Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարծես մեր կորած եղբորն ենք դիմավորում»

Սեպտեմբեր 05,2008 00:00

Թուրքիայի նախագահի այցի շուրջ սկսված իրարանցման մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Այսօր մեզ համար շատ անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգեւորություն է այս ամենի հետ կապված (նկատի ունի Թուրքիայի նախագահի այցը– Մ. Ե.), որ կարծես մեր կորած եղբորն ենք դիմավորում: Եվ բացի դրանից, երբեմն այնպիսի քայլեր ենք կատարում, որ ինքներս էլ չենք հասկանում, թե որքան ենք վտանգում մեր իսկ արժանապատվությունը: Մասնավորապես, ինձ համար անհասկանալի էր ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին գործողությունը. ի՞նչ է նշանակում՝ լոգոն փոխելը, որովհետեւ վրան պատկերված էր Արարատը: Արարատը հանելը, ավելին՝ մի նոր լոգո հրապարակ բերելը, որն աղավաղում է մեր զինանշանը. կենտրոնում դրել են ֆուտբոլի գնդակ: Սա ինչպե՞ս հասկանալ: Եթե սա Թուրքիայի ճնշումը չի եղել, ապա ինչո՞ւ են գնացել այդ քայլին, իսկ եթե ճնշումն է եղել, ապա ամոթ չի՞ մեզ, որ մենք գնում ենք այս քայլին»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա երեկ նաեւ հայտարարեց, որ եթե դաշնակցությունն իր բողոքի ձայնը չբարձրացնի, ապա դա լավ առիթ կլինի թուրքական կողմի համար՝ շահարկելու հարցը, թե Ցեղասպանության ճանաչումն այսօր միայն հայկական Սփյուռքին է հետաքրքրում եւ ոչ՝ Հայաստանի Հանրապետությանը: Դաշնակցությունն՝ իր կողմից նախապատրաստվող ակցիաներով, նպատակ ունի ի լուր աշխարհի հայտարարել, որ Հայ դատի խնդիրը համայն հայության խնդիրն է, եւ Թուրքիան պետք է սկսի Հայաստանի հետ հարաբերությունները, պետք է բացի ճանապարհները եւ պետք է դիվանագիտական համագործակցություն սկսի՝ առանց որեւէ նախապայմանի, քանի որ Ցեղասպանության հարցը որպես նախապայման կարող է ներկայացնել միայն Հայաստանը: Ա. Ռուստամյանը երեկ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք ՀՅԴ-ն պատրաստվում է իրականացնել Գյուլին դիմավորելիս. «Մենք ինքներս մեր բոլոր կառույցներին հրահանգել ենք, որ լինեն շատ ուշադիր, աչալուրջ, որպեսզի թույլ չտան աղավաղումներ եւ սադրանքներ»: Պրն Ռուստամյանն ասաց, որ օդանավակայանի մոտ «լինելու է բազմաթիվ, բազմահազարանոց մի զանգված, որն այդ խնդիրները բարձրացնելու է, ներկայացնելու է Գյուլին՝ անմիջապես օդանավակայանում: Երկրորդ՝ մենք պլանավորում ենք մինչեւ խաղի սկիզբը այցելություն Ծիծեռնակաբերդ եւ ծաղկամատույցի արարողություն Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Միեւնույն ժամանակ, խաղի ընթացքում, ժամը 21-ից մինչեւ ժամը 23-ը, հուշահամալիրի մոտ ջահեր են վառվելու: Նաեւ հենց մարզադաշտում, այո, լինելու են կոչեր՝ Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Սա նվազագույնն է, որն անհրաժեշտ է կատարել, չկատարելու պարագայում մենք ուղղակի կհայտնվենք Թուրքիայի հակաքարոզչության տակ: Պատկերացրեք, մենք այս ակցիաները չանենք: Մենք ուղղակի մեծ նվեր մատուցած կլինենք Թուրքիային, ահա սա է, որ ՀՅԴ-ն չի կարող թույլ տալ: Եթե ոմանք սա դեռ չեն հասկացել, ոչինչ, դեռ կհասկանան, եւ ժամանակը ցույց կտա, որ սա մեր արժանապատվության հարցն է, մենք այս ամենը պարտավոր էինք կատարել»: Ասաց նաեւ, որ դաշտը դաշնակցությունը չի կարող թողնել ուրիշներին, որոնք կարող են սադրանքներ անել. «Այս դաշտը չէր կարելի թողնել ինքնահոսի, ՀՅԴ-ն ամբողջ աշխարհով մեկ նման ակցիաներ կազմակերպելու մեծ փորձ ունի, եւ ճիշտ կլիներ, եւ դրա համար էլ մենք այս պատասխանատվությունը ստանձնում ենք՝ ղեկավարելու եւ ուղղորդելու այս պրոցեսը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել