Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատվեց եւս մեկ քաղբանտարկյալ

Սեպտեմբեր 04,2008 00:00

Դրվագներ «Մարտի 1»-ի դատական նիստերից

ՀՀՇ գործադիր քարտուղարն՝ այլեւս ազատության մեջ

Երեկ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վարդգես Հայոցյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատավոր Երեմ Եսոյանը վճռեց «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառած եւ դիմադրած մեղադրյալին» դատապարտել մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ տալով 2 տարի պայմանական փորձաշրջան: Վ. Հայոցյանի եւ նրա հարազատների գրկախառնման ժամանակ ժպտում էր անգամ մեղադրողը՝ Աշոտ Նադոյանը: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է անցկացնելու «ազատագրման» օրը, պարոն Հայոցյանը պատասխանեց. «Հիմա առաջին հերթին գնալու եմ տղայիս շիրիմին ծաղիկ դնեմ, հետո կգնամ՝ կխաղամ թոռնիկներիս հետ: Դրանից հետո հունի մեջ կընկնեմ եւ վաղը երեկոյան կլինեմ Հյուսիսային պողոտայում»: Ըստ Վ. Հայոցյանի, ինքն անդավաճան է իր սկզբունքներին:

Մեղադրյալին չէին բերել

Երեկ Երեւանի քրեական վերաքննիչ դատարանում պետք է լսվեր «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոման Մնացականյանի դատավարությունը, որը, սակայն, հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 10-ը: Կես ժամ սպասեցնելուց հետո միայն դատավոր Մհեր Արղամանյանը քաղաքացիական հագուստով ժամանեց դատական նիստերի դահլիճ եւ տեղեկացրեց, որ դատը հետաձգվում է «ամբաստանյալին» դատարան չբերելու պատճառով: Դատարանում չէր նաեւ մեղադրողը: Հիշեցնենք, որ Ռ. Մնացականյանին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասը եւ նրան Երեւանի քրեական դատարանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտել: Պաշտպան Լուիզա Հարությունյանը «Առավոտին» հայտնեց, որ իր պաշտպանյալի «գլխին ոստիկան-վկաները գործ են թխել»: «Նրան մեղադրում են, որ իբր մարտի 1-ի առավոտյան անկարգություններ է արել, պայթուցիկ նյութեր է շպրտել, ինչպես նաեւ՝ իբր մասնակցել է նույն օրը երեկոյան Պռոշյան փողոցում տեղի ունեցածին: Նա ստացել է գլխի ծանր վնասվածք, բայց գործով անցնող վկան՝ բժիշկ Թադեւոսյանը, փաստեց, որ վիրակապ է արել, այդպես էլ չհիշելով, թե ինչ վիրակապ է արել, ինչ կարգով, որպեսզի դատարանում ապացուցեինք նրա անմեղությունը»,- այսպես ներկայացրեց Ռ. Մնացականյանի հետ կապված դատական գործընթացը պաշտպանը:

Լ. Հարությունյանը հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալին ձերբակալել են մարտի 9-ին՝ եղբոր տանը, հարցրել են անունը, ճանաչել ու տարել. «Նրան ձերբակալած 3 ոստիկանները դարձել են գործով վկաներ: Վերջիններս եւ գործով տուժող վկան հակասություններով լեցուն վկայություններ են տվել: Տուժողն ասում է, որ իմ պաշտպանյալը քարով հարվածել է իրեն, բայց այդպես էլ չապացուցվեց, թե նա ինչ վնասվածք է ստացել, իրեն ով է ասել, որ գնա դատաբժշկական փորձաքննության»:

7 րոպե ուշանալու համար դատը հետաձգվել է

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր նաեւ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Վարդգես Գասպարիի դատավարությունը: Նա մեղադրվում է ՔՕ-ի 316 հոդվածի 1-ին մասի՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ դիմադրելը» հատկանիշներով: Մինչեւ սեպտեմբերի 9-ը հետաձգված դատաքննության առնչությամբ Վ. Գասպարիի պաշտպան Մուշեղ Շուշանյանը «Առավոտին» պարզաբանեց. «Դատը հետաձգվեց իմ ուշացման պատճառով, թեեւ ես հեռախոսով պաշտպանյալիս տիկնոջը տեղեկացրել էի, որ ճանապարհին խցանման մեջ եմ եւ մի քանի րոպեից կհասնեմ, բայց որոշել էին հետաձգել: Սա այն դեպքում, երբ դատական նիստերը, որպես կանոն, առնվազն մեկ ժամ ուշացումով են միշտ սկսվել: Ընդամենը 7 րոպե եմ ուշացել»: Մ. Շուշանյանը տեղեկացրեց նաեւ, որ Վ. Գասպարիի գործով արդեն ավարտվել է վկաների հարցաքննությունը եւ հերթը հասել է ապացույցների հետազոտմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել