Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանվեցին եւ նախազգուշացվեցին

Սեպտեմբեր 04,2008 00:00

«Դվին Հոլդինգը» գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց, իսկ առեւտրային բանկերը՝ նախազգուշացվեցին:

Գյուղատնտեսության նախարարության եւ պարարտանյութի ներկրմամբ զբաղվող «Դվին Հոլդինգ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորվել է հողօգտագործողներին մատակարարել 20 հազար տոննա պարարտանյութ՝ 1 տոննան 84 հազար դրամով, որից 10 հազարը՝ որպես սուբսիդիա, պետք է տրամադրեր գյուղնախարարությունը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ ) ուսումնասիրություններով պարզվել է, որ «Դվին Հոլդինգը» նախորդ տարվա նոյեմբերից մինչեւ այս տարվա հունիսի 20-ը ներկրել է 23 հազար 985 տոննա պարարտանյութ, որից 20 հազարը իրացվել է համաձայն պայմանագրի: Բացի այդ, իրացվել է նաեւ 1700 տոննա պարարտանյութ Լեռնային Ղարաբաղում՝ 1 տոննան 84 հազարից մինչեւ 110 հազար դրամով, եւս 587 տոննա՝ 1 տոննան 132 հազար դրամով, «Դվին Հոլդինգը» վաճառել է ՀՀ տարբեր ձեռնարկություններին, իսկ 1470 տոննան՝ 1 տոննան 123 հազար դրամ միջին գնով, անհատներին: Հանձնաժողովի նիստի ընթացքում ընկերության ղեկավար Ռաֆիկ Սարգսյանը չժխտեց, որ իրենք իսկապես վաճառքն իրականացրել են տարբերակված գներով, իսկ գնաճի վերաբերյալ որեւէ հստակ հիմնավորում չներկայացրեց: Սակայն տպավորությունն այնպիսին էր, որ Ռ. Սարգսյանին հետաքրքրում էր ոչ թե այն, որ իրենք օրենք են խախտել եւ առանց հիմնավորման թանկացրել են պարարտանյութը, այլ այն, որ նիստից 1 օր առաջ ԶԼՄ-ները տեղեկացված են եղել այդ մասին: Ու քանի որ վարույթը հարուցվել էր «Առավոտի» եւ Panorama.am ինտերնետային կայքի հրապարակումների հիման վրա, Ռ. Սարգսյանը, «Առավոտում» (07. 06. 2008) տպագրված հոդվածից մեջբերումներ անելով, փորձում էր ապացուցել, որ հոդվածն իրենց հետ ոչ մի կապ չունի:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի այն դիտարկմանը, որ իրենք ուսումնասիրել եւ գնահատական են տվել այն երեւույթին, որ շուկայի գերիշխողը թույլ է տվել տնտեսական մրցակցության օրենքների խախտում, «Դվին Հոլդինգի» ներկայացուցիչը խնդրեց նախքան տուգանք կիրառելը իրենց եւս 2 օր ժամանակ տրամադրել՝ լրացուցիչ փաստեր ներկայացնելու համար: Չհիմնավորված գնաճի համար հանձնաժողովը երեկ «Դվին Հոլդինգին» տուգանեց նախորդ տարվա հասույթի 2%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 միլիոն դրամով: Ռ. Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի որոշումը հիմնավոր չէ եւ իրենք առաջիկայում վարչական բողոք կներկայացնեն, ապա կդիմեն նաեւ դատարան:

Երեկ հանձնաժողովն անդրադարձավ նաեւ բանկային համակարգում մրցակցային կանոնների խախտման առնչությամբ հարուցված վարույթին: Հայաստանում գործող մի շարք առեւտրային բանկեր, որպես նախապայման, հաճախորդներին առաջարկում են օգտվել միայն կոնկրետ ապահովագրական կամ գնահատման ծառայություն իրականացնող կազմակերպությունից, ինչի հետեւանքով բանկերի միջեւ կարող են ի հայտ գալ հակամրցակցային համաձայնության երեւույթներ: Օրինակ, «Կասկադ բանկի» հաճախորդներն օգտվում են միայն «Կասկադ ինշուրանս» ապահովագրական ընկերության, «Հայէկոնոմբանկինը»՝ «Սիլ Ինշուրանսի», «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկի», «Առէկսիմբանկի», «Բիբլոս բանկ Արմենիայի» եւ «Հայբիզնեսբանկի» հաճախորդներն օգտվում են միայն «Ինգո-Արմենիայի» ծառայություններից: Նիստին ներկա ՀՀ բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը եւ բանկերի ներկայացուցիչները հանձնաժողովին խնդրեցին, որ բանկերին նախազգուշացում չտրվի, քանի որ այն ֆինանսական ոլորտի համար շատ խիստ պատժամիջոց է: Հակամրցակցային համաձայնություն կնքած բանկերին հանձնաժողովը նախազգուշացրեց շտկել եւ հետագայում բացառել խախտումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել