Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը պառկածներին չնկատեց

Սեպտեմբեր 05,2008 00:00

Կոռումպացված դատական համակարգից դժգոհող ցուցարարներին երեկ գլխավոր դատախազն անուշադրության մատնեց:

«Առավոտ գիշերով էս ի՞նչ շոու եք սարքել: Հավաքվեք գնացեք էստեղից»,- երեկ կառավարության նիստից առաջ շենքի մուտքի աստիճաններին նստացույց սկսած ցուցարարներին այսպես էին դիմում շենքը հսկող ոստիկանները: Ցուցարարները Հայաստանի եւ Արցախի զորամասերում զոհված ժամկետային զինվորների ծնողներն ու հարազատներն էին, որոնք պնդում էին, որ իրենց երեխաները զոհվել են ոչ թե թշնամու գնդակից, այլ նրանց սպանել են զորամասերում:

Քանի որ նիստի սկսվելուն քիչ ժամանակ էր մնացել, եւ մեր պետության կարեւորագույն հարցերը քննարկելու համար պաշտոնյաներն ուր որ է պետք է ժամանեին կառավարություն, ոստիկանները ջանք չէին խնայում մարդկանց շենքից հեռացնելու եւ նրանց աղմուկ-աղաղակը դադարեցնելու համար: Ոստիկանների ջանքերին ի պատասխան, ցուցարարները, զոհված զինվորների նկարները ձեռքներին, պառկեցին հենց շենքի առջեւ: Նրանք պահանջում էին, որ մեր ղեկավարները վերջապես ուշադրություն դարձնեն զորամասերում կատարվող բռնություններին, իսկ սպանությունների հեղինակները՝ պատժվեն: «Ճիշտ է, դրանից մեր սիրտը չի հովանալու, բայց գոնե կամանդիրները կհասկանան, որ մեր զինվորներն իրենց սեփականությունը չեն: 20 տարի գիշեր-ցերեկ արթուն մնալով երեխա ենք մեծացրել, բանակ ճանապահել, որ էսօր մեր օջախը քանդվի՞»,-«Առավոտի» հետ զրույցում ասում էին զոհված զինվորների հարազատները:

Ցուցարարներից մեկը՝ Սուսաննա Գալստյանը, պատմում էր, որ եկել է՝ այս տարվա մայիսի 9-ին Ագարակի զորամասում զոհված իր եղբորորդու մահվան համար արդար դատաստան պահանջելու. «Եղբայրս ուրիշ երեխա չունի: Նրանց միակ տղան էր: Նրա մահվան օրը հաղթանակի օրն է եղել: Կերել-խմել են, հետո էրեխուն ծեծել են ու գցել բենզինի բաքի մեջ: Հետո էլ էս ամեն ինչը ներկայացնում են, իբր նա ընկել է բենզինի մեջ ու խեղդվել: 23 օր հետո պիտի զորացրվեր ու տուն գար»: Նախորդ տարվա օգոստոսին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը պատմում էր, որ իր որդին չի մահացել այն հանգամանքներում, ինչպես ներկայացվել է իրենց. «Երբ տղաս մահացել է՝ շորերն ամբողջովին պատռված են եղել: Բայց մեզ ասում են, իբր նա հոսանքահարվել է ու մահացել: Հոսանքից շորերը պատառ-պատա՞ռ են լինում: Նրա հետ ծառայող զինվորները ոչ մի ցուցմունք չեն տալիս, պարզ է՝ վախենում են, որ իրենց հետ ավելի վատ բաներ կլինի»: Այս տարվա մայիսի 15-ին Մարտակերտում զոհված զինվոր Անդրանիկ Հայրապետյանի մայրն էլ հույս ուներ, որ պաշտոնյաների գութը մի օր կշարժվի, եւ վերջապես մի բարեխիղճ դատավոր արդար դատ կանի ու կհաստատի, որ իր որդին զոհվել է ոչ թե, ինչպես իրեն են ասել՝ թշնամու գնդակից, այլ նրան սպանել են զորամասում:

Այն պահին, երբ կառավարության շենքի առջեւ ոստիկանների եւ զոհված զինվորների հարազատների միջեւ քաշքշուկ էր տեղի ունենում, ու փոխադարձ վիրավորանքներ էին հնչում, իր ծառայողական մեքենայով շենքին մոտեցավ հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Առանց ուշադրություն դարձնելու անմիջապես իր ոտքերի առաջ տեղի ունեցող քաշքշուկին ու մարդկանց գոռգոռոցներին, դատախազն առանց «աչքը թարթելու», շտապ քայլերով մտավ կառավարության շենք: Կոռումպացված ու անարդար դատական համակարգից դժգոհող ցուցարարները դատախազի անտարբեր վերաբերմունքից այնքան վրդովվեցին, որ սկսեցին ավելի բարձր աղաղակել:

Զինվորների ծնողների տեղեկացմամբ, երեկ նրանք հանդիպել են ԱԱԾ պետի տեղակալին, որը խոստացել է այսօր լսել նրանցից յուրաքանչյուրի խնդիրներն ու պահանջները:

Երեկ կառավարության շենքի առաջ ցույցի էին դուրս եկել նաեւ իրացման գոտու տասնյակ բնակիչներ: «Առավոտի» հետ զրույցում նրանք պատմում էին, թե ինչ բռնություններով ու սպառնալիքներով են իրենց ստիպել սեփական բնակարանները չնչին փոխհատուցման դիմաց լքել: Լալայանց 24 հասցեի նախկին բնակիչ Հայկ Միքայելյանը պատմում էր, թե ինչպես են իրեն, անչափահաս աղջկան եւ քրոջը ծեծելով վռնդել փողոց. «Քույրս այդ ամենից հետո հոգեկան խանգարում ստացավ, իրենց տված 2 կոպեկ փոխհատուցումն էլ հիվանդանոցների ենք տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել