Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Սեպտեմբեր 04,2008 00:00

Խոստանում է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը

ՀԺԿ-ն 2003-ից համագործակցում եւ ծրագրեր է իրականացնում Շվեդիայի ձախ կուսակցության հետ, որը նախկինում իշխող էր, իսկ այժմ՝ ընդդիմադիր, եւ 22 պատգամավոր ունի երկրի խորհրդարանում՝ Ռիկսդագում: ՀԺԿ-ի եւ Շվեդիայի ձախ կուսակցությունը երեկ անցկացրին միջազգային կոնֆերանս, որը վերաբերում էր ժողովրդավարական գործընթացներում կանանց դերին:

Եվ այս կոնֆերանսի իր բացման խոսքում Ձախ կուսակցության ներկայացուցիչ Մուրադ Արթինը, որը Ռիկսդագի նախկին պատգամավոր է՝ անդրադարձավ մեր երկրի ներքաղաքական իրավիճակին. «Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում ընթանում է հակառակ ուղղությամբ: Մարդու իրավունքների խախտումների թիվն աճել է: Մենք ականատեսը դարձանք կեղծիքների՝ ընտրությունների ընթացքում: Եվ ոչ թե դուք եք դա ասում կամ մենք ենք տեսել, այլ միջազգային դիտորդներն են ասում, որ ճիշտ է՝ այս ընտրությունների ընթացքում արձանագրվեց բարելավում, բայց կեղծիքներ եղան այս անգամ էլ: Մենք համաձայն ենք դրան, քանի որ այստեղ էինք 2007-ի մայիսին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ այդ կեղծիքները տեսել ենք մեր աչքերով: Հիմա առավել ցավում եմ, որ կառավարությունն այս գարնանն անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ: Եվ այս պատմության մեջ ամենավատն այն է, որ հայը սպանեց հային (Մուրադ Արթինի երակներում նաեւ հայկական արյուն է հոսում.- Ա. Ի.): Առաջին անգամ նման բան եղավ1999-ին, երբ ձեր խորհրդարանում սպանվեցին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Սա երկրորդ նման դեպքն էր, որի համար շատ-շատ ցավում եմ. անընդունելի էր նման արարքը խաղաղ ցուցարարների նկատմամբ: Հայաստանը կարիք ունի ժողովրդավարության, կարիք ունի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի եւ կարիք ունի արդարության»:

Այս տարվա գարնանը Հայաստանի ժողովրդավարական իրավիճակը քննարկվել էր Շվեդիայի խորհրդարանում՝ հենց Ձախ կուսակցության նախաձեռնությամբ: Եվ Ռիկսդագի պատգամավոր, Ձախ կուսակցության ղեկավար Ուլլա Հոֆմանից երբ երեկ հետաքրքրվեցինք, թե որն է մեր երկրի նկատմամբ նման հետաքրքրության պատճառը, նա վկայակոչեց իրենց իրականացրած ծրագրերը. «Եվ մենք մեզ համարում ենք Հայաստանի իսկական ընկերները: Մենք տեսնում էինք, թե ինչ էր կատարվում, տեսնում էինք, որ ոտնահարվում են մարդկանց իրավունքները: Հաղորդումներ էինք ստանում մեր ընկերներից կատարվողի մասին: Եվ Ձախ կուսակցությունը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտին հարցադրում ուղղեց՝ բացատրե՛ք, թե ինչ է կատարվում, ինչու են բանտերում հայտնվում Հայաստանի խորհրդարանի պատգամավորները: Մենք ուզում էինք իմանալ, թե Կարլ Բիլդտը եւ Շվեդիան ինչ են պատրաստվում ձեռնարկել այս մարդկանց ազատության եւ Հայաստանում ժողովրդավարության վերահաստատման համար»:

Ուլլա Հոֆմանը եւս Հայաստանում էր եղել անցած տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ. «Եվ մենք ականատեսը դարձանք կատարված խախտումների. խոսեցինք մարդկանց հետ, որոնք վաճառել էին իրենց քվեն, նաեւ նրանց հետ, որոնց նկատմամբ իրականացվել էին բռնություններ: Եվ գիտեինք, որ շարունակվելու է նույն իրավիճակը: Բայց հուսով էինք, որ միջազգային հանրության քննադատությունից հետո Հայաստանում կլինեն փոփոխություններ»:

Մեր հարցին, թե այս այցի ընթացքում արդյոք արձանագրե՞լ են իրավիճակի բարելավում՝ Ձախ կուսակցության ղեկավարն այսպես արձագանքեց, թե այցելել էին Հյուսիսային պողոտա եւ զրուցել այնտեղ անցկացվող նստացույցի եւ քաղաքական զբոսանքների մասնակիցների հետ. «Եվ մենք այնտեղ տեսանք բանտերում գտնվող գործիչների կանանց, մայրերին, երեխաներին, որոնք պարում էին: Կարծում եմ, որ շատ ժողովրդավարական եղանակ է նման ձեւերով իշխանությանն անհամաձայնություն հայտնելը: Միջազգային հանրությունը պիտի արձագանքի նաեւ այժմ կատարվողին: Եվ առաջին բանը, որ ես կանեմ Շվեդիա վերադառնալուց հետո՝ դարձյալ հարցադրում կուղղեմ կատարվածի մասին, թե ինչպես է լուծվելու կալանավորվածների, հատկապես՝ բանտարկված պատգամավորների խնդիրը: Ես նաեւ պատրաստվում եմ զեկույց ներկայացնել Շվեդիայում գործող զանազան հասարակական կազմակերպություններին ու պատմել, թե ինչ եմ այստեղ տեսել ու լսել»:

Վերջում հիշեցնենք, որ շվեդ պատգամավորները շատ ակտիվ են նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ հարցերի քննարկումների ժամանակ:

Հ. Գ. «Հա՛-հա՛-հա՛»,- ամեն վանկն ընդգծված արտաբերելով՝ այսպես հեգնալից արձագանքեց Ուլլա Հոֆմանը, երբ ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը հիշեցրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը 2004-ի մարտի 8-ին իրենց անցկացրած ցույցին, որ թերեւս այդ կանայք իրենց ընտանիքներում զրկված են սիրուց եւ ջերմությունից:

Կոնֆերանսի ընթացքում եւս մի ուշագրավ միջադեպ եղավ. ՀԺԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության քարտուղարի տեղակալ Ալլա Հովհաննիսյանը կեսկատակ լուծում առաջարկեց, որ թող Հայաստանի եւ Շվեդիայի ղեկավարները փոխվեն տեղերով: «Շվեդները մեր բարեկամներն են՝ ինչո՞ւ եք նման բան ասում»,- սրտացավորեն արձագանքեց Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել