Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է

Սեպտեմբեր 04,2008 00:00

Գյուլին ուղղված հրավերն այսպես է մեկնում ՍԴՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն դա համարում է «դիվանագիտական խոշոր քայլ»

Երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը բանավիճեցին հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների առիթով, մասնավորապես սեպտեմբերի 6-ին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ ՀՀ այցի վերաբերյալ: Է. Հովհաննիսյանը գովեց նախագահի՝ Գյուլին հրավիրելու քայլը. «Գյուլն ընդունել է հրավերը, բայց եթե չընդուներ էլ՝ մեր կողմից սա շատ կարեւոր դիվանագիտական քայլ է: Հաստատ շատ հարցերում շահող կողմ ենք լինելու: Իսկ այն կարծիքները, թե այդ քայլը մեր ազգային շահերին վնաս է, տեղին չեն, քանի որ իրականում որեւէ պատմական իրողություն չի ոտնահարվում: Իսկ ՀՀ-ն կարող է շահել. տնտեսական հարցերում կարող ենք ունենալ առաջընթաց, ինչը կապահովի սահմանների բացումը: Վրաց-օսեթական հակամարտությունները ցույց տվեցին, որ այս քայլը կարող է օգուտ բերել ՀՀ-ին, քանի որ մեկ կամրջի պայթեցման պատճառով մեր երկիրը գրեթե տնտեսական ճգնաժամի մեջ էր: Այսինքն՝ ամեն ձեւով այս այցն արդարացված է»: Իսկ դաշնակցական Հ. Ասատրյանը դեմ է այդ քայլին. «Դեմ չենք, որ նախագահը ուղարկել է հրավերը, բայց դրա կարիք չենք տեսնում: Համենայնդեպս, ՀՅԴ-ն չէր հրավիրի Գյուլին: Եթե որեւէ քաղաքական փոփոխություն չի լինելու ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի կողմից, այդ դեպքում Գյուլի գալու իմաստը ո՞րն է: Չեմ կարծում, որ սահմանների բացումից հետո ավելի լավ հարաբերություններ կունենանք Թուրքիայի հետ, քան՝ հիմա ունենք Վրաստանի հետ, թեեւ սահմանների բացմանը կողմ ենք: Հայաստանը երբեք նախապայմաններ չի դրել, բայց բոլոր բարոյական իրավունքներն ունենք դա անելու: Իսկ Թուրքիայի՝ նախապայմանների գնով սահմանը բացելը կլինի ամենամեծ սխալը, որը մենք կարող էինք գործել այս պարագայում»: ՀՀԿ-ական Է. Հովհաննիսյանը հակադարձեց. «Թուրքիայի դեմ նախապայմաններ չդնելը ամրագրված է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում, եւ դրա վրա ՀՅԴ-ն էլ է աշխատել»: Ն. Գալստյանը հաճույքով հետեւում էր կոալիցիոն գործընկերների բանավեճին, սակայն որոշեց իր կարծիքը եւս հայտնել. «Դաշնակցության պահվածքը ոչ մի հարցում չենք ողջունել: Իսկ նրանք թուրքերի հետ հարաբերվելու առումով հին պատմություն ունեն: Մեզ՝ հնչակյաններիս համար տարօրինակ է, որ 17 տարի բոլոր տիպի ագրեսիաների օգտագործումից, Հայաստանի նկատմամբ 17 տարի շրջափակումից հետո, ՀՀ նախագահը հրավիրում է թուրք նախագահին: Սա մեզ համար կապիտուլյացիայի դրսեւորում է: Մենք՝ որպես ազգ, պետություն, 17 տարվա պայքարից հետո ցույց տվեցինք, որ պատրաստ չենք պայքարելու»: Հետո հավելեց. «Գիտակցում ենք, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը անհրաժեշտ է, բայց՝ նորմալ տնտեսություն ունենալու պարագայում, ոչ թե այնպիսի օլիգարխացված տնտեսության, կլանային համակարգ ունեցող երկրի պարագայում, ինչպիսին Հայաստանն է: Մենք համաձայն ենք սահմանը բացելուն, քանի որ մեզնից 1000 կմ հեռու 3 օր տեղի ունեցավ պատերազմ եւ Հայաստանը ցույց տվեց իր սնանկությունը: Այսինքն՝ որպես երկիր 1-2 օր կարող ենք գոյություն ունենալ»:

Հ. Ասատրյանն էլ խոսեց արժանապատվությունից. «Մենք չենք փակել սահմանները, թուրքերն են փակել, նրանք էլ պիտի բացեն: Խնդրելն իմաստ չունի, դա մեր արժանապատվությանը վայել չէ»: Է. Հովհաննիսյանը կրկին համառեց. «Չե՞ք կարծում, որ Թուրքիան է վախենում, որ արեւելյան շրջանները, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանն ավելի հետամնաց է, եւ միգուցե Հայաստանը տնտեսական էքսպանսիայի ենթարկի այդ շրջանները»: Ն. Գալստյանը հեգնանքով նշեց. «Այսինքն՝ Թուրքիան սահմանները բացեց, մեկ էլ օլիգարխները սափրագլուխներով գնում են Արեւմտյան Հայաստան, տնտեսական էքսպանսիայի են ենթարկում Թուրքիայի արեւելյան շրջանները, Թուրքիան էլ ասում է՝ ձեր ցավը տանեմ, հայերը մոնոպոլիա են հաստատում, շաքար, բենզին բերում… Ախր ՀՀ-ն տնտեսություն չունի, որ 1քմ հող էքսպանսիայի ենթարկի, ուր մնաց այդ շրջանները»: Վերջում կուսակցական երիտասարդներն ասացին, թե ինչ են անելու սեպտեմբերի 6-ին: Նարեկ Գալստյանն ասաց. «Կոչ ենք արել ՀՀ ազգաբնակչությանը, եթե արդեն հրավիրել ենք Գյուլին, քաղաքակիրթ պահվածք ցուցաբերենք, չգնանք ծայրահեղությունների: «Ամա՜ն, Թուրքիայի մաման» գոռալով՝ հնարավոր չէ հարց լուծել»: Հ. Ասատրյանն էլ ասաց. «Դաշնակցությունն ու նրա երիտասարդական կառույցը կդիմավորեն Գյուլին ինչպես հարկն է: Բողոքի մեր նշանը կհայտնենք Թուրքիայի քաղաքականության հետ կապված, պետության ներկա վարքագծի, ցեղասպանության չճանաչման, Ղարաբաղի խնդրում իր կողմնակալ դիրքորոշման հարցով: Մենք Գյուլին ասելիք ունենք»: Է. Հովհաննիսյանն իր կողմից ավելացրեց. «Գյուլին իրոք ասելու բան կա, եւ դա կասեն մեր նախագահն ու դիվանագիտական մարմինները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել