Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՍԿԶԲՈւՆՔՆԵՐԸ

Սեպտեմբեր 04,2008 00:00

\"\"Ալբերտ Բաղդասարյանը՝ տարածաշրջանային զարգացումների եւ Շավարշ Քոչարյանի մասին

– Ռուս-վրացական նոր հարաբերություններն ինչպիսի՞ անդրադարձ կունենան հայաստանյան զարգացումների վրա:

– Եթե Ռուսաստանի կողմից սկիզբ դրված այս նոր քաղաքականությանը նայենք բացառապես հայկական պրիզմայով, ապա, իմ կարծիքով, մեր հիմնական խնդրի՝ Ղարաբաղի հարցի առումով եւ դրական, եւ բացասական շտրիխներ կան: Դրական է այն առումով, որ աշխարհի եւս մեկ անկյունում իրացվեց ինքնորոշման իրավունքը: Ինչքան էլ հայտարարություններ հնչեն այն մասին, թե Կոսովոն նախադեպ չէ եւ չեն ընդունում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը՝ դա այլեւս փաստ է եւ կարող է նախադեպ դառնալ, եթե երբեւէ աշխարհաքաղաքական հարմար դասավորվածություն լինի եւ Հայաստանն ու Ղարաբաղը համապատասխան ուղի ընտրեն: Բայց կա մի մեծ բացասական բան, որը մեզ մոտ ընդհանրապես աչքաթող է արված. ղարաբաղյան խնդիրն իրավական որեւէ հարթությունում լուծում չունի: Եթե ընդունենք, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իրացվեց ազգերի ինքնորոշման իրավունքը, ապա իրացվեց միայն ուժով: Նույնը եղավ նաեւ Կոսովոյում: Այսինքն, մի գերտերություն, ուժի կենտրոն պետք է շահագրգիռ լինի, որ իրացվի որեւէ ազգի ինքնորոշման իրավունքը:

– Պաշտոնական Հայաստանի կրավորական կեցվածքը կամ գովերգվեց, կամ սուր քննադատության արժանացավ. դուք որի՞ կողմնակիցն եք:

– Եթե նայենք զգուշավորության տեսանկյունից՝ իշխանության կոմպլեմենտարությունը շատ նորմալ է: Ճիշտ է, այն սկզբից միայն ռուսական ուղղվածություն ուներ, բայց երբ գնացքները դադարեցին գալ՝ մեր իշխանությունները հասկացան, որ կոմպլեմենտարիզմը պետք է երկկողմանի լինի: Բայց ողջ հարցն այն է, թե կա՞ արդյոք այն ռեսուրսը, որ ամենագռեհիկ «բազարից»՝ մենք ճանաչում ենք Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ ԼՂՀ անկախությունը՝ նույնը ձեզանից ակնկալելով եւ այլն, թե Հայաստանին կասվի՝ եթե չընդունես, ապա Վրաստանում, խաղաղության գոտում, մեկ անգամ էլ երկաթգիծը կպայթի, ատոմակայանը ոչ թե մեկուկես ամիս, այլ անհայտ ժամանակով կփակվի, միաժամանակ կապի բոլոր օպերատորները վերակառուցումներ կսկսեն: Կա՞ այս շանտաժին դիմակայելու ռեսուրսը. կարծում եմ, որ անցած տարիների ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքում ձեւավորված ոչ լեգիտիմ իշխանությունն այդ քանակը մինիմումի է հասցրել: Հայաստանի իշխանությունը կարող է միայն իր իշխանությունը երկարաձգելու տեսանկյունից հարցը հետաձգելու ուղղությամբ տանել, բայց արդյո՞ք այդ իշխանության երկարաձգումը ՌԴ-ն ավելի բարձր կգնահատի, քան աշխարհաքաղաքական նոր իրավիճակը՝ կորոշի Մեդվեդեւը:

Ես հակված եմ կարծելու, որ Մեդվեդեւը «երկու ոտքը մի մաշիկ կդնի», եւ դրա դիմաց Հայաստանին տեսականում կխոստացվի, որ հետագայում ԼՂՀ հարցում ՌԴ-ն մեր թիկունքին կկանգնի ու դա շատ կնմանվի 1988-ի փետրվարին Սիլվա Կապուտիկյանին եւ Զորի Բալայանին Կենտկոմի կողմից խոստացված վարդերին, իսկ հետո տեսանք, թե ինչ եղավ, այդ թվում նաեւ «կոլցո» օպերացիան:

– Ինչպե՞ս եք այս իրավիճակում գնահատում առաջին նախագահի կեցվածքը, երբ նա անվերապահորեն ողջունեց Ռուսաստանի գործողությունները Վրաստանում:

– Հայկական խորամանկություն է: Կոմպլեմենտարիզմն ընդդիմության կատարմամբ: Ի վերջո, Լեւոն Տեր- Պետրոսյանի ռուսամետությունը նոր չսկսվեց: Բայց այս քայլը, կարծում եմ, հստակ հաշվարկի վրա է հիմնված: Ինչեւէ, ինչքան էլ եվրոպամետ լինենք, միեւնույն է, Մեթյու Բրայզան պաշտպանելու է Ադրբեջանի էներգետիկ տարածքային ամբողջականությունը, ինչքան էլ ռուսամետ լինի Լ. Տեր-Պետրոսյանը՝ համապատասխան առեւտրի դեպքում Մեդվեդեւը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Վատն այն է, որ ժողովրդին են փչացնում: Մարդկանց հոգեբանության մեջ այդպես էլ չի մտնում մի բան, որ քաղաքական դեկլարացիաներն իրական էություն չունեն: Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանը դառնա այնպիսի նորմալ պետություն, որ հային հայրենիք լինի, որ ամենապաշտպանվածը լինի, որ ամենալավ սահմանադրությամբ նորմալ դատական համակարգերն աշխատեն, որից հետո բոլորը կհասկանան, որ քաղաքական լուծումները տվյալ պահի շահեր են հետապնդում:

– Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության մեջ ձեր երբեմնի գործընկերոջ՝ Շավարշ Քոչարյանի նշանակումը փոխարտգործնախարարի պաշտոնում:

– Սա շատ նման է 1998-ի սողացող իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, երբ ԱԺՄ-ն որոշում կայացրեց՝մտնել իշխանության մեջ: Դավիթ Վարդանյանը գնաց վերահսկողական ծառայություն եւ այլն: Մարդ կա՝ իր համար ժամանակ է որոշում եւ սկզբունքներն աշխատեցնում է այնքան, մինչեւ հոգնում է դրանցից: Շավարշ Քոչարյանն այն խելոք մարդկանցից մեկն է, ով, ի վերջո, գտավ իր սկզբունքների գինը: Ի՞նչն է փոխվել մեր երկրում 1992-ից՝ այն ժամանակաշրջանից, երբ Շ. Քոչարյանն ակտիվ ընդդիմություն էր: Այն գաղափարները, հանուն որոնց նա ընդդիմություն էր, որո՞նք են իրականացված: Արդար դատական իշխանություն՝ չունենք, տնտեսական արդար մրցակցություն՝ չունենք, սոցիալական պետություն՝ չունենք, հավասարակշիռ Սահմանադրություն՝ չունենք, արդար ընտրություններ՝ չունենք, իշխանություն ժողովրդի համար՝ չունենք, պետություն, որպես հայրենիք ժողովրդի համար՝ չունենք:

Նույն այսօրվա ընդդիմության հարթակում կանգնածների մեծ մասը, նույնիսկ բանտերում գտնվողների մեծ մասը՝ Գագիկ Ջհանգիրյանն էլ որպես ամենացայտուն ներկայացուցիչ, մինչեւ վերջերս էլ ամենատարբեր իշխանական կառույցներում շատ լավ ներկայացուցիչ էին եւ բավարարված էին այն բաներից, որոնց մասին ես ասում եմ, որ 92 թվականից ոչինչ չի փոխվել: Այնպես որ, Շավարշ Քոչարյանին ցանկանում եմ արտաքին քաղաքականությունում դեպի Եվրոպա՝ ի հակառակ Ռուսաստանի, իր նախագահի եւ նախարարի, կարողանա լուրջ քայլեր անել, եւ մենք դառնանք Եվրամիության անդամ՝ Շավարշ Քոչարյանի դրոշով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել