Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ

Սեպտեմբեր 05,2008 00:00

Հաշմանդամ երեխաները նման ցանկություն ունեն ոչ թե հարստանալու համար, այլ՝ որպեսզի իրենց նմանների կյանքը փոքր-ինչ թեթեւացնեն:

\"\"Տիգրանը հույս ունի, երբ դառնա ԱԺ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հետ երկիրը շենացնելու է:

\"\"Արտակը՝ «ապագա պատգամավորը»:

«Ես ուզում եմ պատգամավոր դառնալ եւ առաջինը զբաղվելու եմ հաշմանդամների հարցերով»,- իր ապագա ծրագրերի մասին պատմեց 11-ամյա Արտակը: Հաշմանդամներին տեր կանգնելու Արտակի ցանկությունը թերեւս իր բացատրությունն ունի. նա եւս հաշմանդամ է: «Առավոտի» հետ զրույցում Արտակը պատմեց, որ մանուկ հասակում ուղեղի կաթված է ստացել, ինչն էլ դարձել է նրա հիվանդության պատճառը:

Արտակին բակում ընկերները «Չոչ» են անվանում, քանի որ նա չի կարողանում քայլել եւ հիմնականում «չոչ» անելով է տեղաշարժվում: Արտակը նեղսրտում է, որ Հայաստանում իրենց նման մարդկանց չեն հարգում ու սիրում, այլ՝ անտեսում են: Նրա սիրած զբաղմունքը համակարգիչն է:

Արտակն ու այլ ֆիզիկական խնդիրներ ունեցող մի խումբ երեխաներ օգոստոս ամսին «Հայկական ճամբար» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ իրենց հանգիստն էին անցկացնում Սեւանում: Մեզ հետ զրուցած երեխաների խոսքերով, ճամբարներն իրենց ճիշտ մտածել ու չընկճվել են սովորեցնում:

Ի ծնե հաշմանդամ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Դավիթը վստահեցրեց, որ ինքը լիովին ինտեգրվել է հասարակությանը եւ արդեն բազմաթիվ ընկերներ ունի: Նա գերազանցությամբ սովորում է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում: Դավիթն ուզում է գիտնական դառնալ եւ որոշել է ուսումը շարունակել արտասահմանում, կատարելագործվել ու նորից հայրենիք վերադառնալ: Դավիթի խոսքերով՝ ինքն ամեն օր, թերթեր կարդալով, իրազեկվում է երկրում տեղի ունեցող անցուդարձից, բայց ամեն ինչ չէ, որ իր սրտով է. «Կուզենայի, որ երեխեքը քիչ խնդիրներ ունենային եւ նմանատիպ ճամբարներում լինեին միայն առողջները»:

Աբովյան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ռուդոլֆ Զաբրոդինը, որը հանգամանքների բերումով կորցրել է ձեռքը, կամավոր անդամագրվել է «Հայկական ճամբարին» եւ, շփվելով ավելի ծանր խնդիրներ ունեցող երեխաների հետ, օգնում է, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը: Նրա խոսքերով, դա իրեն հաջողվում է, քանի որ հոգեբան է: Ռուդոլֆն էլ երազում է ամենահարուստ մարդը լինել աշխարհում եւ գնալ Ֆրանսիա, քանի որ այնտեղ մի քանի ծանոթ աղջիկ ունի:

Հ/կ-ի ղեկավար Սամվել Ռոստոմյանի ներկայացմամբ, իրենց ճամբար է այցելում Երեւանի եւ մարզերի ֆիզիկական խնդիր ունեցող շուրջ 300 երեխա: Ըստ նրա, երեխաներին հասարակությանն ինտեգրելու եւ ֆիզիկապես կոփելու նպատակով հաճախ լողավազան, ձիարշավարան, կավագործության դպրոց են տանում, անցած ձմռանն էլ Ծաղկաձորում դահուկ վարել են սովորեցրել:

«Այս ամենն օգնում է երեխաների շարժունակությանը, ձգվածության վերացմանն ու մտահորիզոնի ընդլայնմանը: Նրանք դահուկ են քշում, համարձակ ձիավարում ու լողում, խմբակային ցուցահանդեսներ են անում՝ ցուցադրելով կավագործ ու ձեռագործ աշխատանքները»,- ասաց Ս. Ռոստոմյանը: Նրա խոսքերով, առայժմ պետական աջակցություն չկա «Հայկական ճամբարին», սակայն՝ «Մեր նպատակներից է նաեւ այս երեխաների համար սպորտը զարգացնել: Եթե պետությունն օգնի՝ արդյունքը շուտ կերեւա: Գոնե լողավազան մեզ տրամադրեն՝ հաստատ մինչեւ մյուս պարօլիմպիկ խաղերը մեկ լողորդ կներկայացնենք»:

16-ամյա Սամվելը Արտաշատի Այգեզարդ գյուղից է: Նա նույնպես հաշմանդամ է: Արդեն 1 տարի նա մեն-մենակ երթուղայինով գալիս է Երեւան՝ մասնակցելու լողի ու կավագործության դասերին. «Լողից ձեռքս բացվել է»:

12 տարեկան Տիգրանը երեւանցի է: Նա ջրծաղիկ հիվանդության պատճառով է հաշմանդամ դարձել: Այս ամենով հանդերձ՝ նա դպրոցում սովորում է գերազանցությամբ: Նրա սիրած առարկաներն են մաթեմատիկան, հայոց լեզուն եւ ռուսերենը: Տիգրանն էլ երազում է դառնալ Ազգային ժողովի նախագահ, որպեսզի լուծի մարդկանց խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել