Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 04,2008 00:00

Ուսուցիչներից շատերը սեպտեմբերի 1-ը նշեցին լացուկոծով

Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում նոր թափ է առել օպտիմալացման գործընթացը, յուրաքանչյուր դպրոցում առնվազն 5-8 ուսուցիչ է դուրս մնում: Օրինակ, փոքրիկ դպրոցներից մեկում՝ Գյումրիի թիվ 17 դպրոցում կրճատվել է 5, «Ֆոտոն» վարժարանում՝ 8 ուսուցիչ: Կան խոսակցություններ, որ խայտառակ վիճակ է ստեղծվել թիվ 11, 29 միջնակարգ դպրոցներում: Եվ քանի որ տարբեր դպրոցներում կրճատվածներին տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում, «Առավոտը» փորձեց շրջայց կազմակերպել ու լսել տնօրենների հիմնավորումները: Ի վերջո, ո՞րն է ուսուցիչներին մասսայաբար գործազուրկ թողնելու պատճառը՝ աշակերտ չլինե՞լը, Շիրակի մարզպետի՝ մեկ դրույքի դիմաց 70000 դրամ վարձատրելու խիստ հրահա՞նգը, թե՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ամեն տարի մեծ թվաքանակով մանկավարժներ «թողարկելը»:

Թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը կոնկրետ իր դպրոցում կրճատումները պատճառաբանեց դասարանների փակվելով, որի հետեւանքով պակասել է 3,5-4 դրույք դասաժամ: «Մենք ցավալիորեն չունենք այլ հնարավորություններ, որ ուսուցիչներին չտխրեցնենք ու այլ աշխատանք առաջարկենք: Պատճառներից մեկը կառավարության երեք տարի շարունակ գործող այն օրենքն է, որով բարձրացվել են դասարանների միջին խտության թվերը, բարձր օղակում 25-ը դարձել է 30 աշակերտ, միջին եւ ցածր օղակում 30-ը փոխարինվել է 35-ով: Մի խոսքով, դասարանների խտությունը բարձր է, եթե ես ունեմ 32 աշակերտ՝ եւ առաջ դրանով կարող էի երկու դասարան պահել, այժմ պարտավոր եմ մեկ դասարան դարձնել, օրենքը դա է պահանջում, 35-ից ավելին կիսվում է երկու դասարանի: Մյուս կողմից ֆինանսավորման հարցն է, կա դպրոց, որը շատ աշակերտ ունենալու պատճառով կարող է նաեւ այս նորմը խախտելով մեկ այլ դասարան պահել, որովհետեւ ունի ֆինանսավորման հիմք, բավարարում է, բայց եթե աշակերտների քանակը քիչ է՝ դու չես կարող նորմից ավելի լրացուցիչ դասարան պահել, որպեսզի դրույք ապահովես ուսուցչի համար: Դասարանները փակվում են, քանի որ Շիրակի մարզից, հատկապես Գյումրիից շատ է արտագաղթը.՝ հինգ-վեց տարի առաջ ունեցել ենք առաջին դասարանի ընդունելության նորմերի բավականին նվազում, ենթադրենք՝ դպրոցն ունեցել է երեք առաջին դասարան, այժմ ունի երկու առաջին, այսինքն՝ խնդիր է առաջանում ցածր օղակից քիչ դասարաններ վերեւ բարձրանալու պատճառով: Եվ էս բոլորը հանրագումարի բերելով՝ յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր առարկայի դասաժամերի պակասորդ է ստացվում բոլոր դպրոցներում, իսկ դպրոցը վերջիվերջո ստիպված է լինում համապատասխանել ժամաքանակ- ուսուցիչների քանակ հարաբերությանը, որի արդյունքում ստացվում է ուսուցչի կրճատում»:

«Առավոտի» հետ զրույցում Կարապետ Ներսիսյանը, որն աշխատում է նաեւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում, ընդունեց մեր այն դիտարկումը, թե մանկավարժականը չափից ավելի շատ կադրեր է թողարկում: «Ես կասեի, որ սա ավելի շատ կառավարության մեղքի բաժինն է, ընդհանրապես շուկայական հարաբերությունների մեջ ամեն ինչ կարգավորողը պահանջարկ- առաջարկ փոխհարաբերությունն է, առաջարկը շատ է, պահանջարկը՝ քիչ: Մեր մենտալիտետն այնպիսին է, որ ցանկացած ծնող, առանց հաշվի առնելու իր երեխայի կարողությունները, պարտադրում է բուհ ընդունվել, մյուս կողմից էլ մեր կառավարության նորմերն ու նորմատիվ ակտերը երեւի ինչ-որ տեղ հնարավորություն տալիս են «ով ուզում է՝ ընդունվում է» սկզբունքն իրականացնելու, թեեւ հուսով եմ, որ շուտով մեր ժողովուրդն ինքը կհասկանա, որ անիմաստ դիպլոմ ձեռք բերել պետք չէ, երբ չկա աշխատատեղ, բարձրագույն կրթությունը ընտրյալների համար է, ինկուբատոր չէ, որ շտամպով բոլորին խփեն ու դուրս հանեն, դիպլոմը ձեւի համար չէ»:

Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանը կրճատումները պատճառաբանեց մարզպետի կողմից ստացված այն գրությամբ, որ դրույքաչափը պետք է սահմանեն 70.000 դրամի չափով, առանց հավելյալ վճարների: Եվ եթե նախորդ տարիներին, ուսուցիչների մեծ քանակ ունենալով, օգտագործվել են դպրոցի պահպանման ծախսերը, այս տարի գումարի մեջ տեղավորվելու խնդիր է առաջացել: Ըստ տնօրենի, համապատասխան դրույքաչափին հասնելու համար հնարավոր է ազատեն 8 մանկավարժի:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի պարզաբանումը. «Չի կարելի շահարկել մարզպետի այն պահանջը, որը բխում է օրենսդրությունից: Մարզպետի օրինական պահանջը հետեւյալն է՝ ապահովել միջին ծանրաբեռնվածություն մանկավարժի համար, որպեսզի կառավարության քայլերը՝ մանկավարժների սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, չանցնեն ապարդյուն: Առանձին դպրոցներ, որոնք խախտել էին դասաբաշխման համամասնությունները, հիմա պարտավորվում են գալ համամասնությունների, աշխատել են ավելորդ լիբերալիզմով, չեն կարողացել ժամանակին կողմնորոշվել, թե մանկավարժական տվյալ համակազմում ընտրանին որոնք են: Դպրոցների տնօրինությունները, վերազանցելով իրենց իրավասությունները՝ աշխատուժի ավելցուկ են ունեցել, ու հիմա պահանջի պարագայում գնում են կրճատումների»:

Ի դեպ, կրճատումներ կային նաեւ Գյումրիի թիվ 41 միջնակարգ դպրոցում, սակայն նորանշանակ տնօրեն Անահիտ Աթոյանը հրաժարվեց այս մասին խոսել՝ պատճառաբանելով, որ առավոտից հաց չի կերել, հոգնած է եւ հարկ չի համարում լրագրողների հարցերին պատասխանել: Ընթերցողներին տեղեկացնենք, որ վերոհիշյալ տիկինը դպրոցի տնօրեն «ընտրվեց» մի կերպ, ինչպես կասեն գյումրեցիները՝ «զոռով-շառով», 4 անգամ ատեստացիայի մասնակցեց, սակայն 4 անգամ էլ չէր կարողանում համապատասխան միավորներ հավաքել, բայց քանի որ ամուսինը ավագանու անդամ էր, Շիրակի մարզպետն էլ խիստ շահագրգիռ էր նրա տնօրեն աշխատելու համար, բնականաբար՝ տնօրեն դարձավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել