Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՄՈՒԱՐՆԵՐ» «ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 05,2008 00:00

Այսպես կարելի է գնահատել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի որոշումը, որտեղ ամեն ինչ կա «Մարտի 1»-ի դեպքերի մասին, բացի մեղադրյալի մեղքն ապացուցող հիմնավոր փաստերից:

Օգոստոսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը որոշում է ընդունել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի եւ 225-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով մեղադրվող Սուրեն Սիրունյանին որպես մեղադրյալ ներգրավել «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործում: Համաձայն այդ որոշման, ինչպես Սուրեն Սիրունյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Համլետ Հովհաննիսյանը եւ Վիրաբ Մանուկյանը, այնպես էլ՝ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանն ու Նիկոլ Փաշինյանը, եւ «մյուսները» փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում «Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտություն կրելուց հետո, համոզվելով, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով իշխանության գալ հնարավոր չէ, ՀՀ-ում պետական իշխանությունը յուրացնելու ուղղակի դիտավորությամբ եւ նպատակով գալով համաձայնության, յուրաքանչյուրն՝ ըստ իրեն վերապահված դերաբաշխման, կազմակերպել եւ անմիջականորեն իրականացրել է պետության ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, պետական համակարգը քայքայելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ»:

Այդ «դիտավորյալ գործողություններում» Ս. Սիրունյանի մասով կոնկրետությունը խիստ սակավ է: Որոշման համաձայն, նա եւ «մյուսները», «տարբեր միջոցներով, այդ թվում նաեւ՝ որոշակի վարձատրության դիմաց, մարդկանց բազմություն են հավաքագրել, օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել» եւ փետրվարի 20-ից Երեւանում տեւական ժամանակահատվածում անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ, «որոնց ընթացքում սադրիչ բնույթի ելույթներով, կոչերով եւ ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով (հոգեխանգարմունքի թեզը քննիչը մատնանշել չի մոռացել- Ն. Մ.) բազմությանը մղել են պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունների կատարմանը»: Կոնկրետ Ս. Սիրունյանի դերը եղել է՝ կազմակերպել «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն» պատրաստ մարդկանց անընդմեջ ներկայությունը հիշյալ միջոցառումների ընթացքում, «ապահովել կենցաղային անհրաժեշտ պարագաների մատակարարումը, ինչպես նաեւ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել խմբի մյուս անդամներին՝ ամբոխի տրամադրվածության ու դեպքերի զարգացումների վերաբերյալ, հավաստել իրավիճակի վերահսկելիությունն իրենց կողմից»: Այստեղ հարկ է նկատել, որ սույն գործողություններում Ս. Սիրունյանի վերաբերյալ ոչ մի կոնկրետ եւ հիմնավոր փաստ, քան արդեն նշվածն է՝ չկա: Չկան վկաներ եւ այլն: Փոխարենը՝ ավագ քննիչն իր որոշման մեջ կրկնել է մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ծավալված իրադարձությունների եւ ոստիկանության դեմ, իբր, կիրառված բռնությունների մասին պաշտոնական հաղորդագրությունը: Իսկ Ս. Սիրունյանի մեղադրանքը հիմնավորող ավելի կոնկրետ փաստարկներ Վ. Հարությունյանն ու քննչական խումբը այդպես էլ չեն պեղել, ուստի՝ բավարարվել են մասնավորապես Սիրունյանի դեպքում ապացուցողական նշանակություն չունեցող ընդհանուր ձեւակերպումներով՝ «զանգվածային միջոցառման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի եւ վերը թվարկված նրանց մյուս հանցակիցների ուղղորդմամբ եւ հրահանգով տեղափոխվել, հասարակական եւ մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով եւ դրանցով արգելապատնեշներ կառուցելով՝ դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները» եւ այլն:

Մեղք է համարվում նաեւ այն, որ Ս. Սիրունյանը ուղեկցել է Ն. Փաշինյանին, երբ վերջինս «պարբերաբար շրջել է զանգվածային անկարգությունների մասնակիցների շարքերում, սադրիչ բնույթի կոչերով ամբոխին դրդել անհնազանդության, բռնությունների կատարման» կամ որ Սիրունյանը, «մշտապես գտնվելով հանցախմբի անդամ» Փաշինյանի կողքին, «անմիջականորեն իրականացրել է զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ու ղեկավարմանն ուղղված նրա հրահանգները», ավելին՝ «անձամբ վերահսկել ջարդերի, հրկիզումների», նաեւ «թալանելու գործողությունները», ինչի մասին, ի դեպ, որեւէ առարկայական փաստ չկա, ու դրանց մասին «իրազեկել հանցագործության կազմակերպիչներից՝ Ալեքսանդր Արզումանյանին»: Վ. Հարությունյանի որոշման մեջ մի ծավալուն պարբերությամբ էլ նկարագրված է, թե ինչ չափի եւ քանի մլն դրամի վնաս է հասցվել պետությանը եւ այլն:

«Այսպիոսվ, Սուրեն Սիրունյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, կազմակերպել է սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ, այսինքն՝ կատարել է հանրորեն վտանգավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քր. օր-ի 225֊րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով»,- եզրակացրել է ՀԿԳ ավագ քննիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել