Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

Սեպտեմբեր 04,2008 00:00

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն վերլուծություններին, թե քանի որ հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը հարուցել են ՀՅԴ դժգոհությունը՝ վերջինս կփորձի նպաստել մեծ քաղաքականություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին՝ Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը նախ ասաց. «Եկեք Թուրքիայի հետ հարաբերությունները չդարձնենք ՀՅԴ մենաշնորհը, այլապես հարցի շրջանակը շատ կփոքրանա: Սա համազգային խնդիր է»: Եվ հավելեց. «Նույնիսկ առանց Թուրքիայի էլ՝ ես դա դիտում եմ իբրեւ ներքաղաքական զարգացումների հնարավոր տարբերակներից մեկը: Բայց դա կարող է իրականանալ միայն այն դեպքում, եթե դառնա քաղաքական կոալիցիայի պահանջը գործող նախագահին ու, նաեւ, եթե նախագահ Սերժ Սարգսյանը համոզվի, որ առանց Ռոբերտ Քոչարյանին պետական կառավարման մեջ դե յուրե ներգրավելու՝ դժվար կլինի հաղթահարել ներքաղաքական առկա լարվածությունն ու բարոյահոգեբանական ճնշող մթնոլորտը»: Հարցին՝ կարծում է, որ կառավարման համար Սերժ Սարգսյանի ունեցած քաղաքական հենարանը խախո՞ւտ է, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Կան քաղաքական իրողություններ, որոնք պետք է հաշվի առնել: Առաջինն այն է, որ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահները պետության կառավարման ղեկը ստանձնել են ոչ նման ծանր իրավիճակում, ինչպես Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով հետընտրական զարգացումները, որոնք շարունակվում են մինչ օրս: Ներքաղաքական լարվածության, ընտրությունների պատճառով միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքերի թուլացման եւ վերջին շրջանում տարածաշրջանում ընթացող գործընթացների պատճառով՝ իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի պետության ղեկավարն էր, ձեռք է բերել իր հստակ հենարանը, թիմը եւ ազդեցության ոլորտները: Եվ եթե Սերժ Սարգսյանը համոզվի, որ դժվար կլինի միայնակ ղեկավարել այն թիմը, որը ժամանակին եղել է միասնական իր եւ Քոչարյանի համար՝ հնարավոր է, որ նրան հրավիրի գործադիր իշխանության մեջ բարձրաստիճան որեւէ պաշտոնի. խոսքն առաջին հերթին վարչապետի մասին է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել