Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽՎԵԼ

Սեպտեմբեր 05,2008 00:00

\"\"Կանխատեսում է Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախկին

գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը:

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկեց, որ ՀԱՊԿ-ի անդամները այսօր Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում ընդհանուր դիրքորոշում ձեւակերպեն հարավօսական իրադարձությունների վերաբերյալ: Կանխատեսումներ կան, թե մեր արտաքին դիվանագիտությունը կարող է կանգնել իր որդեգրած սկզբունքի՝ կոմպլեմենտար քաղաքականության փոփոխության պարտադրանքի առջեւ: Ձեր կարծիքով, Հայաստանը ստիպված է լինելու ընտրությո՞ւն կատարել:

– Ես նույնպես կարծում եմ, որ Հայաստանը պարտավորված կլինի արտահայտել արդեն հստակ դիրքորոշումներ: Եվ ինչքան էլ մեր իշխանությունը փորձի հանդես գալ ճկուն կամ ակտիվ չեզոքության դիրքերից՝ կարծես թե մեր դաշնակից Ռուսաստանը ու հարեւան պետությունները հակված են տեսնելու Հայաստանի հստակ դիրքորոշումը:

Ռուս-վրացական հակամարտությունը տարածաշրջանում ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ, որը կարող է հանգեցնել արտաքին նոր կողմնորոշումների: Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասը մնա իր անվտանգության գոտին եւ դրա համար պատրաստ է ամեն տեսակ հակազդեցության:

– Սակայն այս հարցում Ռուսաստանի հետ «ընդհանուր դիրքորոշումն» արդյոք չի՞ հանգեցնի Վրաստանի հետ հարաբերությունների շեշտակի վատթարացման, դրա հնարավոր հետեւանքներով՝ հաշվի առնելով, որ այդ երկրով են անցնում մեր հաղորդակցական հիմնական ուղիները:

– Այս առնչությամբ միշտ նշում են միայն հաղորդակցական ուղիների մասին, որոնք, իհարկե, շատ կարեւոր են ու դարձել են քաղաքական գործոն, բայց ոչ ամենագլխավոր: Քանզի համարժեք հաղորդակցական, տարանցիկ ուղիներ կարող ենք ստեղծել, մանավանդ որ, կարծես թե, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Եվ այդ նախագիծը ոչ միայն ու ոչ այնքան հայկական է, որքան ռուս-թուրքական:

Ավելի բազմաշերտ է խնդիրը, եւ այս հարցում մեր դիրքորոշումը կարող է առավել պատմական ու ճակատագրական նշանակություն ունենալ, քան միայն այն հետեւանքը, որ մենք պետք է կարողանանք ապահովել տարանցիկ ուղիներ: Եթե Վրաստանի հետ հարաբերություններն ընթանան այլ ուղով՝ մենք գործ կունենանք արտաքին քաղաքականության արմատական փոփոխության հետ: Եվ այստեղ է, որ պետք է շատ լրջորեն մտածեն. ի վերջո, դատողություններ կարող ենք անել բոլորս, բայց պետության որոշումների եւ դիրքորոշումների փոփոխությունն իշխանության մենաշնորհն է:

Բնականաբար, դիվանագիտության մեծագույն մասը ստվերայինն է. երեւացող հատվածը 5-10 տոկոս է: Այստեղ սկզբունքային նշանակություն պիտի ունենա, թե ինչը ինչի դիմաց պիտի լինի. եթե ինչ-որ բանի համաձայնում ես ու որոշակի դիրքորոշմամբ պիտի հանդես գաս՝ այդ դեպքում ի՞նչ է ստանալու Հայաստանը: Սա աքսիոմա է, որ յուրաքանչյուր պետություն որեւէ քայլ ու կողմնորոշման փոփոխություն անելիս անպայման պետք է ելնի իր ազգային շահերից: Հիշում եմ, երբ մոտ 2 տարի առաջ ՎՈՒԱՄ-ի պետությունների (որոնցից մեկն էլ Վրաստանն է) նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ընդունվեց հայտնի հակաղարաբաղյան բանաձեւը՝ վրացի դիվանագետներից մեկը շատ պարզ ասաց. այո՛, մենք դրացի, հարեւան, բարեկամ պետություններ ենք, բայց մեր պետության շահն այս պահին պահանջում է, որ մենք նույնպես հանդես գայինք այս նախաձեռնությամբ: Սա ինձ համար շատ հասկանալի դիրքորոշում է: Այսինքն, խնդիրն այստեղ տեսնելն է, թե ինչ ես տալիս, ինչ ես շահում եւ ինչքանով է դա արդարացված: Իսկ սա, դարձյալ ընդգծում եմ՝ իշխանության մենաշնորհն է: Այլ հարց է, որ ներքաղաքական տխուր պատկերի պատճառով՝ քաղաքական ներուժը չի օգտագործվում համազգային շահն արտացոլող անհրաժեշտ դիրքորոշում ապահովելու համար: Բայց փաստ է, որ Հայաստանն իսկապես պարտավորված է առաջնորդվել խաղի որոշակի կանոններով, որոնք իրենը չեն: Ուղղակի պետք է կարողանալ այդ խաղի կանոններն ընդունելով՝ տանել նաեւ սեփական խաղը, որի դեպքում կարող ես ապահովել քո պետության անվտանգությունն ու շահերը:

– «Ինչը ինչի դիմաց» բանաձեւումն անելով՝ նկատի ունեք նաեւ տարածված ձեւակերպո՞ւմը, թե թող ՌԴ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը, Հայաստանն էլ կճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:

– Ոչինչ չեմ բացառում: Բնականաբար, եթե ճանաչման խնդիր դրվի՝ շատ անհասկանալի կլինի, եթե չճանաչվի ԼՂՀ-ն, որն ավելի կայացած պետություն է: Բայց այս բոլոր խնդիրների լուծումը դիտարկում եմ մեկ ընդհանուր փաթեթում: Միայն երկու դետալ առանձնացնելը ճիշտ չէ, քանի որ եթե խոսում ենք կողմնորոշումների մասին՝ պետք է նաեւ անդրադառնանք Թուրքիայի հետ հարաբերություններին: Տարածաշրջանային 5 պետությունների միջոցով նոր այլանսի ձեւավորման մասին Թուրքիայի նախաձեռնությունը բավական լուրջ թեմա է, որն ունի թե՛ դրական, եւ թե բացասական կողմեր: Ի դեպ, ինձ համար անհասկանալի է, որ այս առումով, գուցե չի անտեսվում, բայց այդքան ցայտուն չի երեւում Իրանի դիրքորոշումը, որը տարածաշրջանային ցանկացած հարցի նկատմամբ միշտ ունի ասելիք: Այս հարցում Հայաստանը, կարծում եմ, պետք է ցուցաբերի շահագրգիռ մոտեցում:

– Անդրադառնանք այս նոր իրավիճակի վերաբերյալ իշխանության եւ ընդդիմության դիրքորոշումներին: Իշխանությունը մինչ այժմ փորձում էր հնարավորինս չեզոքություն ու հավասարակշռություն պահպանել ռուս-վրացական հակամարտության հարցում: Արդարացվա՞ծ է նման պահվածքը:

– Եթե չգիտես ինչ ասել, ապա ոչինչ մի ասա. այսպես կբնութագրեի իշխանությունների պահվածքը: Չեմ ուզում համեմատել, բայց ի վերջո՝ Թուրքիայի ակտիվությունն այս հարցում դիվանագիտական լուրջ քայլ էր: Իսկ մենք ուղղակիորեն առնչվում ու տարածաշրջանում ավելի մոտ ենք այն պետությանը, որի շուրջ են ծավալվում այս բոլոր իրադարձությունները: Ուստի պետք է ավելի ակտիվ լինեինք, խոսքն ակտիվ չեզոքության մասին է: Մեր տարածաշրջանի պետությունները, ցավոք, ինքնուրույն չեն թելադրում խաղի կանոնները, ու վաղուց հայտնի է, թե թելադրողներն ովքեր են: Ուղղակի այդ պահին թերեւս հասունացած չէր Հայաստանի կողմից կոնկրետ դիրքորոշման արտահայտման պահանջը:

– Զարմանալի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն այս առումով համընկավ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի պնդումներին, որոնք երկուսն էլ Վրաստանի գործողությունները Հարավային Օսիայում որակեցին իբրեւ ցեղասպանության փորձ: Ձեր կարծիքով, արդյոք ներքաղաքական հաշվարկներո՞վ է պայմանավորված Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե Ռուսաստանը կանխեց այդ ցեղասպանությունը:

– Իրոք, սկսվել է Ռուսաստանին ռեւերանսների մի փուլ, որոնք մի քիչ հարիր չեն Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարին: Բայց նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է եւ տիրապետում է տվյալ պահի հասարակական կարծիքին: Ի վերջո՝ լուրջ հավակնություններ ունեցող գործիչ է եւ իր քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով այդ հավակնությունների ծավալից: Տարածաշրջանում իրողություններ են փոխվել, ու Տեր-Պետրոսյանը փորձում է որոշակիորեն ադապտացվել դրանց, ինչը նորմալ եմ գնահատում:

– Թերեւս նույնքան նորմալ եք գնահատում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը հետաձգե՞լը՝ նաեւ տարածաշրջանում առկա «լարված ու նուրբ» իրավիճակի պատճառաբանությամբ:

– Անկախ ՀԱԿ-ի այդ հայտարարության մեջ արված հաստատումներից, որոնք որոշակի մասերով կարելի է վիճարկել, ես ողջունում եմ հանրահավաքի հետաձգումը: Սա նշանակում է, որ իսկապես հաշվի է առնվում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

– Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ասուլիսում խոստովանեց, թե ոչ միայն իշխանություններն ունեն խնդիրներ ու փակուղու առաջ են, այլ Համաժողովրդական շարժումն էլ: Համաձա՞յն եք, որ քաղաքական դաշտի այս դերակատարների համար իրոք երկուստեք փակուղային վիճակ է:

– Համաձայն եմ այդ գնահատականին, բայց պիտի հավելեմ, որ այդ փակուղուն մեծապես նպաստեցին տարածաշրջանային զարգացումները: Դրանք իսկապես որոշակիորեն, թեկուզ ժամանակավորապես, կաշկանդեցին ընդդիմությանը՝ շատ հասկանալի պատճառներով, իսկ իշխանությանն էլ կանգնեցրին նոր լարվածության առջեւ: Եվ այսուհետ ներքին քաղաքականության գլխավոր ուղղորդիչներից մեկը լինելու է մեր արտաքին քաղաքականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել