշտոնյայի՝ Դավիթ Զաքարյանի երկու որդիները՝ Վահագնը ու Արթուրը, որոնք գոռում էին ու հայհոյանքներ տալիս: Վահագն Զաքարյանը ճանկեց մազերիցս, «արի, արի ստորագրի, թե չէ սաղիդ կմորթեմ» ասելով՝ գլուխս տարուբերում էր»: Այսպիսի բովանդակությամբ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին են դիմել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասաններ Անի եւ Աշոտ Միքայելյանները, որոնք ներկայումս գտնվում են Հանրապետական հիվանդանոցում: Բժշկի ախտորոշմամբ՝ Անի Միքայելյանը ստացել է ուղեղի ցնցում:

Ի՞նչ է տեղի ունեցել:

Ըստ Միքայելյանների, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը հօգուտ իրենց վճիռ է կայացրել: Վեճն առնչվել է հարեւանի՝ ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Դավիթ Զաքարյանի հետ: Միքայելյանները տեղեկացրին, որ դատական ակտը չէր կատարվում եւ իրենք ԴԱՀԿ-ին էին դիմել՝ դատարանի կողմից օրինական ուժի մեջ եղած վճիռը կատարելու: Կատարվելու դեպքում Զաքարյանի կառուցած ինքնակամ կառույցը կքանդվեր, իրենց ճանապարհը կբացվեր, եւ հարկը կօգտագործվեր հավասար:

Օգոստոսի 29-ին կատարված միջադեպին խառնվում է, Ա. Միքայելյանի հաղորդմամբ՝ «շատ ակտիվ մի տղա, որը վերցրեց բազմոցի բարձը, դրեց դեմքիս ու սկսեց խեղդել ինձ: Վարդան անունով մեկն էլ փակեց բերանս, իսկ ամբոխը մրցման մեջ մտավ, թե ով ավելի ուժեղ կխփի ինձ»: Հետո հայտնվում է Դավիթ Զաքարյանը: Ըստ Միքայելյանների՝ «մի վայրկյանում ամեն ինչ խաղաղվեց»: Ծեծողները հեռացան:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունից «Առավոտին» հայտնեցին, որ, իրոք, Շենգավիթի բաժնում նման հաղորդում կա եւ հետաքննություն է կատարվում: Իսկ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի նորանշանակ խոսնակ Ռուբեն Գրդզելյանը երեկ պաշտոնապես հայտարարեց. «Նշված միջադեպին որեւէ ԴԱՀԿ աշխատակից չի եղել: Այն հանգամանքը, որ Անի եւ Աշոտ Միքայելյանների բնակարան այցելած անձինք ներկայացել են որպես ԴԱՀԿ աշխատակից կամ միջադեպին մասնակից են եղել ԴԱՀԿ աշխատակիցներ, ծառայությունը դիտում է որպես իր հեղինակությունը վարկաբեկելու փորձ»: ԴԱՀԿ ծառայությունը տեղեկացրել էր, որ Միքայելյանների գործով կատարողական վարույթը գտնվում է կատարման ընթացքում:

Ուրեմն՝ ովքե՞ր են ներխուժել Միքայելյանների բնակարան: Կամ՝ ի՞նչն էր դրդել ԱՆ վերահսկողության վարչության պետ Դ. Զաքարյանին՝ հայտնվել հարեւանի բնակարանում:

Երեկ մեր այս հարցին վերջինս պատասխանեց. «Ոչ մի մարմնական վնասվածք իմ տղաները որեւէ մեկին չեն հասցրել: Դա բացառվում է: Իրականում Միքայելյանների հետ դատական գործընթացի մեջ ենք, նրանք վրդովված են: Այդ օրը ԴԱՀԿ-ից եւ ոստիկանությունից մարդիկ կային: Նրանք եկել էին մի հարցի ճշտման հետ կապված: Այդ կինը, երբ դուռը բացելով տեսել է հավաքվածներին ու տղայիս, նրա հետ վիճաբանության մեջ է մտել: Բայց տղաս, նրան հոյակապ ճանաչելով, տուն չի մտել: Սա առաջին դեպքը չէ, երբ այդպիսի շանտաժներ են արվում: Իրենք դերասաններ են եւ հոյակապ էտյուդ են խաղում՝ լավ գրած սցենարներով»: Դ. Զաքարյանը տեղեկացրեց, որ դիմել է առաջին ատյանի դատարան՝ նոր երեւան եկած հանգամանքներով: Ինչ վերաբերում էր ԴԱՀԿ աշխատակիցների կողմից պարտադրված ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը, նախարարության պաշտոնյան ասաց. «Եթե իմ տղաները չեն մտել տուն, նրանք ո՞նց կարող էին ստիպել ստորագրել ինչ-որ թուղթ: Եթե մարդու գլխին հարվածել են, այդ պահին համազգեստով մարդիկ կային, թող մոտենար նրանց ու ասեր, որ իրեն հարվածել են»: Ըստ պարոն Զաքարյանի, այս ամենի նպատակն այն է, որ Միքայելյանները ցանկանում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ինքը պարտադրված գնի Միքայելյանների բնակարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել