Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 04,2008 00:00

Սկսեց պարտությունով

Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը՝ աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ:

Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում հանդիպեց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 51-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց: Վիշվանաթան Անանդ-Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով- Վեսելին Տոպալով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Երեկ ուշ երեկոյան կայանալու էր երկրորդ տուրը: Արոնյանը սեւերով խաղալու էր Վեսելին Տոպալովի հետ: Մյուս զույգերը կազմել էին Իվանչուկն ու Կարլսենը, Անանդն ու Ռաջաբովը:

Լիլիթի գործերը լավ են

\"\"Նալչիկում շարունակվում է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունից հանդես է գալիս միայն Լիլիթ Մկրտչյանը: Երկրորդ շրջանում Լիլիթը երկու անգամ հանդիպելով Լեհաստանի ներկայացուցիչ Աննա Հաշեկի հետ՝ 1,5:0,5 ընդհանուր հաշվով հաղթանակ տարավ: ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Կատերինա Ռոխոնյանը առաջին պարտիայում ուկրաինուհի Իննա Գապոնենկոյին զիջելուց հետո երկրորդում վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Այժմ ավելի ուժեղին որոշելու համար նրանք խաղալու են թայբրեքում:

Մեկ ներկայացուցիչ՝ պարաօլիմպիկ խաղերում

Սեպտեմբերի 6-17-ը Պեկինում անցկացվելու են պարաօլիմպիկ խաղերը, որոնք իրենց նշանակությամբ չեն զիջում ամառային 29-րդ օլիմպիական խաղերին: Այնտեղ Հայաստանը ներկայացնելու է միայն Գրետա Խնձրցյանը: Գյումրեցի մարզուհին, որ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, հանդես է գալու պաուերլիֆթինգում (ծանրամարտ)՝ պայքարելով 48 կգ քաշային կարգում: Նա մրցահարթակ է մտնելու սեպտեմբերի 10-ին:

Վիկն ուզում է միավորել գոտիները

\"\"IBF-ի եւ IBO-ի վարկածներով մինչեւ 52,2 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը, որի նպատակը բոլոր չեմպիոնական գոտիները միավորելն է, համաձայն որոշ լրատվական գործակալությունների տարածած տեղեկատվության, այդպիսի հնարավորություն կունենա արդեն նոյեմբերի սկզբներին: Նա այդ ժամանակ հանդիպելու է WBA-ի եւ WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոն մեքսիկացի Քրիստիան Միխարեսի հետ: Ըստ նախնական տվյալների, կողմերին մնացել է ընդամենը համաձայնեցնել մենամարտի ճշգրիտ օրը եւ վայրը:

Միխարեսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 41 մենամարտ, տարել 36 հաղթանակ (15-ը՝ ժամանակից շուտ), կրել 3 պարտություն եւ 1 մարտ էլ ավարտել ոչ-ոքի:

Վիկի ցուցանիշներն այսպիսին են. 32 մենամարտ, 30 հաղթանակ (24-ը՝ նոկաուտով), 1 պարտություն, 1 ոչ-ոքի:

Իսպանիան էլ կորուստ ունի

Թեեւ այսօր մարզասերների ուշադրության կենտրոնում սեպտեմբերի 6-ին կայանալիք ֆուտբոլի Հայաստան-Թուրքիա հանդիպումն է, սակայն դրանից արդեն 4 օր անց աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ խաղում մեր ընտրանին Ալբասետե քաղաքի «Կառլոս Բելմոնտե» ստադիոնում ուժերն է չափելու Իսպանիայի հետ:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ իսպանացիների հիմնական կազմի հարձակվողներից Հայաստանի հետ հանդիպմանը չի կարողանա մասնակցել «Լիվերպուլի» խաղացող Ֆերնանդո Տորրեսը, որն Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Ասթոն Վիլլայի» հետ խաղում վնասել է ծունկը եւ երկու-երեք շաբաթ ի վիճակի չի լինելու խաղադաշտ մտնել: Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, Տորրեսին փոխարինելու համար, շտապ հրավիրել է «Բարսելոնի» 18-ամյա հարձակվող Բոյան Կրկիչին:

Տեղեկացնենք նաեւ, որ Հայաստան-Թուրքիա խաղի մրցավարները Նորվեգիայից են՝ Թոմ Հենինգ Օվրեբոն (գլխավոր մրցավար), Գեյր Ագե Հոլենը եւ Յան Պետեր Ռանդենը (եզրայիններ), իսկ Իսպանիա-Հայաստան խաղը սպասարկելու է Ֆինլանդիայի մրցավարական անձնակազմը՝ Տոնի Ասումաայի գլխավորությամբ:

«Մենք Հայաստան պատերազմելու չենք մեկնում»

Օգոստոսի 2-ին Ստամբուլում հրավիրված մամուլի ասուլիսում, որն ուղիղ եթերով հեռարձակել են թուրքական մի քանի հեռուստաընկերություններ, այսպես է արտահայտվել հավաքականի գլխավոր մարզիչ Ֆատիխ Թերիմը:

«Այդ խաղը ծայրաստիճան կարեւոր է լինելու ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հավաքականների համար: Մենք պատերազմելու համար չենք մեկնում Հայաստան: Մենք գնում ենք ֆուտբոլ խաղալու,- ասել է նա:- Մեզ բարդագույն հանդիպում է սպասվում: «Եվրո-2008»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Լեհաստանին, ոչ-ոքի արել Պորտուգալիայի հետ: Իսկ աշխարհի առաջնության մեկնարկի նախաշեմին խաղաղ դաշն է կնքել Հունաստանի հավաքականի հետ: Այս բոլոր արդյունքները խոսում են մրցակցի ուժի մասին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ընտրանին այս պահին կադրային խնդիրներ ունի: Վնասվածքի պատճառով Հայաստանի հետ խաղին չեն մասնակցելու թիմի առանցքային ֆուտբոլիստներ Նիհաթ Ղահվեջին, Համիտ Ալթինթոնը, Սաբրի Սարիօղլուն, Էմրե Գյունգյուրը եւ Կաներ Էրկինը: Կասկածելի է նաեւ Էմրե Բելեզօղլուի եւ Մեհմետ Աուրելիոյի մասնակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել