Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում են Գյուլի այցը

Սեպտեմբեր 04,2008 00:00

Ադրբեջանական մամուլը դա վերլուծում է Ադրբեջանի շահերի տեսանկյունից

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ առաջիկա օրերին Երեւան կատարելիք այցը շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում, ԶԼՄ-ներում: Երեկ մի քանի պարբերականներ ծավալուն վերլուծություններով են անդրադարձել այդ այցի շարժառիթներին եւ հնարավոր հետեւանքներին:

«Միանշանակորեն ասել, թե հայ-թուրքական հարաբերությունների լավացումը Ադրբեջանի համար լավ է կամ վատ, կոռեկտ չէ»,- երեկ «Day.az»-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Ռուստամ Մամեդովը: Ըստ նրա՝ «անշուշտ, տղամարդկային արժանապատվության տեսանկյունից Թուրքիայի դիրքորոշումը փոքր-ինչ չի արդարացնում իրեն», որովհետեւ հայերը, քաղաքագետի ասելով, ամենուր վիրավորում են թուրքերին, մեղադրում «ցեղասպանության» մեջ, իսկ թուրքերն այդքանից հետո ընդունում են հայերի հրավերը: Այդուհանդերձ, ըստ նրա՝ եթե Թուրքիային հաջողվի իր ազդեցության տակ առնել Հայաստանը, ապա դա Ադրբեջանի համար միայն օգուտ կլինի: «Անձամբ ես կարծում եմ, որ Գյուլը դեռ կարող է հրաժարվել Երեւան կատարելիք այցից»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետը:

Քաղաքական գործիչներից ոմանց, ինչպես Միլի մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովի համար ՀՀ նախագահի հրավերը Գյուլի կողմից ընդունելն անհասկանալի է: «Դժվար է ասել՝ ինչով է առաջնորդվել Աբդուլլա Գյուլը, երբ ընդունել է Թուրքիայի եւ Հայաստանի հավաքականների ֆուտբոլային խաղին ներկա լինելու՝ Սերժ Սարգսյանի հրավերը: Կամ նրան ձգել է տեսնել հայկական ֆուտբոլ անունով էկզոտիկան, կամ հակառակ կողմից տեսնել Աղրիդաղը (Արարատ լեռը-Ն.Մ.), գուցեեւ մոտ տարածությունից իր հավաքականին երկրպագող Սերժ Սարգսյանի վրա չարախնդալու հաճույքը զգալ, կամ՝ բոլոր այդ հաճույքները միանգամից ստանալ»,- հեգնել է ադրբեջանցի պատգամավորը՝ «Day.az»-ին երեկ տված հարցազրույցում:

Գործնական ի՞նչ օգուտ կարող է ունենալ Թուրքիան՝ ֆուտբոլային այդ խաղն իր նախագահի եւ նրա պաշտոնակցի միասին դիտելուց: Այս հարցին ի պատասխան պատգամավորն ինքը ենթադրել է՝ համայն հայության հրաժարումը «ցեղասպանության» ճանաչման գաղափարի՞ց. «Կյանքում նման բան չի լինի: Հայերն ապրում են դրանով եւ դրա հաշվին: Հայեր՝ առանց ճանաչման սեւեռուն գաղափարի, նույնն է թե՝ տեսնել բարեկամաբար գրկախառնվող Պուտինին եւ Սահակաշվիլուն Սիկտիվկարի դիսկոտեկում»: Մամեդխանովը բացառել է, թե Ադրբեջանի «ավագ եղբայրն» այդ այցից որեւէ օգտակար բան կշահի: Փոխարենը չի բացառել, որ հայերն այդ փաստը կօգտագործեն սեփական երկրի PR-ն անելու համար. «Չեմ բացառում, որ նրանք կասեն՝ Աբդուլլա Գյուլը առաջին խաղակեսում քնաբեր է լցրել Սերժ Սարգսյանի սուրճի մեջ, եւ Սարգսյանին միայն ուժեղ կամքն է թույլ տվել նայել երկրորդ խաղակեսը»: Բոլոր դեպքերում ադրբեջանցի օրենսդիրն, այնուամենայնիվ, փորձել է մի դրական բան գտնել Գյուլի այցում. «Հայերը դրանից միայն շահելու են, բայց հույս ունեմ, որ ֆուտբոլային խաղում շահողը կլինի Թուրքիան»:

Ադրբեջանական մամուլում, իհարկե, ավելի լուրջ քաղաքական վերլուծություններ կան, որոնց մեծամասնության պարագայում էլ Գյուլի այցը ՀՀ չի ողջունվում: Արձանագրելով, որ տարածաշրջանում հետաքրքիր խաղ է սկսվել, եւ Ադրբեջանը ստիպված է հարմարվել նոր իրավիճակին, «Զերկալոն» «Ադրբեջանի համար լա՞վ է, թե՞ վատ թուրք-հայկական ջերմացումը եւ իբրեւ դրա հետեւանք՝ հայ-թուրքական սահմանի բացումը» հարցով դիմել է անկախ քաղաքագետների: Ըստ քաղաքագետ Լեյլա Ալիեւայի, սահմանի բացումը կարճաժամկետ հեռանկարի տեսանկյունից կթուլացնի ՀՀ մեկուսացումը՝ նրան մանեւրելու ավելի շատ ազատություն տալով նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման համար, ինչն Ադրբեջանի համար շահավետ չէ: Երկարաժամկետ հեռանկարի առումով դա կարող է օգնել Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար, որովհետեւ սահմանի բացման եւ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման պայմաններում Հայաստանը կարող է ավելի «հնազանդ» լինել, արդյունքում՝ կուժեղանա Հարավային Կովկասի, նաեւ՝ ՀՀ վրա Թուրքիայի ազեցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել