Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»

Սեպտեմբեր 04,2008 00:00

\"\"Վստահ է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը

– Թուրքիայի նախագահի այցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն հայտարարում է, թե բողոքելու է քաղաքակիրթ մեթոդներով: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ մեթոդները, եթե, ասենք, որոշեք ոտքի տակ գցել այդ երկրի զինանշանը, դրոշը եւ այլ խորհրդանիշներ, դա կլինի քաղաքակի՞րթ մեթոդ, չէ՞ որ որեւէ երկրի նախագահի համար ուղղակի անպատվաբեր է, եթե իր ներկայությամբ նման վերաբերմունքի են արժանանում իր երկրի խորհրդանիշները:

– Ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններ կա՞ն, կարծում եմ՝ չկան, գոնե դիվանագիտական, պաշտոնական հարաբերություններ չկան: Այնուամենայնիվ, լինելով իշխանության մաս կազմող քաղաքական ուժի, եւ քաղաքակիրթ պայքարի կանոնները ընդունող եւ հարգող ուժի ներկայացուցիչ, ես գտնում եմ, որ մենք ունենք քաղաքակիրթ պայքար տանելու իրավունքը, քանի որ ունենք չմարող հիշողություն: Վստահ եմ, որ մենք կունենանք մեր ընդվզումն արտահայտելու այն եղանակները, որոնք ո՛չ մեր երկրի համար խարան կլինեն, ո՛չ էլ մեր կուսակցության համար: Բայց չարտահայտել մեր դիրքորոշումը, մեր կեցվածքը, հրաժարվել մեր պահանջատիրությունից, մեր դատից, կարծում եմ, մեզ համար բարոյական չի լինի, իսկ ես միշտ համոզված եմ, որ քաղաքականությունը կարող է եւ պետք է նաեւ լինի բարոյական:

– Դուք կարծում եք, որ մեր մայրաքաղաքն այնպիսի քաղաքաշինական, մշակութային վիճակում է, որ երբ կգան թուրք դիվանագետները, մենք ամաչելու պատճառ չե՞նք ունենա:

– Մեր մշակութային ժառանգությունը մեզ արժանապատվորեն ներկայանալու հնարավորություն տալիս է, եւ այդ հպարտությունը ունեմ, սա կեղծ հպարտություն չի, մենք թուրքերին ցույց տալու բան ունենք: Դուք նրբորեն անդրադարձաք մի խնդրի, որն ինձ շատ է ցավեցնում։ Վստահ եմ, ուշադիր եք եղել, որ խորհրդարանում իմ հիմնական ուշադրության կենտրոնում են մշակութային խնդիրները, բայց նույնքան սրտացավությամբ վերաբերվում եմ Երեւանի քաղաքաշինական նկարագրին, որն, իմ կարծիքով, այնքան էլ պատվաբեր եւ ներկայանալի չի: Այսօր, ցավոք, մայրաքաղաքում քաղաքաշինական իմաստով աղետալի իրավիճակ է։ Եվ պատճառն այն է, որ շատերի՝ այդ թվում Երեւանի համար պատասխանատու պաշտոնյաների համար մայրաքաղաքը սոսկ շինհրապարակ է, իսկ ավելի ճիշտ՝ շինարարական բիզնեսի դաշտ։ Հատկապես կենտրոնում իրականացվող բարձր խտության, չհամակարգված կառուցապատման արդյունքում Երեւանը վերածվել է էկոլոգիական աղետի գոտու: Ոտնահարվում է հանրային կարծիքը, խախտվում են ՀՀ օրենքներ, քաղաքաշինական նորմեր, աղճատվում է մայրաքաղաքի նկարագիրը։ Չեն պաշտպանվում հասարակության, անհատի շահերը, չեն կարեւորվում ազգային անվտանգության խնդիրները: Դժվար է պատկերացնել, բայց մայրաքաղաքի կենտրոնում շենքեր ու շինություններ են խոյանում, շահագործվում ու ծառայություններ մատուցում՝ չունենալով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, լինելով ինքնակամ կամ ապօրինի։ Ցավալի է, որ հողակտորների զավթման ճանապարհին անգամ դպրոցները չեն խնայվում։ Ե. Չարենցի անվան դպրոց, թիվ 29 դպրոց, Մուշեղ Իշխանի անվան դպրոց… հասցեները շատ են։ Բազմաթիվ հարցեր կան ոլորտին առնչվող, որոնք լուծումներ ու պատասխաններ են սպասում։ Հույս ունեմ, որ կոնկրետ միջոցառումներ կձեռնարկվեն արդեն իսկ կատարված ապօրինություններն ու օրինախախտումները վերացնելու, ինչպես նաեւ խնդիրները իրավական դաշտ բերելու եւ Երեւանի կառուցապատման հայեցակարգը կանոնակարգելու ուղղությամբ։

– Բայց Դուք ումի՞ց եք դա պահանջում, չէ՞ որ իշխող ուժի ներկայացուցիչ եք, ԱԺ պատգամավոր, այսինքն՝ իշխանությունը նաեւ Դուք եք:

– Պետք է անկեղծ ասեմ, Երեւանի քաղաքաշինությանն առնչվող խնդիրներով, հայեցակարգային առաջարկությամբ դեռ երկու ամիս առաջ դիմել եմ հանրապետության վարչապետին: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ արդեն երկու խորհրդակցություն ենք ունեցել կառավարությունում եւ քաղաքաշինության նախարարի հետ։ Հստակ է, որ օրենսդրական դաշտում լուրջ բացեր ունենք։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով պատասխանատվությունն ամբողջությամբ Երեւանի քաղաքապետարանինն է, եւ արդյունքում տեսնում ենք այս խեղված Երեւանը։ Հուսով եմ, որ լուծումներ կգտնվեն թե՛ ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում, թե՛ անհրաժեշտ քաղաքական կամք կդրսեւորվի՝ գուցե եւ ցավոտ խմբագրումներ կատարելու ճանապարհով։ Մենք իրոք կարող ենք ունենալ այն մայրաքաղաքը, որ աշխարհի ցանկացած նախագահի հրավիրելու դեպքում միայն հպարտություն ունենանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել