Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՍՄԵՏԻԿԱ»

Սեպտեմբեր 05,2008 00:00

\"\"Այսպես է բնութագրում մարքսիստը Գյուլի՝ Հայաստան կատարելիք այցը ու կանխատեսում է ԱԺ-ի լուծարում, իսկ կոմունիստը ՀՅԴ-ին իր տեղն է ցույց տալիս:

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտ չի գնալու. «Ես նման մակարդակի, «ճ» կլասի խաղեր չեմ նայում, միայն «էքստրա» կլասի խաղեր եմ նայում»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ասաց նա: Նրան չի ոգեւորում նույնիսկ այն, որ մարզադաշտում այդ խաղը միասին դիտելու են երկու երկրների՝ ՀՀ եւ Թուրքիայի նախագահները: «Քաղաքական կոսմետիկա արտաքին քաղաքականությունում»,- այսպես է նա բնութագրում նախագահների վարքագիծը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հետագա որեւէ լուրջ ընթացք չակնկալելով: «Ոչ մի տնտեսական, քաղաքական, սոցիալական, գաղափարական, ազգային դոկտրինալ բովանդակություն եւ հիմք չունի այդ հանդիպումը»,- ասում է մեր զրուցակիցը: Դաշնակցության ընդդիմադիր կեցվածքը՝ Թուրքիայի նախագահի Հայաստան այցելության առիթով, մարքսիստի բնութագրմամբ՝ «քաղաքական կոկետություն» է: Մինչդեռ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Դ. Հակոբյանը «գերազանց» է նշանակում՝ ռուս-վրացական զարգացումներում որդեգրած ուղղության համար: Կարո՞ղ է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը նախադեպ դառնալ ԼՂՀ հարցում: Դավիթ Հակոբյանը գտնում է, որ՝ «ամեն ինչ կախված է մեր արտաքին քաղաքականության վարդապետներից ու նրանց գաղափարական պաշարներից»:

Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 12-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքում ինքն առանցքային ելույթ է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: «Առավոտի» խնդրանքով մարքսիստն իր ելույթի մի քանի թեզեր բարձրաձայնեց: Ըստ այդմ, նա պաշտոնական Երեւանի փոխհարաբերությունները ՌԴ-ի հետ «կոմպլեմենտար եւ կործանարար» է որակում, միաժամանակ արմատական ընդդիմության կեցվածքն այսօր հայ-ռուսական հարաբերություններում՝ «գերազանց եմ գնահատում՝ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո»: «Առավոտի» դիտարկմանը, թե արդյո՞ք նույն կոմպլեմենտարիզմը չի դրսեւորում ընդդիմության լիդերը, քանի որ մինչ այժմ նա նաեւ արեւմտամետ եւ եվրոպամետ էր, իսկ այսօր արմատական ռուսամետ, ինչպե՞ս է, որ Սերժ Սարգսյանի ռուսամետությունը կործանարար է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանինը՝ փրկարար, մեր զրուցակիցն արձագանքեց. «Փոխվում են ժամանակները, փոխվում են տերերը: Սերժը ռուսամետ չի, նա իբր չեզոք քաղաքականություն է վարում, որն այսօրվա դրությամբ կործանարար է: Նա չի ասում՝ Հայաստանի դերը արեւմտյա՞ն քաղաքականության օրբիտայում է, թե՞ սլավոնական»: Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, Դավիթ Հակոբյանի համոզմամբ, Հայաստանում էլ են ներքաղաքական վերադասավորումներ լինելու: Մասնավորաբար՝ «Ռուսաստանն իր ազգային շահերից ելնելով կպարտադրի նոր, ռուսամետ պառլամենտի ձեւավորում. մինչեւ հունվար մենք կտեսնենք պառլամենտի լուծարումը»: Դա կլինի՞ ընդդիմության հաղթանակը: «Պառլամենտի գրավումը կլինի մեր՝ ընդդիմության, Բաստիլի գրավումը»,- համոզված է Հայաստանի մարքսիստը:

Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը նույնպես պատկանում է այն գործիչների թվին, ովքեր Թուրքիայի նախագահի այցը երկկողմ PR ակցիա են համարում. «Մեր ու Թուրքիայի միջեւ տարաձայնություններն այնքան ֆունդամենտալ են, որ դրանց ֆոնի վրա սա, իհարկե, Թուրքիայի համար իմիջ է. այսքան տարի չունենալով նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ՝ հրավերն ընդունում ենք: Նույնն էլ Սերժ Սարգսյանի հրավերն է»: Կոմկուսի ղեկավարը նույնպես հետագա դրական ակնկալիքներ չունի այս այցից: Տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են պատրաստվում Թուրքիայի նախագահին ընդունելու՝ կոմունիստներն ինչպե՞ս են դա անելու: «Մենք ընդհանրապես չենք դիմավորելու, եւ մեզ համար նշանակություն չունի՝ Գյուլը կգա՞ Հայաստան, թե՝ ոչ: Ինձ հետաքրքիր է, որ Հայաստանի հավաքականը հաղթի, ինձ չի հետաքրքրում, թե ո՞վ խաղը կդիտի: Իսկ մյուս կուսակցությունները, ովքեր ասում են՝ ինչ-որ ձեւով ենք դիմավորելու, թող գելթոզի (ոչխար փախցնելիս գայլը հետեւի ոտքերով հողը երկինք է բարձրացնում՝ հետքերը թաքցնելու համար- Ն. Գ.) չանեն. բոլորն էլ գիտեն, թե ո՞ր կուսակցությունն ինչ հետք է թողել երկրի պատմության մեջ»,- ՀՅԴ բոստանը քար շպրտեց մեր զրուցակիցը: Ռ. Թովմասյանը նույնպես հեռուստացույցով է դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: Որպես նախկին ֆուտբոլիստ նա նույնիսկ անկեղծացավ մեզ հետ. «Ես այնպիսի խաղեր եմ դիտել եւ շատ լավ գիտեմ, թե ինչ բան է ֆուտբոլը, նույնիսկ մասնագետի աչքերով կարող եմ վերլուծել, այնպես որ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել