Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերան օղակված է գովազդներով

Սեպտեմբեր 04,2008 00:00

\"\"Դրանք երբեմն ահռելի չափերի են ու ահավոր անճաշակ

Երեւանում հաճախ հանդիպող անճաշակ ազդագրերն աղավաղում են մայրաքաղաքի դեմքը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ազդագրերին, որոնք «զարդարում» են Ազգային օպերային թատրոնի ցանկապատերը՝ ցույց տալով ոմանց «պերճանքը», իսկ մյուսների «թշվառությունը»: Որպես կանոն, որքան էժանագին եւ անորակ է գովազդվելիքը (սերիալներ, ռաբիս համերգներ եւ այլն), այնքան՝ խոշոր են ցուցապաստառները, եւ հակառակը՝ դրանց կողքին աղքատ ազգականի կարգավիճակում են գտնվում առավել արժեքավոր համերգներ, ներկայացումներ ազդարարող պաստառները:

Ցանկացած պաստառ արտահայտում է որոշակի խմբի նյութական հնարավորությունները, այսինքն՝ ոչ թե արվեստի գործն է թելադրում իր գովազդը, այլ՝ ոմանց գրպանի պարունակությունն ու ճաշակը: Իրար են խառնվում պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ, պետական եւ ոչ պետական մշակութային օջախները:

Աշխարհի քաղաքակիրթ երկրներում գովազդը մտնում է քաղաքի դիզայնի մեջ, նրա ճարտարապետական դեմքի մասը կազմում: Ուրեմն պետք չէ՞ մշակել ստանդարտներ, ձեւավորել որոշակի կուլտուրա, սահմանաբաժանել տարածքները, պարտադրելով բոլոր գովազդատուներին՝ տեղավորվել առաջարկվող չափերի եւ սկզբունքների սահմաններում:

Այս առիթով «Առավոտը» դիմեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանին, որը նախ նշեց, որ ինքը որպես քաղաքացի համակարծիք է մեզ հետ, հետո ավելացրեց, որ քաղաքապետարանի մշակույթի վարչությունն ընդհանրապես չի առնչվում այդ հարցին. «Իմ գիտենալով՝ պատասխանատուն թաղային համայնքն է»:

Քաղաքապետարանից մեզ հայտնեցին նաեւ, որ կա հատուկ մշակված կարգ եւ այդ գործով զբաղվում է ճարտարապետության, քաղաքաշինության վարչությունը, ու սպառիչ պատասխան կտա միայն քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը: Վերջինս էլ «Առավոտին» հայտնեց, որ պարզաբանում կտրամադրի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Խուրշուդյանը, որովհետեւ գեղարվեստական «մասով» պատասխանատուն ճարտարապետն է: Գ.Խուրշուդյանը հեռախոսով փոխանցեց. «Պաստառի էսքիզը պատվիրատուի կողմից իր չափերով ներկայացվում է քաղաքապետարան, քննարկման արդյունքում հաստատվում է կամ՝ ոչ»:

Ամեն դեպքում, օպերայի կողքով անցնող երեւանցուն այնքան էլ չի բավարարում պաստառների այս տեսակ «կանոնակարգումը», եւ շատերի մոտ հարց է առաջանում, օրինակ՝ ինչո՞ւ պետք է «Հարեւաններ» հեռուստասերիալի հերոսներին պատկերող պաստառը հսկայական լինի, իսկ, ասենք, անվանի դաշնակահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի համերգի հայտագիրը՝ խղճուկ, աննկատ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել